Վեգրևիլ. Աշխարհի ամենամեծ զատկական ձուն Կանադայում է: Ուկրաինական ոճով զատկական ձուն կամ «Պիսանկա»-ն պատրաստվել է 1975թ.` ի հիշատակ Էդմոնթոնի շրջանում վաղ ուկրաինացիների վերաբնակման:
Ձվի ինքնատիպ բնույթը և երկրաչափական բարդ ձևը նրա դիզայնը դարձրել են շատ բարդ ձեռնարկում: Յութայի համալսարանի համակարգչային մասնագետ պրոֆեսոր Ռոնալդ Ռեշը ստանձնեց դիզայնի նախագիծը: Պրոֆեսոր Ռեշը պատասխանատու էր զատկական ձվի դիզայնի համար, ինչը պահանջում էր համակարգչային նոր ծրագրերի մշակում: Իրականում զատկական այս ձուն մանր կտորներից հավաքված նկար-գլուխկոտրուկ է` կազմված 524 աստղանախշերից, 2,206 հավասարակողմ եռանկյունիներից, 3,512 տեսանելի նիստերից, 6,978 պնդօղակներից ու հեղույսներից և 177 ներքին պահանգներից:
Համաշխարհային ճանաչումը. Պրոֆեսոր Ռեշի ղեկավարությամբ ընթացող աշխատանքի արդյունքում Վեգրևիլի զատկական ձուն հայտնի է ամբողջ աշխարհում ոչ միայն որպես մաթեմատիկական, ճարտարապետական և ճարտարագիտական (ինժեներական) ինը գլխավոր սկզբունքների իրագործում, այլև ինքնատիպ գեղարվեստական գլուխգործոց: Նրա դիզայնը ձվի առաջին համակարգչային մոդելավորումն է:
Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից ժամանում են Վեգրևիլ` հիանալու «Պիսանկա»-ով: Նրա երկարությունը 25,7 ոտնաչափ է (7,83 մետր), լայնությունը` 18,3 ոտնաչափ (5,58 մետր), տեղադրված է 31,6 ոտնաչափ (9,63 մետր) բարձրության վրա: Այն “Trans Canada Yellowhead Highway” մայրուղու վրա գտնվող և զբոսաշրջիկներին գրավող առաջին տեսարժան վայրն է: Էդմոնթոնում գործող “Cessco International Ltd.” ընկերության արտադրած 2,000 ֆունտ (908կգ) կշռով ալյումինե զանգվածը 177 պտուտակավոր պահանգներով ամրացված է կենտրոնական կայմին 30 աստիճան անկյան տակ: Ձուն տեղադրված է 27,000 ֆունտ (12258կգ) կշռով բետոնե և պողպատե պատվանդանի վրա և քամու ժամանակ հողմացույցի նման պտտվում է:
Խորհրդանշական իմաստը. Ավանդական զատկական ձվերի դիզայնի ոլորտում հեղինակություն համարվող Փոլ Սեմբալյուկը օգտագործել է երեք գույն` բրոնզագույնը, արծաթագույնը և ոսկեգույնը, որպես բարեկեցության խորհրդանիշ: Բրոնզագույնը դիզայնի գերիշխող գույնն է և խորհրդանշում է երկիր մոլորակը, որի վրա մեր նախահայրերը պայքարել են ապրելու և գոյատևելու համար:
Դիզայնը բաղկացած է հինգ հստակ խորհրդանիշներից: Եզրերին պատկերված ճառագայթող ոսկեգույն աստղերը խորհրդանշում են կյանքը և բարեբախտությունը: Միմյանց հաջորդող ոսկեգույն և արծաթագույն եռաթև աստղերը խորհրդանշում են Սուրբ Երրորդությունը, մեր նախնիների նվիրվածությունը հավատին: Արծաթագույն չընդհատվող շրջանագծերը խորհրդանշում են հավերժությունը: Կենտրոնական հատվածի հողմաղաց հիշեցնող ոսկեգույն և արծաթագույն վեցաթև աստղերը խորհրդանշում են առատ բերքը: Արծաթագույն շրջանագծերից սկիզբը առնող և դեպի կենտրոն ուղղված գայլի ատամներ հիշեցնող պատկերներն արտահայտում են հիմնական ասելիքը` պաշտպանվածության և ապահովության զգացումը, որ ներշնչում է Կանադայի Արքայական Հեծյալ ոստիկանությունը:
Ցուցանակի վրա անգլերեն, ուկրաիներեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով հետևյալ մակագրությունը կա. «Զատկական այս ձուն խորհրդանշում է մեր համայնքի ներդաշնակությունը, կենսունակությունն ու մշակույթը և նվիրված է 100-ամյա հոբելյանին Կանադայի Արքայական Հեծյալ ոստիկանության, որը խաղաղություն և ապահովություն բերեց Կանադայի խոշորագույն բազմամշակույթ բնակավայրին»:
Անգլերենից թարգմանությունը` Լարիսա Նավասարդյանի