Աշխարհահռչակ ոսկերիչ-արվեստագետը` Պյոտր Կառլ Ֆաբերժեն

Աշխարհահռչակ ոսկերիչ-արվեստագետը` Պյոտր Կառլ Ֆաբերժեն

Պյոտր Կառլ Ֆաբերժեի հայրը` Գուստավ Ֆաբերժեն, ծագումով հուգենոտ էր (ֆրանսիացի բողոքական): Նա համեստ ոսկերիչ էր և սկսել էր իր գործը 1841թ.` Պետերբուգում հիմնելով ոսկերչական փոքրիկ արհեստանոց: 1860թ. 14-ամյա Կառլը ծնողների հետ միասին տեղափոխվում է Դրեզդեն, որտեղից հայրը նրան ուղարկում է Եվրոպա` ճանապարհորդելու: Կառլը տևական ժամանակահատվածներով մնում է Մայնի Ֆրանկֆուրտում, Ֆլորենցիայում և Փարիզում: 1866թ. վերադառնալով Պետերբուրգ, Կառլ Ֆաբերժեն, լինելով արդեն լիիրավ վարպետ, սկսում է աշխատել հոր մոտ և 1872թ. դառնում հոր արհեստանոցի տերը:
 

Կայսեր կաբինետի հաշվառման գրքերում կան վկայություններ այն մասին, որ կայսերական պատվերների համար Կառլ Ֆաբերժեն մրցակցում էր առավել հայտնի ոսկերիչների հետ: Սկզբնապես կայսերական պատվերներում նրա մասն աննշան էր, սակայն տարիների ընթացքում նրան հաջողվում է նվաճել պալատական պաշտոնյաների համակրանքը` Էրմիտաժի ոսկերչական իրերի գնահատաման, նորոգման և վերականգնման անվճար ծառայությունների միջոցով: Ցուցանմուշներն անարգել դիտելու հնարավորությունը նրան թույլ էր տալիս ուսումնասիրել հին ոսկերիչների տեխնիկական գործելաոճը, տարբեր դարաշրջանների զարդերի ոճային լուծումներն ու առանձնահատկությունները:


Հասարակության պահանջով և ճաշակով պատրաստված ամենատարբեր կենցաղային իրերից` ծխախոտատուփերից, լամպերից, զանգերից, ժամացույցներից, յուրաքանչյուրն առանձնանում էր հնարամտությամբ, նրբաճաշակ ձևով և կատարելությամբ: Մշտական նորարարության շնորհիվ նա հեշտությամբ առաջ էր անցնում իր մրցակիցներից: Նորարարության այդ ձգտումն էր նրան մղում յուրաքանչյուր տարվա վերջին ձուլման ուղարել չվաճառված բոլոր աշխատանքները: Մի հարցազրույցում Ֆաբերժեն հպարտությամբ ասում է. «Եթե համեմատենք իմ աշխատանքներն այնպիսի ֆիրմաների հետ, ինչպիսիք են Տիֆանին, Բուշերանը, Կարտյեն, ապա հավանաբար նրանց աշխատանքներում թանկարժեք նյութերն ավելի շատ լինեն. նրանց մոտ կարող է լինել 1,5 միլոն ռուբլի արժողության վզնոց: Սակայն նրանք լոկ առևտրական են, այլ ոչ թե ոսկերիչ-արվեստագետ: Ինձ քիչ է հուզում թանկարժեք իրը, եթե նրա գինը միայն տեղադրված բազում ադամանդներն ու մարգարիտներն են»: 


Ռոմանովների տան 300-ամյակի ճոխ տոնակատարությունը Ֆաբերժեի համար նշանավորեց պատվերի քանակի կտրուկ աճ: Նա նախագծեց և պատրաստեց Ռոմանովների տան խորհրդանշանը և 1613-1913 տարեթվերը կրող բազմաթիվ իրեր և ոսկերչական զարդեր` կրծքազարդեր, քորոցներ, գնդասեղներ, ծամակալներ:
1914թ. սկսված Առաջին Համաշխարհային պատերազմով Ֆաբերժեի համար ավարտվեց կայսերական առատաձեռնության և հովանավորչության ժամանակաշրջանը, հաղթանակներին հաջորդեցին ծանր կորուստներ, բոլորի համար եկան դժվար ժամանակներ:


1916թ. նոյեմբերի 16-ին Ֆաբերժեն, որպես դժվար ժամանակներում զգուշության միջոց, մի քանի վարպետների հետ համատեղ կազմավորեց բաժնետիրական ընկերություն: Սակայն 1917թ. կործանարար էր. Փետրվարյան հեղափոխություն, թագավորի գահընկեցություն, ցարական ընտանիքի ձերբակալում և, ի վերջո` Հոկտեմբերյան հեղափոխություն: Ֆիրման անցավ այսպես կոչված «Ֆաբերժե ընկերության աշխատողների կոմիտե»-ին և շարունակեց այդ կարգավիճակում գործել մինչև 1918թ. նոյեմբերը: 1917թ. վերջին Կառլ Ֆաբերժեն փակեց Մոսկվայի Բոլշայա Մորսկայա փողոցում գտնվող իր տունը` ունեցվածքը վստահելով Էրմիտաժի տնօրենին: Ֆաբերժեն մեկնեց Ռիգա, այնտեղից` Բեռլին, ապա` Համբուրգ, Վիսբադեն, որտեղ էլ հիվանդացավ: 1920թ. հունիսին նրա կինը և որդին նրան տեղափոխեցին Լոզան, որտեղ էլ նա 1920թ. սեպտեմբերի 24-ին մահացավ և իր իսկ ցանկությամբ դիակիզվեց: Ֆաբերժե ընտանիքի` Ռուսաստանում մնացած և «մինչև լավագույն ժամանակները» թաքցված ամբողջ հարստությունը բռնագրավվեց և թալանվեց:


Առաջին զատկական ձուն 1885թ. Ֆաբերժեին պատվիրեց Ալեքսանդր Երրորդ ցարը: Շնորհիվ վայրկենական հաջողության` Ֆաբերժեն ստացավ կայսերական պալատի մշտական պատվերները և սկսեց պատրաստել զատկական ձվեր, ընդհանուր առմամբ` 54 զատկական ձու: Մինչև մեր օրերը պահպանվել է 45 զատկական ձու` պատրաստված թագավորի պատվերով, պահպանվել է ևս մեկ զատկական ձվի լուսանկարը, կա 5 զատկական ձվերի նկարագրությունը: Պահպանվել է նաև 2 անավարտ զատկական ձու, որոնց պատրաստման աշխատանքները կատարվել են 1917թ.: 


19-րդ դարի վերջում Ռուսաստանի և Արևմուտքի արվեստում ակտիվորեն յուրացվում էին նախորդ դարաշրջանների ոճերը: Ֆաբերժե տան աշխատանքներում կան ժողովրդական արվեստի, նրբաճաշակ գոթական, ռոկոկո ոճերի, կլասիցիզմի, շքեղ բարոկկո և մոդեռն ոճերի տարրեր: Ոսկերչական տան նկարիչ-դիզայներների և վարպետների ստեղծագործական երևակայությունը, ավանդույթները համադրելու և ընդհանրացնելու, դրանց պահպանելու և անհատականություն, արդիականություն հաղորդելու ձգտումը, տեխնիկական նոր գործելաոճերի մշակումը պայմանավորեցին հաջողությունը: Դառնալով ոսկերչական տան ղեկավար և լինելով խելացի, աշխույժ, փայլուն կազմակերպիչ, Կառլ Ֆաբերժեն ընդլայնեց ընկերությունը, ֆիրման հայտնի դարձավ, մեծացավ պատվերների թիվը: Պահանջարկի բավարարման նպատակով մասնաճյուղեր բացվեցին Մոսկվայում, Օդեսայում, Լոնդոնում, Կիևում, Բանգկոկում: Ֆիրման պատրաստում էր ոսկե, էմալե, արծաթե զարդեր, ոսկերչական իրեր Արմուտքի և Արևելքի միապետների համար, յուրօրինակ զատկական նվեր-անակնալներ ցարական ընտանիքի համար, եկեղեցական իրեր, հուշանվերներ, լուսանկարի շրջանակներ, կենդանիների և մարդկանց նրբագեղ արձանիկներ, խաղալիքներ, ժամացույցներ, բնական քարերից ծաղկեփնջեր, ծխախոտատուփեր, ճաշասեղանի սպասք և այլն:


1882թ. Մոսկվայում տեղի ունեցած Համառուսաստանյան արդյունաբերական-գեղարվեստական ցուցահանդեսում Ֆաբերժե տունն առաջին անգամ ներկայանալով` մեծ հաջողություն ունեցավ: Ցուցահանդեսի կատալոգում կան տվյալներ տան ներկայացրած աշխատանքների մասին, դրանց թվում` ադամանդե մասրենի, մանյակ, ծաղկեփունջ, թևնոց, տերևի տեսքով կրծքազարդ և այլն:


1885թ. Ալեքսանդր Երրորդ ցարը Կառլ Ֆաբերժեին շնորհեց «Պալատական մատակարար» կոչումը և իրավունք` ֆիրմայի ցուցանակի վրա ունենալ պետական գերբի պատկերը:


1900թ. Փարիզում տեղի ունեցած Համաշխարհային ցուցահանդեսը Ֆաբերժե տանը համաշխարհային հռչակ բերեց: Ցուցադրված բազմաթիվ աշխատանքների թվում էին ցարական մեծ և փոքր թագերը, ցարական իշխանության խորհրդանիշները` պատրաստված թանկարժեք մետաղներից և քարերից: Ֆաբերժեն ստացավ գլխավոր մրցանակը և Պատվո Լեգիոնի շքանշան (ֆրանսիական պատվանշան): Այդ հաջողությունից հետո ֆիրման դարձավ Եվրոպայի բոլոր, առաջին հերթին` Անգլիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Գերմանիայի, Դանիայի, Ֆրանսիայի թագավական տների ոսկերչական իրերի մատակարարը:


Ցարական պալատի պատվերով Ֆաբերժե տունը պատրաստում էր դիվանագիտական նվերներ` հատուկ առիթներով, օրինակ` դեկորատիվ սկահակ` Բիսմարկի համար, նեֆրիտե պսակ Շվեդիայի Օսկար Երկրորդ թագավորի գերեզմանի համար, Բուդդայի նեֆրիտե արձանիկ և կանթեղ` Սիամի պալատական եկեղեցու համար և այլն:
Ցավոք, Ֆաբերժե տան աշխատանքների հսկական քանակ հեղափոխության ժամանակ և հատկապես 1920-1930թթ. Ռուսաստանից դուրս բերվեց և ցրվեց ամբողջ աշխարհում: Դրանց մեծ մասն այժմ պահպանվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի բազմաթիվ թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:


Մարտի 19-ին Կոստրոմայի Պալատական ժողովի շենքում, Ռոմանովյան փառատոնի շրջանակներում բացվեց Ֆաբերժե տան աշխատանքների ցուցահանդես, որտեղ ներկայացված են շուրջ 150 աշխատանքներ` հավաքածուների մաս կազմող, թանկարժեք քարերով զարդարված ձվեր, ոսկե ծամակալներ և կրծքազարդեր, բուխարու ժամացույցներ և այլն:


Ցուցանմուշները բերվել են Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքի` 2009թ. մայիսին բացված մասնավոր թանգարանից: Ցուցանմուշերի թվում է կարելական կեչու փայտից, ոսկուց և արծաթԻց պատրաստված կայսերական զատկական ձուն, որի արժեքն ամենահամեստ հաշվարկներով գերազանցում է մի քանի միլիոն եվրոն: Յուրօրինակ է նաև գլխարկի կցասեղը` զարդարված թանկարժեք քարերով: Այն պատրաստված է ոսկուց, արծաթից, ադամանդներից, ալմաստներից և սապֆիրներից: 1780թ. ի վեր զարդը պատկանել է Ռուսաստանի Ելիզավետա Երկրորդ թագուհուն: Այնուհետև Նիկոլայ Առաջին թագավորն այն նվիրել է դստերը` Մարիա Նիկոլաևնա մեծ իշխանուհուն:


Ռուսերենից թարգմանությունը` Լարիսա Նավասարդյանի

  • 2021-08-09
×