Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ

Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ

Ապրիլի 19-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվեց Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր:
 

Հընթացս Ս. Պատարագի Տեր հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորանքն՝ ուղղված Նավասարդ Սրբազանին: Ուղերձում մասնավորաբար ասվում էր.


«Սիրելի՛ Սրբազան, 


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի բերկրալի առիթով Մեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ, տիրախնամ թեմիդ հոգևոր դասին, թեմական ու համայնքային խորհուրդների պատվարժան անդամներին և հավատավոր բարեպաշտ Մեր բոլոր զավակներին:


Սքանչելախորհուրդ Իր Սուրբ Հարությամբ Փրկիչ մեր Տերը մարդկությանը պարգևեց մահվանը հաղթելու և հավիտենական կյանքը ժառանգելու շնորհը. ՙԵս եմ յարութիւն եւ կեանք. որ հաւատայ յիս, թէպէտ եւ մեռանի՝ կեցցէ. եւ ամենայն որ կենդանի է՝ եւ հաւատայ յիս, մի մեռցի ի յաւիտեան՚ (Յովհ. ԺԱ 25-26):


Քրիստոսի Սուրբ Հարության հավատքին ապավինած՝ դարեր շարունակ հավատավոր մեր ժողովուրդը պայքարել և հաղթահարել է բազմաթիվ փորձություններ ու անհաղթահարելի թվացող դժվարություններ: Այսօր ևս հայրենի մեր երկիրն ապրում է ծանր ժամանակներ: Մերազնյա ժողովրդի անվտանգությունը, ներհասարակական կյանքի լարվածությունը, պատմական բնօրրանից զրկված արցախցիների իրավունքների պաշտպանությունը և գերության մեջ պահվող Մեր զավակների ազատ արձակումը լրջագույն մարտահրավերներ են՝ ծառացած մեր պետության ու աշխարհսփյուռ հայության առջև։ 


Արդ, սիրելի Սրբազան, զատկական շնորհաբեր այս առիթով Հայրապետիս հորդորը և պատգամն է, որ միավորեք տիրախնամ թեմիդ հոգևորականաց, թեմական-համայնքային վարչությանց անդամների ու հավատավոր հայորդյաց ջանքերը՝ արդարացի լուծման առաջնորդնելու առկա խնդիրները՝ հանուն մեր հայրենիքի ու ժողովրդի լուսավոր գալիքի:


Աղոթում ենք համայն աշխարհի և մեր հայրենիքի խաղաղության համար և հայցում, որ Աստծո ամենախնամ Աջը և Սուրբ Հարության կենարար շնորհները մշտապես հովանի լինեն բարեպաշտ մեր ժողովրդին ու հայրենի մեր երկրին:


Թող Հարուցյալ Աստվածորդին պահապան լինի Ձեզ, թեմիդ հոգևոր դասին և հավատացյալ Մեր զավակներին՝ պարգևելով քաջառողջություն, հարանորոգ հաջողություններ՝ ի փառս Աստծո, ի պայծառություն տիրախնամ Ձեր թեմի և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու:


ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ։ ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ:

Օրհնությամբ՝ ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ»:


Հավարտ Ս. Պատարագի Նավասարդ Սրբազանը հավատավոր ժողովրդին շնորհավորեց  Սուրբ Հարության տոնի Ավետիսով՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի» եւ իր հայրական օրհնությունը բերեց Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամներին, ովքեր թեմի երիտասարդաց միությունների հոգեւոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ արդեն 11-րդ անգամ իրականացնում են «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը: Սրբազան հոր օրհնությունը ստանալով՝ երիտասարդները վառվող կանթեղներով ու շարականների երգեցողությամբ Մաշտոց պողոտայով ուղեւորվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ քարե գորգի վրա կանթեղներով խաչ կազմեցին: Նրանց միացել էին հարյուրավոր ուխտավոր հայորդիներ ու զբոսաշրջիկներ։


Ս. Պատարագից հետո Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Նավասարդ Սրբազանի նախագահությամբ կատարվեց Տնօրհնեքի կարգ:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին  

  • 2025-04-20
×