Մեր եկեղեցիներն ու մեր մարդիկ. Սրբոց Նահատակաց եկեղեցին տասը տարեկան է
Մեր եկեղեցիներն ու մեր մարդիկ. Սրբոց Նահատակաց եկեղեցին տասը տարեկան է
2025 թվականի ապրիլին լրանում է Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու 10-ամյակը:
Նուբարաշեն համայնքի եկեղեցին, որի նախագծի հեղինակը Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանն է, հավերժացնում է թուրքական եղեռնագործությանը զոհ գնացած սրբերի հիշատակը և կառուցվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Նուբարաշենում արդիական էր եկեղեցի կառուցելու հրամայականը, քանի որ մինչև այդ մարդկանց համար շատ բարդ էր ամենօրյա հոգևոր սնունդ ստանալը, նշում է Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվը: Ամիսներ անց կլրանա 8-րդ տարին, որ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանն այդ եկեղեցում է կոչված ծառայության:
«Բնակավայրը 1930-ական թվականներից մինչև 2015 թվականը չի ունեցել եկեղեցի: Համայնքի բնակիչները Երևանի այլ վարչական շրջանների եկեղեցիներից է ստացել իր հոգևոր խնամքը, սակայն բոլորս էլ գիտակցում ենք, թե որքան ակտիվ է հոգևոր կյանքը, երբ համայնքում կա եկեղեցի, և չլինելու դեպքում ̀ որքան դժվար է»,- նշում է հոգևոր հովիվը:
Հոգևորականի խոսքով ̀ եկեղեցի չլինելու պատճառով համայնքում առիթից օգտվել են շատ կրոնական կազմակերպություններ, որոնք փորձել են համայնքում խորը արմատներ գցել:
Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման արարողությունը կատարվել է 2015 թվականին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ և ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասնակցությամբ:
«2015 թվականից սկսած համայնքում ակտիվ կյանքը զարգացել է: Այժմ ունենք բավականին ակտիվ համայնք: Եկեղեցին որպես կենդանի կառույց շարունակում է իր առաքելությունը: Գործում է նոր ձևավորվող տիկնանց միություն: Կա երիտասարդաց միություն, կիրակնօրյա դպրոց: Այժմ աշխատանքներ են տարվում ձևավորելու ծխական խորհուրդ»- նշում է Տեր Բարդուղիմեոսը:
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու երիտասարդաց միությունում կան երկու տասնյակ անդամներ իսկ, կիրակնօրյա դպրոցում ̀ երեք տասնյակից ավելի երեխաներ:
Այժմ փորձում են գործակցել նաև համայնքում գործող կազմակերպությունների, դպրոցների, մանկապարտեզների հետ, որ ակտիվացնեն բնակիչների հոգևոր կյանքը: Երիտասարդների հետ պարբերաբար լինում են հանդիպումներ: Երիտասարդաց միությունից Էլիզա Ենոքյանի խոսքով ̀ իրենց բոլորին եկեղեցին է միավորում.
«Գրեթե ամեն օր գալիս ենք եկեղեցի: Գնում ենք Աստվածաշնչի քննարկման Տեր հոր կամ սարկավագի հետ միասին: Թեև շաբաթվա ընթացքում զբաղվում ենք մեր դասերով, բայց երեկոյան մասնակցում ենք Երեկոյան ժամերգություններին: Համայնքային կյանքի շնորհիվ շատ լավ ժամանակ ենք անցկացնում, մասնակցում միջոցառումների ու այսօր ունենք շատ ընկերներ, որոնց հետ ծանոթացել ենք եկեղեցում: Ամեն ամառ կազմակերպում ենք բակային ճամբար, որին մասնակցում են շատ երեխաներ»:
Եկեղեցու գործունեությունը փորձում են ակտիվացնել նաև առցանց հարթակներում: Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու ուխտի օրը, օծման 10-ամյակը համայնքը կնշի ապրիլի 27-ին: Առավոտյան կմատուցվի Ուխտի Սուրբ Պատարագ, ծիսական արարողության ավարտին եկեղեցու բակում կլինի միջոցառում: