Մայիսի 18-ին՝ Սուրբ Խաչի երեւման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի բերվեց Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը։
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Սուրբ Խաչի երեւման տոնը հռչակված է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օր։
Առավոտյան ժամերգության ավարտին եկեղեցու հոգեւոր դասը եւ հավատացյալ հայորդիները, եկեղեցու հոգեւոր հովիվ Տ․ Պարթեւ քահանա Մուրադյանի գլխավորությամբ, եկեղեցական թափորով դիմավորեցին Սուրբ մասունքը, որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի բերեց Տ․ Տիգրան քահանա Բադիրյանը։
Տոնի առթիվ Ս. Խաչ եկեղեցում Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ մատուցվեց Ս. Պատարագ։ Պատարագիչը Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանն էր։
Իր քարոզում Վարդան Սրբազանն անդրադարձավ Սուրբ Խաչի երեւման տոնի պատմությանն ու խաչի խորհրդին։
«Պատմական այդ իրողության հիշատակումը մեր Եկեղեցում, Խաչի փառաբանության, Խաչի խորհրդի մասին խորհրդածելու եւ այդ խորհուրդը մեր կյանքում վերարժեւորելու մի յուրահատուկ ժամանակ է։ Քրիստոս խաչվեց, որ մենք փրկություն ունենանք։
Երբ Տիրոջ իմաստության լույսը ճառագում է մարդու հոգու մեջ, երբ մարդն իր սրտով, մտքով եւ հոգով ընդունում ու ճանաչում է Քրիստոսին, նրա կյանքն առավել իմաստավորվում է։ Մեր կյանքը փոխվում է Քրիստոսով, մեր կյանքն առավել կյանք է դառնում»,- նշեց Վարդան Սրբազանը։
Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու համայնքը խորհրդանշական խաչեր էր պատրաստել, որոնք Նավասարդ Սրբազանը բաշխեց եկեղեցում գտնվող մանուկներին։
Հավարտ Սուրբ Պատարագի Նավասարդ Սրբազանն ընթերցեց Սուրբ Դավիթ Անհաղթի խաչին նվիրված քարոզից մի հատված, ապա Սուրբ Հովհան Ոսկեբերանի` Սուրբ Խաչին նվիրված խոսքը․ «Խաչը մեր փրկության նշանն է, Խաչը քրիստոնյաների հույսն է, Խաչը եկեղեցու հիմքն է, Խաչը սատանայի պարտությունն է, Խաչը որբերի հայրն է, Խաչը ամբարիշտների դատավորն է, Խաչը հիվանդների բժիշկն է, Խաչը օրվա զենքն ու գիշերվա պահպանիչն է, Խաչը ծարավողների աղբյուրն է, Խաչը լույսն է խավարում նստածների և ազատագրումը գերվածների, Խաչը անօրենի տապալումն է»։
Դիմելով հավատավոր ժողովրդին՝ Նավասարդ Սրբազանը շնորհավորեց Սուրբ Խաչի երեւման տոնի առթիվ, ապա շնորհավորեց Վարդան Սրբազանին նոր նշանակման առթիվ ու մաղթեց բեղմնավոր ծառայություն ի պայծառություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու։
Ապա Նավասարդ Սրբազանը Սուրբ Խաչափայտի մասունքով օրհնեց ժողովրդին ու Պահպանիչ աղոթքով արձակեց նրանց։
Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրվա առթիվ եկեղեցու բակում տոնախմբություն եւ պարուսուցում էր կազմակերպել «Մենք» կրթամշակութային ՀԿ-ի «Մենք» պարի խումբը` Ստեփան Թորոյանի ղեկավարությամբ։
Նավասարդ Սրբազանը առանձին հանդիպում ունեցավ եկեղեցու ծխական խորհդի նախաձեռնող խմբի անդամների հետ։ Նրանք քննարկեցին ծխական խորհրդի հետ կապված հարցեր` նպատակները, առաքելությունը, կազմակերպչական առանձնահատկությունները։
Սրբազան հայրն օրհնության ու գնահատանքի գրեր հանձնեց համայնքի ակտիվ 4 անդամների, որոնք աջակցել էին եկեղեցու համար կարեւոր խնդիրների լուծմանը։ Նրանք եւս ներգրավված էին ծխական խորհդի նախաձեռնողների կազմում։
Նավասարդ Սրբազանը առանձին հանդիպում ունեցավ նաև եկեղեցու ծխական խորհրդի նախաձեռնող խմբի անդամների հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ծխական խորհրդի առաքելությանը, կազմակերպչական աշխատանքներին, ծրագրերին և գործունեությանը առնչված հարցեր։ Սրբազան հայրն օրհնության ու գնահատանքի գրեր հանձնեց համայնքային կյանքում ակտիվ գործունեություն ծավալող ծխական խորհրդի 4 անդամների, որոնք աջակցել են եկեղեցու կարեւոր խնդիրների կարգավորմանը։