Վերին Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցին շրջապատված է բնակելի շենքերով: Եկեղեցու բակը զարդարում է խաչքարերի պուրակ-ճեմուղին. համայնքի ու բարերարների ջանքերով են տեղադրվել բազմաթիվ խաչքարերը։ Եկեղեցին, թեև փոքր է, սակայն այնտեղ շատ մեծ սեր կա, պնդում են համայնքի անդամները:
Սրբոց Առաքելոց եկեղեցին կառուցվել է 2019 թվականին բնակիչների և բարերար Աղվան Ավագյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ։ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվել է 2019 թվականի նոյեմբերի 30-ին՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության օրը, անվանակոչվել է նրանց հիշատակին։ Սրբոց Առաքելոց եկեղեցին կենտրոնագմբեթ, խաչաձև հիմքով կառույց է, որին 2020 թվականին ավելացել է նաև գավիթ, ճարտարապետը Հակոբ Բաբախանյանն է։
«Համայնքի համար խիստ անհրաժեշտություն է եղել եկեղեցու կառուցումը: Եկեղեցին մեծ փոփոխություն է բերել համայնքի բնակիչների կյանքում: Այժմ ակտիվ մասնակցում են ժամերգություններին, Սուրբ Պատարագին: Համայնքի անդամները մեր եկեղեցուն անվանում են դրախտիկ, փոքրիկ դրախտ: Նավասարդ Սրբազանը եկեղեցուն տվել է այս բնորոշումը՝ փոքր եկեղեցի՝ մեծ առաքելությամբ: Փորձում ենք շարունակել մեր գործունեությունը այս կարգախոսով»,- նշում է եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Մարուքյանը:
Տեր Հովհաննեսն այս համայնքում է ծառայում 2022 թվականից:
Թեև եկեղեցին փոքր է, սակայն կիրակնօրյա դպրոցում գործում է 3 խումբ: Դպրոցի ուսուցչուհին հիշում է տարիներ առաջ, եթե 7, 8 երեխա էր հաճախում, այսօր սաների թիվը 40-ից ավելի է:
«Երեխաները ստանում են քրիստոնեական դաստիարակություն, հոգևոր գիտելիքներ նաև ուսումնասիրում ազգայինը, սովորում ձեռագործություն, տոներին ներկայացնում իրենց ձեռքի աշխատանքները: Մեր նպատակն է, որ ամուր կապ հաստատվի Աստծո հետ, երբ մեծանան երեխաները, իմանան՝ ուր են գնում և ուր պետք է գնան»,- նշում է եկեղեցու կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Ստելլա Հարությունյանը:
Սրբոց Առաքելոց եկեղեցու երիտասարդաց միության անդամները հարստացնում են իրենց հոգևոր գիտելիքները՝ մասնակցելով հանդիպումների, իրականացնում են տարբեր միջոցառումներ, ծրագրեր, որ տեղի բնակչությունն ամրապնդի կապը եկեղեցու հետ: Երիտասարդաց միության ատենապետը՝ Գրետա Գրիգորյանը, որը մասնագիտությամբ հաշվապահ է, նշում է երիտասարդությունը շատ կարևոր շրջան է մարդու կյանքում: Երբ ստանում ես հոգևոր դաստիարակություն, այն օգնում է՝ ճիշտ կառուցելու կյանքը: «Մեր միությունում տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են հավաքվել: Յուրաքանչյուրս փորձում ենք օգտակար լինել, ինչպես հնարավոր է, մեր ծառայությունը բերել եկեղեցուն, Աստծո տանը»,- նշում է Գրետան:
Երիտասարդաց միությունը գործում է 3 տարի: Անդամների թիվը թեև շատ չէ, մոտ տասը հոգի են, սակայն միության ատենապետի խոսքով՝ շատ ակտիվ են ու հավատում են, որ միասին կարող են շատ բան փոխել: Չէ՞ որ իրենց եկեղեցին փոքր լինելով հանդերձ, մեծ առաքելություն ունի:
Անի Ավագյան