Տիգրան Մանսուրյան
Սրտանց շնորհավորում եմ բոլոր մեր մայրերին, քույրերին, հավատացյալ համայն հայոց աշխարհին Մարիամ Աստվածածնի Սուրբ ծննդյան փառապանծ տոնի առթիվ:
Մաղթում եմ, որ հայոց աշխարհի բոլոր Մարիամները և առհասարակ, հայ կանայք երջանիկ լինեն:
Թող որ վեհ խորհուրդ ունեցող զգացողությունները, որ մշտապես եկեղեցին մեզ հուշում է առ ներողամտություն, համբերություն, առ հավատ, սեր, միաբանություն, մեզ միասնական պահի մեր արժեքների, սրբությունների՝ մեր եկեղեցու, հայոց գրերի, երաժշտության, հայոց լեզվի շուրջ:
Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյան
Ս. Աստվածածնի ծննդյան տոնն ինձ համար մեծ տոն է: Յուրաքանչյուր անգամ եկեղեցի մտնելով՝ ասում եմ. «Մայրիկ, եկել եմ»: Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ հավատի շնորհիվ ենք ազգ դարձել և պահպանվել:
Հավատքով կարելի է ջարդել ամենաբարդ և ամենածանր իրավիճակները:
Սիրով այդ հավատքը կարող է իրական դառնալ, իսկ հույսով հնարավոր է ապրել և ստեղծագործել:
Շնորհավորում եմ բոլորին այս սուրբ տոնի կապակցությամբ և ցանկանում, որ բոլորիս մեջ լինի շատ սեր, հավատանք բարուն:
Գոհար Մարգարյան (6 զավակների մայր)
Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնի առթիվ սրտանց շնորհավորում եմ բոլոր մայրերին՝ մաղթելով քաջառողջություն ու մայրական երջանկությամբ առլեցուն երկար տարիների երջանիկ կյանք: Թող Սուրբ Աստվածամոր օրհնանքը լինի աշխարհի բոլոր մայրերի և նրանց զավակների վրա:
Նելլի Հայրապետյան (5 զավակների մայր)
Սուրբ Կույս Մարիամի ծննդյան տոնի էության գիտակցումով եմ ցանկանում շնորհավորել հայոց և ողջ քրիստոնյա աշխարհի մայրերին, քանի որ Տիրամոր ծննդյան աստվածային նախախնամությունը հետագայում շնորհ բերեց մեզ՝ քրիստոնյաներիս, ճանաչելու աշխարհիս անցողիկությունն ու երկնային Երուսաղեմի փառավոր հավիտենականությունը:
Աստվածամոր անքննելի հոգու խոնարհությունն եմ ցանկանում մեզ՝ հայոց մայրերիս, որի դրսևորումներից կցանկանայի լիներ նաև որդեծնությունը՝ հայոց աշխարհի փառավոր պատմության շարունակության կարևոր նախապայմանը: Անդրադառնալով խոնարհությանը` աղոթք ուղղենք սուրբ Մարիամ Աստվածածնին ի բարեխոսություն քրիստոնյային մշտապես ուղեկցող չարի փորձություններից:
Անկանիմք առաջի Քոյ, սուրբ Աստուածածին, եւ աղաչեմք զանարատ զկոյսդ, բարեխօսեա վասն անձանց մերոց, եւ աղաչեա զմիածին Որդիդ փրկել զմեզ ի փորձութենէ եւ յամենայն վտանգից մերոց: