«Երանի՜ նրանց, որոնք չեն տեսել և սակայն կհավատան» (Հովհ. 20:29)

«Երանի՜ նրանց, որոնք չեն տեսել և սակայն կհավատան» (Հովհ. 20:29)

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Կրկնազատիկը կամ Նոր կիրակին: Այս օրը կոչվում է Կրկնազատիկ երեք պատճառներով, որոնք են ազատությունը, հարությունը և փրկությունը:  


 

Ազատության խորհուրդն այն է, որ Քրիստոս մեզ ազատեց մեր մեղքերից՝ Իր առաջին գալստյամբ: Հարության խորհուրդն ընդգրկված է այն պատճառով, որ առաջին կիրակի օրը Քրիստոս մեզ հարություն պարգևեց Իր Հոգով ու զորությամբ, ինչպես ասում է առաքյալը:  Իսկ երկրորդ̀   մեզ հարություն է տալու ըստ մարմնի, և մեռելներից հարություն առնելով՝ պիտի անմահանանք: Այդ պատճառով էլ այս օրը կոչվում է Կրկնազատիկ, և մեր կրկնակի հարության օրվա պատկերն է:


 

Անդրադառնալով փրկության խորհրդին՝ հիշենք ավետարանական հետևյալ դրվագը, որ պատմում է Հարությունից հետո Վերնատանը Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և անհավատ Թովմասի մասին. «Իսկ Թովմասը՝ Տասներկուսից մեկը՝ Երկվորյակ կոչվածը, նրանց հետ չէր, երբ Հիսուս եկավ: Մյուս աշակերտները նրան ասացին, թե՝ Տիրոջը տեսանք: Եվ նա նրանց ասաց. «Եթե չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»:


 

Ութ օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին. և Թովմասը՝ նրանց հետ: Հիսուս եկավ փակ դռներով, կանգնեց մեջտեղ ու ասաց՝ խաղաղությո՜ւն ձեզ:  Ապա Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը. և բե՛ր քո ձեռքը ու մտցրո՛ւ իմ կողի մեջ. անհավատ մի՛ եղիր, այլ՝ հավատացյալ»:  Թովմասը պատասխան տվեց ու նրան ասաց՝ Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ: Հիսուս նրան ասաց. «Որովհետև դու ինձ տեսար, հավատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել և սակայն կհավատան»» (Հովհ. 20:24-29):


 

Մենք՝ որպես իրական քրիստոնյաներ ունենանք Քրիստոսի այս վերջին խոսքը մեր կյանքի բոլոր օրերում: Այո՛, չափազանց հեշտ է տեսածին հավատալը, հավատալը, երբ կան իրեղեն, շոշափելի ապացույցներ: Ուժը, իրական հավատը հենց այնտեղ են, որտեղ ապացույցներ չկան, քանի որ իրական հավատը կարիք չունի ապացույցների:


 

Թող մեր հավատը չսահմանափակվի այնքան, որ կարիք ունենա ապացույցների, և եթե անգամ սխալվել ենք՝ երկմտելով ու թերահավատություն ցուցաբերելով, անսանք Քրիստոսի կոչին՝ դառնալով հավատացյալ՝ պատասխանելով Նրան. «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ»:

  • 2021-08-09
×