Ավագ երկուշաբթի. Տեր Բարդուղիմեոս քհն. Հակոբյան

Ավագ երկուշաբթի. Տեր Բարդուղիմեոս քհն. Հակոբյան

Ավագ երկուշաբթի օրվա խորհուրդը ներկայացնում է «Անպտուղ թզենու» առակը (Մատթ. 21:18-22): Ավագ Երկուշաբթիի շարականի խոսքերի համաձայն խնդրենք Տիրոջից. «Մարդկային մեր բնությունը նորոգող Հիսուս, որ ի խորհուրդ հնացյալ մարդու, այսօր չորացրեցիր անպտուղ թզենին, և մեզ՝ մեղքից հնացյալներիս, նորոգիր անմահ կյանքի համար»:


- Հենց այս շաբաթը համարվեց մյուս բոլոր շաբաթներից ավագը, ինչո՞ւ:
- Այս շաբաթը ներկայացնում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթը. Քրիստոսի Երուսաղեմ մուտք գործելոց մինչև Խաչելություն և Հարություն: Այս ընթացքում Հիսուս, կարծես, վերջնական կրկնում է իր վարդապետությունը, որպեսզի բոլորի մտքում թարմ մնան Իր քարոզչությունը: Այդ իսկ պատճառով այս շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ:


- Ինչու՞ ենք թզենու հետ տեղի ունեցած այդ դեպքը մտաբերում հենց Ավագ երկուշաբթի:
- Այն տեղի ունեցավ Հիսուսի՝ Երուսաղեմ փառավոր կերպով մուտք գործելու հաջորդ օրը: Մենք նույնպես Ավետարանի ոգուն համաձայն (Մատթ. 21:18) Ծաղկազարդի՝ Քրիստոսի երուսաղեմ հրաշափառ մուտք գործելու տոնի (որը միշտ կիրակի է լինում) հաջորդ օրը՝ երկուշաբթի, նշում ենք «Անպտուղ թզենու» հիշատակության օրը:


- Ի՞նչ էր խորհրդանշում անպտուղ և տերևազարդ թզենին առակում:
- Ինչպես մեկնաբանում են մեր եկեղեցու Սուրբ հայրերը, անպտուղ թզենին խորհրդանշում էր Հին Ուխտը, որը թեպետ թզենու պես տերևազարդ ու կատարյալ տեսք ուներ, բայց ներքուստ ոչ մի պտուղ չէր տվել մարդու բարոյական քաղցը հագեցնելու համար:


- Ի՞նչն էր պատճառը, որ Քրիստոս հենց թզենին ընտրեց:
- Կարծում եմ, սա ևս խորհրդանշական էր. Աստվածաշնչից իմանում ենք, որ Ադամն ու Եվան, երբ կերան արգելված պտուղը ու հասկացան, որ մերկ են՝ լսելով Աստծո ոտնաձայները, ամաչելով իրենց մերկությունից, թզենու տերևներով ծածկեցին իրենց մերկությունը. «Երկուսի աչքերն էլ բացվեցին, և նրանք հասկացան, որ մերկ են: Նրանք թզենու տերևներն իրար կարեցին և իրենց համար գոգոնոց կարեցին» (Ծննդոց. 3:7): Քրիստոս ընտրելով հենց անպտուղ թզենին ցույց է տալիս, որ մերկությունը, մեղքը ծածկելը ևս անօգուտ, անպտուղ գործ է: Իրականում, մարդու ներսից պետք է դուրս հանել՝ մեղքը ծածկող բոլոր միջոցները:


- Իր խաչելությունից առաջ Քրիստոս չորացրեց թզենու ծառը, այդ քայլով ի՞նչ էր ցանկանում Նա ցույց տալ։
- Այս քայլով Քրիստոս կարևորում է այն հանգամանքը, որ Աստծո կողմից ստեղծված յուրաքանչյուր արարած՝ մարդ, կենդանի, թռչուն, բույս իր առաքելությունն ունի երկրի վրա: Եթե միայն արտաքին տեսքին են ուշադրություն դարձնում ու շեղվում Աստծո խնամությունից, ի վերջո չորանալու են:


- Ի՞նչ խորհուրդ կտաք Պահքից դուրս եկած մարդկանց այլևս չմեղանչելու և Պահքի ընթացքում ձեռք բերած մաքրության մեջ հարատևելու համար։
- Քրիստոս մեզ զգուշացնում է, շատ զգոն լինել, մշտապես աղոթք անել, միշտ պատրաստ լինել Իր երկրորդ գալստյանը, որը շատ հանկարծակի է լինելու և չսպասված ժամին: Մեծ Պահքը քրիստոնյային տալիս է հնարավորություն աղոթքի ու պահեցողության միջոցով կառուցել մարդու հոգու անվտանգության պարիսպները, իսկ Մեծ Պահքից հետո պետք է զգոն լինել, որ հանկարծ չքանդվեն այդ պարիսպները, որպեսզի նորից չընկնենք մեղքի մեջ: Այդ ամենից խուսափելու միակ միջոցը շարունակաբար աղոթելն է և Աստծուն ապավինելը:


Զրուցեց Մարիետտա Խաչատրյանը

  • 2021-08-09
×