Մի՛ ապականեք Աստծո տաճարը՝ ձեր հոգիները. Ներսես Շնորհալի

Մի՛ ապականեք Աստծո տաճարը՝ ձեր հոգիները. Ներսես Շնորհալի

Ինչպե՞ս պետք է ապրի քրիստոնյան․ սովորեցնում է Ամենայն Հայոց Կաթողիկոս, բանաստեղծ, աստվածաբան, երգահան Սուրբ Ներսես Շնորհալին (Ներսես Դ Կլայեցի) իր «Թուղթ ընդհանրական»-ում: Այն նամակ, կոնդակ է՝ ուղղված համայն հայությանը: Միջնադարի մեծ մտածողն իր թղթում անդրադառնում է քրիստոնեական հավատքի հիմքը հանդիսացող ճշմարտություններին: 

 

Երկրագործներին և համայն ժողովրդին

 

«Լսե՛ք և դուք, երկրագործներ և համայն ժողովուրդ, Աստծո պատվիրանի խրատը, որն ավանդում ենք ձեզ: Առավելաբար, դուք կարիք ունեք հոգևոր դեղի ձեր հոգիները բժշկելու համար, որպեսզի առողջանաք մեղքերի հիվանդությունից:

 

  • Աղաչում եմ ձեզ՝ անցավոր կյանքի մարմնական հեշտությամբ մի՛ կորցրեք հոգիների հավիտենական հանգիստը, որ երկնքի արքայության մեջ վայելում են սրբերը: Եվ որովհետև տաճարն եք Աստծո, ինչպես ասաց առաքյալը, Աստծո հոգին բնակվում է ձեր մեջ՝ Ավազանի մկրտությամբ: Պղծալի պոռնկությամբ և շնությամբ մի՛ ապականեք Աստծո տաճարը՝ ձեր հոգիները, որպեսզի Աստված էլ ձեզ չապականի Դատաստանի օրը գեհենի հրով»: 

 

  • «Ձեր լեզուն սատանայի գործիքի մի՛ վերածեք՝ չար և դառը հայհոյանքներով: Նա, ով հավատքն է անարգում, ոչ թե մարդուն է անարգում, այլ՝ Աստծուն, քանզի ամեն աստվածապաշտի հավատքը Աստված է: Նա, ով մկրտությունն ու մկրտիչ քահանային է անարգում, այդ անարգանքը Սուրբ Հոգու նկատմամբ է, քանզի մկրտողը նրանով է ծնվում Ավազանից: Նա, ով մարդու հոգին և անձն է անարգում, նորից Աստծուն է վերաբերում հայհոյությունը, քանզի անձը Աստծո պատկերն է: Մի՛ տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգուն նման զազրելի և աղտոտ խոսքերով, որպեսզի Աստծո Հոգին չհեռանա ձեզանից, որ ձեր մեջ բնակվեց Ավազանով և Նրա փոխարեն՝ սատանայի հոգին մտնի և բնակվի ձեր սրտում»:

 

  • «Մի՛ արբեք գինով, որում զեխություն և հիմարություն է, որ մայր է պոռնկության, ամեն տեսակ պղծությունների, անիրավության, վեճի, անարգալից աղտոտ խոսքերի, որից լինում են սպանություններ, որպեսզի, ըստ առաքելական խոսքի, մարդասպանների և չարագործների հետ չարտաքսվեք Աստծո արքայության ժառանգությունից: Եթե ձեզանից մեկը այս կամ այլ հանցանքներով մեղանչի Աստծո դեմ, մինչև վախճանի օրը թող չմնա միշտ նույն աղտեղի սովորության մեջ, այլ խոստովանությամբ և ապաշխարությամբ քավի իր հանցանքները և այնուհետև չարի փոխարեն բարի գործի»:

 

  • «Ձեր մանուկներին Աստծո երկյուղով սնուցեք՝ խրատելով նրանց, որ մանուկ տարիքից լինեն աստվածասեր, ողորմած ու աղոթասեր: Աղոթք սովորեցրեք նրանց և սաստեք, որ աղոտ խոսքեր և հայհոյանքներ չսովորեն, քանզի մանուկ հասակում ծնողների խրատը ավելի անջնջելի հիշողությամբ է դրոշմվում մանուկների մտքում, դրա փոխարեն բարիքների վարձքը պիտի ընդունեք Տիրոջից»:

 

  • «Եվ գլխավորը բարիքների՝ իրար հանդեպ սեր ունեցեք, նաև աղքատների, մերկերի, հյուրերի, բանտարկյալների և հիվանդների նկատմամբ՝ կարեկցություն և ողորմություն, որով աղքատության ժառանգորդ կլինեք Հիսուս Քրիստոսով»:

 

Կանանց

 

  • «Պատվիրում եմ ձեզ՝ կանանց, որ պարկեշտ ու բարեձև լինեք ամեն ինչում, ինչպես վայել է քրիստոնյաներին: Ոսկուց ու արծաթից ավելի ձեր անձերը զարդարեք ամոթխածությամբ և պատկառանքով»:

 

  • «Ոչ ոք թող չնմանվի օձին՝ անօրենության գործիք դառնալով սատանային, ում նաև կավատ են անվանում, քանզի ինչպես նա խաբեությամբ մահվան պտուղը ուտել տվեց Եվային, նույնպես էլ անմիտ կանանց և արանց ճաշակել է տալիս մահաբեր մեղքերի պտուղը, որը սկզբում անմիտներին քաղցր է երևում, իսկ վերջում՝ լեղուց ավելի դառը»:

 

  • «Թող որևէ մեկը սատանայական կախարդության ու աղանդավոր դեղատվության չհետևի, եթե այլ մեղքերը վնասում են (հավատքի) գործերին, ապա սա՝ հավատքին, քանզի կախարդությունը սատանայից է: Եթե մեկը նախ Աստծուց չհեռանա և իրեն սատանայի պաշտոնյա և երկրպագու չանի, չեն հաջողվի կախարդությունները: Հետևաբար աղաչում ենք՝ հեռացե՛ք այդպիսի մեծ և աններելի չարիքներից, որպեսզի սատանայի հետ գեհենի հրին չդատապարտվեք, քանզի սա կռապաշտների գործն է և ոչ՝ քրիստոնյաների: Քրիստոս Իր գալստյամբ վերացրեց կուռքերի մոլորությունները ու սատանայի չար գործերը»:

 

Աշխարհի իշխաններին

 

  • «Վրիժառու և քինախնդիր մի՛ եղեք, որի համար Եսայի մարգարեն նախատում է Իսրայելի իշխաններին, այլ ըստ Քրիստոսի պատվիրանի, եղե՛ք ներող և համբերող բոլոր նրանց հանդեպ, ովքեր ձեր դեմ մեղանչել են, որպեսզի դուք էլ քաղցրություն ու բարերարություն ընդունեք Նրանից՝ ըստ խոսքի, թե «Մի դատեք և չեք դատվի», որովհետև ինչ չափով, որ չափեք, նրանով կչափվի»:

 

  • «Սուտն ու խաբեությունը, որոնք ըստ Քրիստոսի, չարից՝ սատանայից են, թեև բոլորին են վնասում, բայց առավելապես՝ մեծամեծերին և իշխաններին, քանզի փոքրը ջանում է ստով իր խոսքը հաստատել և հավատացնել, որովհետև անզոր է, իսկ մեծը, որ իշխանաբար կարող է իր ուզածը անել, ավելի հանցավոր է լինում, երբ արհամարհում է իրավունքը: Դարձյալ ռամիկ մարդը, երբ ստում է կամ այլ վատ բան գործում, այնքան ակնհայտ չի լինում, ոչ էլ հրապարակայնորեն նախատվում, իսկ մեծի պարագայում փոքր սխալն իսկ պատճառ է դառնում, որ մերձավորներն ու հեռավորները հայհոյեն և թշնամություն անեն: Մեծերի պատվիրանազանցությունները նաև առիթ են տալիս, որ չարը սիրողները չարության օրինակ առնեն նրանցից: Ուստի աղաչում եմ՝ մի՛ խաբեք և մի ստեք՝ ոչ ձեր հպատակներին, ոչ էլ օտարներին, այլ երբ որևէ մեկին խոսքով բարիք խոստանաք, նույնը գործով կատարեք, քանզի այն հաճո է և՛ Աստծուն, և՛ մարդկանց, և՛ բոլոր բերաններից ձեզ գովեստի պատճառ կլինի»: 

 

Հատվածները՝ Ս. Ներսես Շնորհալի «Թուղթ ընդհանրական»

 
  • 2025-06-04
×