Սուրբ Հաղորդությունը՝ կյանքի աղբյուր

Սուրբ Հաղորդությունը՝ կյանքի աղբյուր

Սուրբ Հաղորդությունը հոգևոր սնո՞ւնդ է, ճանապա՞րհ դեպի նոր կյանք․ ինչո՞ւ է այն կենսական քրիստոնյայի համար․ ներկայացնում է Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը:



 

Դեպի փրկություն, դեպի կատարելություն

 

-Սուրբ Հաղորդությունը կյանք է տալիս քրիստոնյային: 

 

«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք Մարդու Որդու մարմինը և չըմպեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա (Հովհաննես 6:53):

 

Սուրբ Պատարագի ընթացքում Հաղորդություն ստանալով, քրիստոնյաները միավորվում են Տիրոջ հետ: Անթթխմոր հացն ու անապական գինին Սուրբ Հոգու ազդեցությամբ վերածվում են Քրիստոսի Մարմնի և Արյան։ Մաքրվելով մեր մեղքերից, Աստծուն մոտենալով, Նրա հետ շփվելով փորձում ենք գնալ դեպի կատարելություն, դեպի փրկություն: 

 

Կատարելագործվելու, ինքդ քեզ գտնելու ճանապարհը

 

-Սուրբ Հաղորդությանն ամեն անգամ պետք է մոտենանք նորովի: Այն հնարավորություն է տալիս, որ դառնանք նոր մարդ, կանգնենք նոր իրողության առաջ: Որոշ մարդիկ այդ խորհրդին մոտենում են անարժանաբար, այն դիտում են՝ որպես սովորական երևույթ, որն ամեն շաբաթ կրկնվում է, բայց Հաղորդությունը մեր հոգևոր կյանքի ընթացքի մի մասն է, և մենք պետք է փորձենք ամեն անգամ մեկ աստիճանով բարձրանալ, կատարելագործվել։

 

Կենդանի շփման, անդամակցության մասին

 

-Կան քրիստոնյաներ, որոնք գալիս են եկեղեցի, բայց կապ չունեն եկեղեցու ճշմարիտ վարդապետության հետ: Կարծում են, թե կարող են միայն մոմ վառել և կփրկվեն։ Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հաղորդակից լինի եկեղեցու կյանքին։ Անդամակցությունը պետք է լինի կենդանի: Սուրբ Պատարագի ընթացքում մենք ոչ թե ենթադրաբար ենք ներկա լինում Քրիստոսի չարչարանքներին, խաչելությանը, թաղմանը, Հարությանը, այլ իրական հոգևոր կյանքում, որն անժամանակ է, ժամանակից դուրս է։ Առանց ճշմարիտ հավատքի, որ հաղորդվում ենք Քրիստոսի Մարմնին ու Արյանը, չպետք է մոտենանք Սուրբ Հաղորդությանը: 



 

Եթե կա սեր, և եթե կա ցանկություն…

 

-Մարդիկ կան, որոնք ասում են, թե արժանի չեն մոտենալու Տիրոջը և չեն մասնակցում Եկեղեցու գլխավոր ծիսական արարողությանը։ Եթե մեկ շաբաթվա մեղքը մեզ Աստծուց հեռացրել է, ապա մեկ ամսվա մեղքը պիտի՞ արժանի դարձնի: Այո, բոլորս էլ մեղավոր ենք, սակայն պարտավոր ենք անել մեր հասանելիքը, որ երևա մեր սերը, պատրաստակամությունը, ջանքը և հավատը: Մարդը չի կարող միանգամից ազատվել իր վատ սովորություններից: Այն շարունակական գործընթաց է: Մարդու մեջ պետք է լինի մեղքից ազատվելու ձգտումը: Ամեն բան հնարավոր է, երբ կա ցանկություն և ամենակարևորը, երբ կա սեր։ Հիշենք, որ յուրաքանչյուր բարի գործի մեջ, Աստված գործակից է մեզ։ Աստված սիրող Հայր է և չի ցանկանում մեղավորի կորուստը, այլ դարձը, ապաշխարությունն ու ապրելը:

 

Պատրաստեց Անի Ավագյանը

 
  • 2025-04-22
×