Քրիստոսի Հարության ավետիսը ծաղկեցնում է մեր ներաշխարհը. Կանաչ կիրակի
Քրիստոսի Հարության ավետիսը ծաղկեցնում է մեր ներաշխարհը. Կանաչ կիրակի
Կանաչ կիրակին է, որը մեզ հիշեցնում է կյանքի հարությունը և նրա հավիտենական գոյությունը: Քրիստոսի Հարության ավետիսը ծաղկեցնում է մեր ներաշխարհը ու տանում դեպի կյանք, ինչպես բնությունը՝ ցուրտ ձմռանից հետո, գարնանը:
Հինանց շրջանի այս օրն այսպես է կոչվում նաև խորհրդանշելով Սուրբ Եկեղեցու մշտադալարությունն ու անմահությունը: Ինչպես նշում է Վերին Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Մարուքյանը, եկեղեցին լոկ կառույց չէ քրիստոնյաներիս համար. «Եկեղեցին փրկության փարոսն է, տապանը: Կտրված ճյուղը չի կարող բարի պտուղներ բերել: Փրկությունը միայն եկեղեցու միջոցով է»:
Պատահական չեն գույների անուններով բնորոշվող կիրակիները՝ Կարմիր, Կանաչ։
Սուրբ Հարության տոնին հաջորդող հիսնօրյա շրջանը խորհրդանշում է Եկեղեցու վերակենդանացումը, հոգևոր գարունը։
Այս օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հաստատած ընդհանրական, մեկ միասնական Եկեղեցու տոնը և օրը կոչվում է նաև Աշխարհամատրան կիրակի` ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու: Այն Ավետարանից մեզ հայտնի Վերնատունն է:
«Աշխարհամատուռ»-ը կազմված է աշխարհ և մատուռ բառերից և նշանակում է աշխարհի առաջին մատուռը: «Մատուռ»-ը հունարեն բառ է, որ նշանակում է Մարտիրոսանոց:
«Ըստ Նոր Կտակարանի՝ Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո առաքյալները վերադարձան Վերնատուն: Գործք Առաքելոցում նշվում է՝ այդ վայրը դարձավ առաքյալների, Սուրբ Մարիամ Աստվածածնի աղոթքի ու հանդիպումների մշտական հավաքատեղին: Վերնատանը Հիսուս Քրիստոս հաստատեց Սուրբ Հաղորդության խորհուրդը, որն անկյունաքարն է մեր հավատքի: Վերնատունը դարձավ այն սուրբ վայրը, առաջին մատուռը, որտեղից ճառագեց և աշխարհով մեկ տարածվեց Ավետարանի լույսը»,- նշում է Տեր Հովհաննեսը:
Վերնատունը համարվեց քրիստոնեական եկեղեցու նախօրինակը: Հենց այդտեղ է Հարությունից հետո Քրիստոս երկու անգամ երևացել Իր աշակերտներին։
Հոգևորականի խոսքով՝ Աշխարհամատրան կիրակին մեզ հիշեցնում է քրիստոնեական եկեղեցու սկզբնավորումը, որը հիմնվեց Վերնատանը՝ առաքյալների կողմից: Կանաչ կիրակին նաև մեզ հիշեցնում է, որ կյանքը Հիսուս Քրիստոսով մշտադալար է, ինչպես բնությունն է հավերժական, այնպես էլ կյանքը հարության հույսով հարատև է: