ճանաչե՛նք Հարուցյալ Քրիստոսին, այդ լույսի ներքո ճանաչե՛նք ինքներս մեզ, մեր առաքելությունը. Սուրբ Հարության տոն

ճանաչե՛նք Հարուցյալ Քրիստոսին, այդ լույսի ներքո ճանաչե՛նք ինքներս մեզ, մեր առաքելությունը. Սուրբ Հարության տոն

Սուրբ Հարության տոնն է՝ հաղթանակի տոնը, մեր հոգևոր կյանքի հիմնասյունը, առանց որի չկա քրիստոնեություն և չկա հավատք: 

 

Ինչպե՞ս ապրել ու մեր կյանքը զարդարել Սուրբ Հարության լույսով: Տեր Եսայի քահանա Արթենյանը հիշեցնում է, որ պետք է՝ «Սիրելուց սկսել ու սիրով շարունակել»: 

 

Ինչպես պատմում են առաքյալները, մեր Տերը խաչի վրա մահացավ ուրբաթ օրը: Ըստ եկեղեցու ավանդության՝ Իր մահվանից հետո հոգով իջավ դժոխք ու հիմնահատակ ավերեց այն: Մահից երեք օր անց՝ կիրակի օրը, Հիսուս Քրիստոս հարություն առավ: Նա Իր կյանքը տվեց մարդկանց փրկության համար և հաղթեց մահվանը: 

 

Տիրոջ հաղթանակը մեզ ուժ է տալիս, որ կերտենք նոր հաղթանակներ

 

«Մարդկային ընկալումների մեջ և մարդկային կյանքում հաղթանակները երկակի են: Հաղթանակի արդյունքում լինում է և ուրախություն և ցավ: Հաղթող կողմն ուրախանում է, պարտվող կողմը ցավ է ապրում: Քրիստոսի հաղթանակը միակն է, որտեղ պարտվողներ չկան, բոլորը հաղթողներ են: Քրիստոս հաղթեց մահվանը հանուն մեր փրկության և Տիրոջ հաղթանակը բոլորինն է: Այն մեզ ուժ  և  հույս է տալիս՝ նոր հաղթանակներ կերտելու»,- նշում է Տեր Եսային:

 

Հոգևորականի խոսքով՝ Հարության խորհրդի կարևոր առանցքն այն է, որ վերջին խոսքը մահվանը չէ, այլ կյանքինը: Կյանքի մեջ է մեր առաքելությունը, կյանքը վերաիմաստավորելու, արժևորելու, կյանքը մեզնով լցնելու: Դժվարություններ ու փորձություններ մեր կյանքում դեռ շատ կլինեն, բայց ամենակարևորն այն է, որ մարդը չի հուսահատվում և պայքարում է: 

 

Գործե՛նք Տիրոջ Հարության լույսով զորացած

 

«Եթե ոչինչ չանենք, մեր կյանքում ոչինչ չի փոխվի: Եթե ցանկանում ենք մեր կյանքում ինչ-որ բան փոխվի, պետք է կարողանանք Հարության լույսով, Քրիստոսով զորացած մեր կյանքը կառուցել»,- ասում է հոգևորականը:

 

Ինչպե՞ս ապրել Հարության լույսով. կարևոր է, որ ոչ միայն խոսենք սիրո, բարության ու պատասխանատվության մասին, այլ մեր քայլերով ցույց տանք այդ բառերի նշանակությունը: Հեշտ է պատասխանատվությունից խուսափելը, միայն սեփական անձի ու օրվա հացը վաստակելու մասին մտածել: Ավելի բարդ է ստեղծագործ կյանքով ապրելը, բարիք ստեղծելը, պատասխանատվություն վերցնելը, բայց…

 

«Երբ որոշում ես ինչ-որ բան անել հանուն դիմացինի, հանուն քո երկրի, քո ժողովրդի, Աստծո, քո կյանքը փոխվում է ու լուսավորվում, և դու կարող ես դառնալ աշխարհի ամենալուսավոր ու երջանիկ մարդը: Այդ պայքարի մեջ է իրական երջանկությունը: Ո՞րն է մարդու առաքելությունը՝ մարդ լինելը: Մարդ լինելու ամենակարևոր պայմանը բարությամբ շուրջը նայելն է, սիրելն ու սերը տարածելը»,- հիշեցնում է հոգևորականը:

 

Հարության տոնի պատգամն է՝ մարդ եղի՛ր 

 

Հոգևորականը հիշեցնում է Քրիստոսի խաչելության տեսարանը: Երբ Աստծո Որդին խաչված էր, նրա դիմաց տարբեր մարդիկ էին: Ոմանք անտարբեր էին կամ լցված չարությամբ, ոմանք հավատարիմ էին, բարի: Այս պատկերի մեջ ամբողջ աշխարհն է: Մեզնից ոմանք անտարբեր են, ոմանք սիրում են, ոմանք էլ ատում, բայց խաչի վրայից Քրիստոսի հայացքը դեպի մեզ երբեք չի փոխվում: Տերը բոլորիս նայում է նույն հայացքով, և մենք պետք է հասկանանք մեր մարդ լինելու առաքելությունն ու կոչումը.

 

«Հարության տոնի խորհրդի ամենակարևոր պայմանը ոչ միայն այն է, որ ճանաչենք Հարուցյալ Քրիստոսին, այլ նաև այդ լույսի ներքո ճանաչենք ինքներս մեզ ու մեր առաքելությունը»:

 

Յուրաքանչյուրս Հարության տոնի խորհրդով կոչված ենք մեր հոգով, սրտով, մտքով հարություն առնել, վերափոխել մեր կյանքը:

 

Անի Ավագյան

 
  • 2025-04-20
×