Արդեն 2000 և ավելի տարի է անցել, ինչ Հիսուս Քրիստոս հայտնվել է մարդկությանը: Մարդկության Փրկիչը ծնվեց հրեական փոքրիկ մի քաղաքում, չունևոր ընտանիքում, ապրեց 33 տարի, ընդ որում Իր կյանքի վերջին երեք տարիները նվիրեց մարդկությանը ծառայելուն: Սակայն այդ երեք տարիները հիմնովին հեղաշրջեցին մարդկության կյանքը, փոխեցին ավելի, քան դարերն ու հազարամյակները: Անկասկած Մեր Տերն ապրեց հողագնդի վրա ամենանշանակալի կյանքը. կյանք, որը մարդկության համար դարձավ ճշմարտության ուղենիշ:
Քրիստոսի առաքելության յուրաքանչյուր ակնթարթն իր մեջ մարդկային մի ամբողջ կյանքի փորձառություն էր բովանդակում: Այն փշուր-փշուր էր անում մարդկային քարացած սրտերը` լցված մատնությամբ և ուրախությամբ, ագահությամբ ու եսասիրությամբ, վախկոտությամբ ու թերահավատությամբ, երեսպաշտությամբ ու կեղծավորությամբ… Սակայն այս ամենը դատապարտություն չէր, այլ մարդկային տկարությունների բժշկություն, կյանքի նոր իմաստավորում, հույսի, հավատքի ու սիրո հաստատում: Խաչելությունից ու մահվանից հետո Հիսուսի Մարմինը դրվեց վիմափոր մի գերեզմանում, որի մուտքը փակվեց հսկայական քարով: Գերեզմանը հռոմեական կնիքով կնքվեց, և մուտքի մոտ, գերեզմանը խիստ հսկողության տակ առնելու նպատակով, հռոմեացի զինվորներ կարգվեցին: Թվում էր, թե փարատված է Մարմինն աշակերտների կողմից գողացվելու և երրորդ օրը հարություն առնելու՝ հրեա քահանայապետերի մտավախությունը: Չէ՞ որ նա, ով կհամարձակվեր խախտել հռոմեական կնիքը, մահվան կդատապարտվեր` գլխիվայր խաչվելով: Բացի այդ, հռոմեական զինվորական օրենքի համաձայն` այն զինվորները, ովքեր կքնեին կամ ինքնակամ կլքեին պահակակետը, նույնպես մահապատժի կենթարկվեին: Այնուամենայնիվ, երրորդ օրը Քրիստոսի մարմինը գերեզմանում չէր: Պահակախումբը փախել էր, հսկայական քարը ոչ միայն շարժվել էր, այլ կարծես խնամքով բարձրացվել և գերեզմանից հեռու էր տարվել: Ի՞նչ էր եղել մարմինը, ինչո՞ւ ոչ ոք այդպես էլ չկարողացավ գտնել այն…
Հնարավո՞ր է, որ մարմինը փախցրել էին իշխանությունները: Եթե այդպես է, ապա երբ աշակերտները սկսեցին քարոզել Քրիստոսի Հարությունը, իշխանությունները նոր թափ ստացած շարժումը ճնշելու համար կբացահայտեին ճշմարտությունը` ի տես բոլորի ցուցադրելով մահացած մարմինը. չէ՞ որ սա միանգամից վերջ կտար քրիստոնեությանը:
Իսկ գուցե աշակերտնե՞րն էին գողացել իրենց Ուսուցչի մարմինը` հայտարարելով, թե Քրիստոս հարություն է առել: Համենայն դեպս, այդպես հրահանգեցին հրեա քահանայապետերը գերեզմանից սարսափահար փախած պահակախմբին, ովքեր պետք է պնդեին, թե քանի դեռ իրենք քնած են եղել, աշակերտները գողացել են մարմինը: Քահանայապետերը երաշխավորեցին, որ զինվորերը նման պնդման համար զերծ կմնան իրենց հասանելիք պատժից: Սակայն ի՞նչպես կարող է քնած մարդը վկայել կատարված գողության մասին: Հնարավո՞ր է, որ բոլոր զինվորները միանգամից քնեին կարևոր այդ պահակակետում` իմանալով, որ մահվան արժանի օրենք են խախտում, և վերջապես, ինչո՞ւ պետք է հուսախաբված ու բարոյալքված, մահվան վտանգի տակ Գեթսեմանիում ուսուցչին լքած աշակերտները հետագայում իրենց ամբողջ կյանքը նվիրեին մահացած մարդու քարոզչությանը. հարցեր, որոնք միայն մեկ պատասխան ունեն…
Քրիստոսի 12 աշակերտներից 11-ը նահատակվել են հարության քարոզչության համար (միայն Ս. Հովհաննես առաքյալն է իր բնական մահով մահացել): Պատմության մեջ կարո՞ղ ենք գտնել մեկ գաղափարի շուրջ համախմբված 11 մարդու, ովքեր կեղծ գաղափարի համար իրենց կյանքն են զոհաբերել: Գուցեև եղել են, բայց միանշանակ խաբված են եղել «ճշմարտության» համար նահատակվելու համոզվածությամբ: Եթե Քրիստոս հարություն չի առել, ապա դեպքերի ականատեսները` աշակերտները, իմացել են այդ մասին. էլ ինչո՞ւ իրենք իրենց կյանքը պիտի զոհաբերեին հանուն Քրիստոսի, ով վստահություն շահելու համար «խաբել» էր երրորդ օրը հարություն առնելու գաղափարներով: Հիշենք, որ խոր տրտմության մեջ աշակերտները, յուղաբեր կանանցից ստանալով հարության լուրը, չհավատացին: Նույնիսկ թերահավատ Թովմասը, ով շոշափելի ապացույց էր փնտրում հարությանը հավատալու համար, տարիներ հետո իր կյանքը տվեց այդ գաղափարի համար: Ինչպե՞ս կարելի է բացատրել ընդամենը երեք օրում նման հեղաշրջումը բոլոր աշակերտների հոգեկան աշխարհում, մի՞թե նրանք կգնային խոշտանգումների ու մահվան, եթե համոզված չլինեին հարությանը, ինչու՞ գոնե մեկը չարչարանքների ընթացքում մարդկային բնությանը հատուկ թուլություն չցուցաբերեց, ինչը տեղի ունեցավ հենց Գեթսեմանիի պարտեզում:
Խաչելության օրը նրանք ամբողջվին հուսալքվել էին, դարձել վախկոտ, ուրացող ու դավաճան նույնիսկ այն բանից հետո, երբ երեք տարի շարունակ ականատես էին եղել Հիսուս Քրիստոսի հրաշագործություններին, իսկ երորրդ օրը նրանց սրտերը լցվել էին վստահությամբ, աներեր հավատքով ու վճռականությամբ: Գլխովին ջախջախված վախկոտների խումբը մի քանի օրում այնպիսի համախումբ ջոկատի է վերածվում, որին անհնար է դառնում ճնշել ու լռեցնել որևէ հալածանքով: Այսպիսի ապշեցուցիչ հեղաշրջումը կարող էր կատարվել միմիայն հուժկու խթանի արդյունքում. աշակերտները տեսել էին հարություն առած Քրիստոսին (Ղուկ. 24-36:48): Միայն Հարությունը կարող էր Հիսուսի բարոյալքված աշակերտներին վերափոխել հավատքի անվեհեր վկաների ու մարտիրոսների: Ժամանակի ամենադաժան հալածանքներն անգամ չկարողացան ստիպել աշակերտներին` հրաժարվել հարության վկայությունից. նրանք այլևս նախկին ուրացողներն ու թերահավատները չէին: Առաքյալները սեփական մահով ապացուցեցին Քրիստոսի Հրաշափառ Հարության ճշմարտացիությունը` վկայելով, որ այն ոչ թե հորինված պատմություն է, այլ պատմական ճշմարտություն:
Այսօր` երկու հազարամյակ անց, դատարկ գերեզմանը շարունակում է մնալ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարության լուռ վկան:
Տ. Հովսեփ քհն. Սարգսյան
Արևշատի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ