Հոգևոր ճանապարհորդություն` միասին. Սուրբ Երրորդություն եկեղեցու մեծ ընտանիքը
Հոգևոր ճանապարհորդություն` միասին. Սուրբ Երրորդություն եկեղեցու մեծ ընտանիքը
Սուրբ Երրորդություն եկեղեցին, որը օծվել է 2005 թվականին, այսօր միավորում է տարբեր սերունդների մարդկանց՝ երեխաներից մինչև ավագ սերնդի ներկայացուցիչներ: Հոգևոր մեծ ընտանիքում ամեն մեկն ունի իր դերն ու կարևորությունը:
Երեխաները հաճախում են կիրակնօրյա դպրոց, մեծանալով շարունակում են իրենց հոգևոր ուղին երիտասարդաց միությունում։ Հետագայում կարող են ներգրավվել տիկնանց, տղամարդկանց միություններում, իսկ ավագ տարիքի հասնելիս կարող են դառնալ տարեցների սիրո միության անդամ: Այս շղթան դարձնում է եկեղեցին այն եզակի վայրը, որտեղ մարդն ամբողջ կյանքի ընթացքում կարող է կրթվել, զարգանալ, հասունանալ հոգևոր ընտանիքում ու ընթանալ աստվածհայտնության ուղով:
«Կիրակնօրյա դպրոցը երեխաներին տալիս է հոգևոր ու բարոյական դաստիարակություն քրիստոնեական միջավայրում: Երիտասարդները, երբ մուտք են գործում ակտիվ կյանքի շրջան, որտեղ շատ են փորձությունները, միությունն օգնում է՝ ճիշտ որոշումներ կայացնել: Միջին տարիքի մարդիկ, երբ ընտանիքում, առօրյա կյանքում ունենում են դժվարություններ, տիկնանց և տղամարդկանց միություններում փորձում են միմյանց օգնել, լսել հոգևորականի հորդորները, որ առաջ շարժվեն՝ քրիստոնեական արժեքները պահելով: Ավագ սերնդի անդամների ներկայությունը կարևոր է, քանի որ իրենց վարք ու բարքով, կենցաղով օրինակ են»,- նշում է Տեր Արարատը: Նա Սուրբ Երրորդություն եկեղեցում է ծառայում 2020 թվականից, 2023 թվականից եկեղեցու հոգևոր հովիվն է:
Տարեցների սիրո միությունը սիրելի վայր է դարձել ավագ սերնդի չորս տասնյակից ավելի ներկայացուցիչների համար: Տիկին Արմիկը, Սուրբ Երրորդություն եկեղեցու ստեղծումից ի վեր, այցելում է այդ եկեղեցի, խոստովանում է՝ չի պատկերացնում իր առօրյան առանց սիրելի դարձած հանդիպումների, զրույցների:
«Բոլոր հոգսերը թողնում ենք դրսում և հավաքվում ենք, զրուցում, մեր գիտելիքները փոխանցում երիտասարդներին, նրանց պատմում ազգային սովորույթների մասին: Միության շնորհիվ համայնքի անդամներով ավելի լավ ճանաչեցինք իրար, հարազատ դարձանք։ Յուրաքանչյուր հարցով իրար օգնում ենք: Մեկս մեկից առանձին չենք կարող պատկերացնել մեր առօրյան»,- նշում է Տարեցների սիրո միության անդամներից Արմիկ Գաբոյանը:
Եկեղեցու կիրակնօրյա դպրոցն էլ սիրելի վայր է շուրջ 130 երեխայի համար։ Սաները սովորում են տարբեր տարիքային խմբերով: Դպրոցի ուսուցչուհիներից Քրիստինե Ղազարյանը` եկեղեցու կրթական բաժնի պատասխանատուն, նշում է, որ դասերից բացի երեխաները մասնակցում են ուխտագնացությունների, կազմակերպում միջոցառումներ, այցելում հատուկ խնամքի կենտրոններ: Գործում են հուլունքագործության, հայերենի ու անգլերենի, շարականների ուսուցման խմբակներ:
«Այսօր երեխաները շատ խոցելի են, և կիրակնօրյա դպրոցներն օգնում են, որ երեխաները չհայտնվեն աղանդավորական կազմակերպությունների շարքերում: Կիրակնօրյա դպրոցը դնում է քրիստոնյա հավատացյալի հիմքը: Այդ դպրոցը մի ճանապարհ է, որտեղ երեխան առողջ հոգևոր սնունդ է վերցնում և դառնում եկեղեցու անդամ»,- նշում է ուսուցչուհին:
Եկեղեցու երիտասարդաց միությունը միավորում է մոտ հինգ տասնյակ երիտասարդների։ Էլեն Ծատուրյանը՝ եկեղեցու երիտասարդաց միության ատենապետը, շուրջ 10-ը տարի է՝ միության անդամ է։ Զրույցի ընթացքում նշում է իրականացվող տարբեր նախաձեռնությունների, քննարկումների, աստվածաշնչյան սերտողությունների մասին։
«Երիտասարդաց միությունն այն վայրն է, որտեղ ինձ զգում եմ օգտակար ու կարևոր, որտեղ կարող եմ ծառայել եկեղեցուն նաև զարգանալ: Այս վայրը երիտասարդներիս, նույն արժեհամակարգը կրողներիս միավորում է: Այսօր, երբ երիտասարդները կանգնած են բազմաթիվ մարտահրավերների առաջ, եկեղեցին տալիս է ուղեցույց՝ հավատարիմ մնալու մեր արժեքներին»,- նշում է Էլենը:
Տարբեր ծրագրերի կազմակերպչական հարցերով զբաղվում են տիկնանց միության անդամները, որոնք կատարում են նաև բարեգործական ծրագրեր: Անահիտ Մովսիսյանը՝ եկեղեցու տիկնանց միության ատենապետը, 20 տարի է ծառայում է Սուրբ Երրորդություն եկեղեցում, նկատել է, որ ավելացել է եկեղեցի այցելողների թիվը։
«Եկեղեցում շատ մեծ սեր է տիրում, և մեր միասնությունը գալիս է տեր հորից: Միությունը ոչ միայն կազմակերպում է միջոցառումներ, այլև այցելում ենք հիվանդություն ունեցող, կարիք ունեցող մարդկանց, փորձում օգնել նրանց»,- հավելում է տիկնանց միության ատենապետը:
Կազմակերպչական հարցերում ներգրավված են նաև տղամարդկանց միության անդամները:
«Եկեղեցի այցելելուց, հոգևորականների հետ շփումների արդյունքում դառնում ես ավելի լավ հայր, ամուսին, զավակ ու ընկեր: Ես այսօր կանգնած եմ ավելի հաստատուն ու քայլ առ քայլ փորձում եմ մոտենալ լույսին: Կցանկանամ, որ ազգովի ավելի շատ սկսենք մտածել այն արժեքների մասին, որոնք այսօր անտեսվում են»,- նշում է միության անդամներից Արմեն Պետրոսյանը:
Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով և բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի աջակցությամբ: