Ավագ երեքշաբթի․ Տեր Աշոտ քահանա Սաֆարյան

Ավագ երեքշաբթի․ Տեր Աշոտ քահանա Սաֆարյան

Ավագ Երեքշաբթի օրվա խորհուրդը ներկայացնում է «Տասը կույսերի» առակը (Մատթ. 25:1-13)̀ ակնարկելով, որ մեր առաքինի գործերի պտուղներով հոգեպես պետք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ գալստյանը:


- Ինչի՞ մասին է պատմում «Տասը կույսերի» առակը։
- Տասը կույսերի առակը պատմում է երկնքի արքայության հոգևոր պայքարի մասին, այսինքն չլինի այնպես, որ ինչ որ մեկը մտածի՝ հասել է հոգևոր առաքինության և այլևս բավարար համարի այդքանը: Եվ երկնքի արքայության պատկերը մեր Տերը ներկայացրեց տասը կույսերի օրիակով, որոնք իրենց լապտերները առած փեսային և հարսին դիմավորելու ելան: Այսպիսով, Տեր Հիսուս Քրիստոս երկնքի արքայությունը համեմատում է հարսանիքի հետ: Աստվածաշնչում կարդում ենք. «Ուրախանանք և ցնծանք ու փառք տանք Նրան, քանի որ հասավ գառան հարսանիքի ժամը, և կինը՝ Նրա հարսը, պատրաստվեց» (Հայտնություն 19:7):
Առակում փեսան Քրիստոսն է, ով Իր երկրորդ գալուստին գալիս է միավորվելու հարսին՝ Եկեղեցուն, իսկ տաս կույսերը Եկեղեցու անդամներն են՝ հավատացյալները, ովքեր իրենց մկրտության պահից որդեգրվել են Աստծուն: Նրանց կյանքի առաքելությունը սրբության ձգտելն է: Առակում ասվում է՝ նրանցից հինգն իմաստուն էին, իսկ հինգը՝ հիմար:
Իմաստունները նրանք էին, ովքեր միայն կուսության առաքինությամբ չէին բավարարվում, այլ նաև ուզում էին շատ այլ որակներ ցուցաբերել՝ սեր, կարեկցանք, ողորմություն: Հիմարները բավարարվում էին միայն կուսության առաքինությամբ, և համարում էին, որ ամեն ինչի հասել են՝ կուսությանը հավատարիմ լինելով:


- Ի՞նչ էին խորհրդանշում այն լապտերները , որ ունեին կույսերը իրենց ձեռքում։
- Առաջին դարում ընդունված էր, որ հարսանիքի ժամանակ փեսան թափորով գնում էր հարսի հետևից: Այդ ընթացքում հարսը հատուկ պատրաստություն էր տեսնում փեսային ընդունելու համար: Պատրաստությունը լինում էր տասը կույսերի հետ միասին, ովքեր լուսավորում էին փեսայի ճանապարհը՝ իրենց ձեռքում գտնվող լապտերներով: Շատ կարևոր էր, որպեսզի կույսերը լապտերները մշտավառ պահեին՝ հակառակ դեպքում, լապտերի մարելը կխորհրդանշեր, որ հարսը պատրաստ չէ, ինչը անարգանք էր: Ուստի, կույսերը պետք է հավուր պատշաճի պատրաստված լինեին, որպեսզի վառված կանթեղներով դիմավորեին փեսային:


- Քրիստոնյաներիս համար ի՞նչ խորհուրդ ունի լույսը․ առակում տեսնում ենք լապտերներ, որոնք միշտ վառվում էին։
- Լապտերը, լույսը կամ ճրագը հոգևոր առաջնորդության խորհուրդ ունի իր մեջ: Ինչպես Դավթի սաղմոսներում է ասվում. «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լուսավորում է իմ շավիղները» (Սաղմոսներ 118:105): Այս խոսքով Դավիթն Աստծո խոսքը որպես առաջնորդություն է համարում, ինչը լույս է տալիս մարդու ոտքերի առաջ:
Չմոռանանք նաև, որ լույսը կամ ճրագը լավագույն քարոզի միջոցն է՝ ուղղված մարդկանց, որովհետև երբեմն խոսքը բավական չի մարդուն առաջնորդելու դեպի Աստծո կամքը, այլ ավելի լավ է, երբ մարդ կարողանում է իր անձի օրինակով հոգևոր պատգամ ուղղել շրջապատին: Ինչպես Տերն է ասում. «Թող այնպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ․ 5:16):


- Ի՞նչ է խորհրդանշում ձեթը, որ ունեին իմաստուն կույսերը իրենց մոտ։
- Ձեթը Սուրբ Գրքում համարվում է, ողորմության, օրհնության արժանանալու խորհուրդ: Հակոբ Նահապետը աղոթքի ժամանակ ողորմության արժանացավ Աստծուց, օծեց վկայության խորանի համար նախատեսված վեմը: Դավիթ թագավորը, թագավոր չեղավ այնքան ժամանակ, մինչև որ Սամուելից ձիթայուղով օծվեց որպես թագավոր:
Սուրբ Գրիգոր Նարեկացին յուղը համեմատում է Աստծուց ողորմություն ստանալու հետ և Սուրբ Մյուռոնին նվիրված աղոթքի մեջ ասում է. «Այնպես էլ այս յուղը, մանանայի նմանությամբ հավասարապես բաշխվում է երկրացիներիս», այդպես էլ իմաստուն կույսերը հույսը դրել էին ոչ միայն իրենց կուսության առաքինության վրա, այլև ջանում էին ողորմության յուղը հավաքել լապտերների մեջ, առատ ողորմություններ գործեին այս աշխարհում, որպեսզի Տիրոջ գալստյան ժամանակ ձեռնունայն չներկայանային, այլ իրենց ողորմությունները ծածկեին իրենց կյանքի թերությունները:


- Առակում խոսվում է այն մասին, որ փեսան ուշանում է, ի՞նչ է խորհրդանշում փեսայի ուշանալը։
- Փեսայի ուշանալը խորհրդանշում է, որ եկեղեցու հավատացյալները չիմանալով Տիրոջ երկրորդ գալստյան ճշգրիտ օրը և ժամն, երբեմն ընկնում են հոգևոր անհոգության մեջ և նույնիսկ նրանք, ովքեր իմաստուն են կոչված, նրանք էլ են ննջում: Ինչպես Դավիթ Սաղմոսերգուն է ասում. «Նախանձեցի ես անորենների հետ, մեղավոների խաղաղությանը», բայց երբ Տիրոջ գալուստն ազդարարվում է, թե իմաստունները, թե հիմարներն ուզում են նորոգել իրենց լապտերներն: Այլ կերպ ասած՝ իմի բերեն իրենց բարի գործերն, Աստծո առաջ ներկայանալու համար:


- Մենք խոսեցինք քրիստոնյայի կյանքում լույսի գոյության մասին, այս դեպքում ի՞նչ էր խորհրդանշում լապտերների մարելը՝ առակում։
- Այն խորհրդանշում է այն հավատացյալներին, ովքեր լինելով եկեղեցու անդամներ, անտարբեր են լինում քրիստոնեական առաքինությունների նկատմամբ: Նրանք իրենց խոսքով են համարում քրիստոնյա, բայց անձնապես չեն ճանաչում Քրիստոսին: Մասնակից չեն դառնում Սուրբ Պատարագին, այլ միայն բավարարվում են՝ ասելով, որ քրիստոնյա ենք: Հավատացեք ,այս կերպ նրանք տրտմեցնում են Տիրոջ հոգին, իսկ իրենց մեջ մարում է Սուրբ Հոգու լույսը:


Զրուցեց Մարիետտա Խաչատրյանը

  • 2021-08-09
×