Հայոց «Տոնացույց»-ում 5-րդ դարից սկսած սահմանվել են օրապահքեր, շաբաթապահքեր, Սուրբ Հարության տոնին նախորդող Քառասնորդաց պահքը: Այն կոչվում է նաև Մեծ, քանի որ «Տոնացույց»-ում ամրագրված միակ երկարատև պահքն է: Սահմանված են շուրջ 160 սննդային պահքի օրեր, սակայն ժողովրդական կենցաղում կան նաև կամավոր պահքեր: Դրանք հիմնականում ուխտի պահքեր են, երբ մարդիկ որևէ նպատակով Աստծու առջև ուխտ են անում և այն իրագործվելու հավատով պահք են պահում: «Պահք» բառը, որի հիմքում ընկած է պահ արմատը, ունի պահել, նաև՝ որոշակի ժամանակ իմաստները: Այսպիսով՝ բառն ինքնին բացատրում է պահքի իմաստը՝ որոշակի ժամանակ զերծ մնալ, սեփական անձը պահել ինչ-ինչ բաներից:
Պահքը ժողովրդի հոգևոր-բարեպաշտական կյանքի դրսևորման ձևերից մեկն է: Ավանդական կենցաղում, մինչև 20-րդ դարի սկիզբները, թե՛ պահքը, թե՛ տոնը, թե՛ պահքից ու տոնից ազատ՝ լուր կոչվող օրերը համընդհանուր երևույթ էին, այսինքն՝ բոլորը հետևում էին այդ օրերին բնորոշ կարգուկանոնին: Վերջիններս վերաբերում էին ընտանեկան, հասարակական, տնտեսական ոլորտներին: Պահքին առնչվող որոշ սովորույթներ ամրագրվել են եկեղեցական կանոններով, մի քանիսն էլ ժողովրդի մեջ պահպանվել են սովորույթի ուժով:
Գրիգոր Լուսավորչի անվամբ ավանդված «Հաճախապատում ճառք»-ում ասվում է, որ պահքի ընթացքում պետք է առավել զգուշանալ մսից և գինուց: Հայոց Եկեղեցու հայրերը պահքի ընթացքում արգելված սննդատեսակների ցանկում ներառել են նաև կենդանական ծագման բոլոր սննդատեսակները և ոգելից ըմպելիքները: Միջնադարյան մի շարք կանոններում հրահանգվում է չորեքշաբթի, ուրբաթ օրերին, շաբաթապահքերին և Քառասնորդական պահքին կերակրի պասը պահել: Խախտողների համար սահմանված են հատուցումներ։ Ընդհանրապես, պահք խախտելը հասարակության կողմից որպես պախարակելի արարք է դիտվել:
Հայոց ավանդական կենցաղում Մեծ պահքի ընթացքում կերել են թթուներ, ընդեղեն (ցորեն, լոբի, ոսպ, սիսեռ, ձավար, բրինձ), հաց, կանաչեղեն, աղանձ, պասուց տոլմա, պասուց գաթա և հալվա, պոչով ապուր, որն անպայման Մեծ պահքի երկուշաբթի պիտի եփվեր: Պասուց սննդակարգը տարածվել է նաև հոգեհացի սեղանի վրա: Եկեղեցական կանոններում և խրատական բնույթի գրվածքներում պահքին մեղր չուտելու հրահանգ չի հանդիպել: Սակայն, ինչպես գրում է Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը, պահքի ուտեստի հետ կապված՝ ժողովուրդն ունի իր պատկերացումները, որոնք կարող են չհամընկնել Եկեղեցու տեսակետին: Կենդանական ծագման ամեն սնունդ ուտիք է, բացառությամբ՝ մեղրի։ Սակայն ազգագրական սկզբնաղբյուրները վկայում են, որ և՛ ավանդական կենցաղում, և՛ այսօր որոշ հավատացյալներ, պահքն առավել խիստ պահելու նպատակով, հրաժարվում են նաև մեղրից:
Հովհան Օձնեցի Հայրապետը (717-728 թթ.), ինչպես նաև այլ կանոնագիրներ, հորդորել են Քառասնորդաց պահքի ընթացքում հարսանիք չանել: Առհասարակ տարվա յուրաքանչյուր չորեքմուտ, ուրբաթմուտ, կիրակմուտ և Մեծ պահքի ողջ ընթացքն առագաստի պահք է՝ համաձայն Եկեղեցու կանոնների:
Մեծ պահքի ընթացքում պսակ չկատարելու արգելքը մեղմացրել է Վազգեն Ա կաթողիկոսը՝ նկատի առնելով այն, որ խորհրդային եկեղեցահալած տարիներին պետք չէր մերժել այն զույգերին, ովքեր անտեղյակության պատճառով ցանկանում էին Մեծ պահքի ընթացքում եկեղեցական պսակով ամուսնանալ։
Ընտանեկան համահավաքի դեր է ունեցել ունեցել ոչ միայն տոնը, այլ նաև պահքը։ Մեծ պահքի առաջին օրը համարվել է ամենակարևոր տոներից մեկը: Այդ օրը բարեկամներն այցելել և շնորհավորել են միմյանց՝ մաղթելով. «Բարով հասնենք Սուրբ Հարության»: Նշանված որդի ունեցող ընտանիքը հարսնացուի տուն ուղարկել է մրգեղեն և նվեր: Այդ օրը հաշտություն և համերաշխություն սահմանելու օր էր: Բոլոր գժտվածները, անգամ թշնամիները, անպատճառ պետք է հաշտվեին, եթե հարկ էր, միջնորդների օգնությամբ: Այս սովորույթից հրաժարվողները զրկվում էին Հաղորդության Սուրբ խորհրդին մասնակցելու իրավունքից: Շատ վայրերում Մեծ պահքի երկուշաբթին հատկացված էր նաև տան մաքրությանը:
Մեծ պահքի առաջին օրն ամեն մարդ եկեղեցի էր գնում, որպեսզի գրվի. եկեղեցու պաշտոնյան կարդում էր «Հավատո հանգանակ»-ը, «Հրաժարիմք»-ը: Ասում էին, որ եթե այդ օրը որևէ մեկը եկեղեցի չգնար, տարեշրջանի մեջ նրա եկեղեցի գնալը երկնքի գրքի մեջ չէր գրվի։
Մեծ պահքի երկուշաբթի եկեղեցի գնալիս տանում էին կերակուրներ: Քահանան ննջեցյալների համար մի ընդհանուր աղոթք էր ասում, ապա բոլորը միասին սեղան էին նստում, հետո յուրաքանչյուրը գնում էր իր ննջեցյալի շիրմին այցելության և օրհնել տալիս այն: Այդ օրը՝ երեկոյան, տղամարդիկ այցելում էին սգավորներին՝ մխիթարելու։ Նույն օրը կանայք հիվանդություն կամ այլ ցավ դարմանելու հավատով գիշերը գաղտնի կերպով երդիկներից տաք հաց էին վար իջեցնում՝ ասելով. «Ո՛վ տաք հաց, դու առ Աստված ելնես, այս ցավն ու չոռը մեր տնիցտեղից վերցնես։ Ո՛վ տաք հացի հրեշտակներ, լսեցե՛ք, առ Աստված միջնորդ եղեք»։ Պահքի ընթացքում շատ կարևոր էր ողորմություն տալը և եկեղեցուն նվիրատվություն անելը: Որոշ վայրերում Մեծ պահքի առաջին օրն ուխտի էին գնում մոտակա սրբավայր:
Ինչպես հորդորում են Եկեղեցու հայրերը, Աստծու կողմից ընդունելի է անարատ հոգով և մաքուր սրտով պահվող պահքը, երբ մարդը զերծ է մնում բամբասանքից, զրպարտությունից, հայհոյանքից, նախանձից, չարակամությունից: Մարմինը հոգու տաճարն է, ինչպես ասվում է Սուրբ Գրքում. «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ» (Ա Կորնթացիս 3:16): Ուստի՝ Եկեղեցու հայրերը հորդորում են պահքի ընթացքում մարմինը ևս մաքրել՝ զերծ մնալով մոլի սովորություններից ու գայթակղություններից:
Պատրաստեց Հասմիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ