Քրիստոս հարություն առնելով մեռելներից՝ Իր հետ հարություն տվեց նաև մեր մեղքերի ու մահվան մեջ ընկած բնությանը: Այսօր երկիրը երկինք դարձավ: Այսօր բոլորի ընտանիքներում նշվում է Ս. Հարության տոնը:
Սա օր է Նոր Արարչության, որը ոչնչով չի զիջում այն օրվան, երբ երկիրը արարչագործվեց: Եթե այն օրն աշխարհը ոչնչից ստեղծվեց, ապա այսօր մեղքերով եղծվածը վերստին արարվեց՝ առավել հրաշափառ քան նախորդ անգամ: Այս հրաշալի օրը իրենում ունի պատկերն այն Մեծ Միաշաբաթի, երբ Տերը երկինքն ու երկիրը հաստատեց: Այն աշխարհաստեղծ միաշաբաթին հալածվեց զգալի խավարը և ծագեց մեծապայծառ լույսը:
Քրիստոսի Հարության մասին կան բազմաթիվ վկայություններ: Հարությունը լինում է երկու կերպ՝ անկատար և կատարյալ: Անկատար է համարվում, երբ հարությունից հետո մահանում են, իսկ Տիրոջ Հարությունը կատարյալ էր:
Նախ մարգարեներն են վկայում. «Երկրի վրա վերջ տվին Նրա կյանքին. Տերը կամենում է մաքրել Նրան վերքերից, ցույց տալ Նրան լույս» (Եսայի ԾԳ 9-11), սա հարության մասին է ասում:
Երկրորդ՝ օրինակներով է հաստատվում. ինչպես Հովնանը կետի փորում երեք օր ու գիշեր մնաց և դուրս եկավ, այդպես էլ Քրիստոս մեռավ և երեք օր հետո հարություն առավ: Դարձյալ՝ Մովսեսը տեսավ, որ մորենին այրվում է և չի սպառվում, և դա խորհրդանշում է Քրիստոսի Մարմինը, որը մեռած էր գերեզմանում, սակայն կենդանի էր, ինչը ցույց տվեցին Նրա կողից բխած երկու վտակները՝ ջուրը և արյունը:
Երրորդ՝ Տերն Ինքը վկայեց Իր մասին ասելով. «Պետք է, որ Ինքը Երուսաղեմ գնա, բազում չարչարանքներ կրի և անարգվի քահանայապետերից, օրենսգետներից, ժողովրդի ծերերից, սպանվի և երրորդ օրը հարություն առնի» (Մատթ. ԺԶ 21):
Չորրորդ՝ հաստատվում է հրեշտակների խոսքերով, երբ նրանք յուղաբեր կանանց ասացին. «Դուք Հիսուսին ե՞ք փնտրում՝ խաչված Նազովրեցուն. Նա հարություն առավ, այստեղ չէ» (Մարկ. ԺԶ 6):
Հինգերորդ՝ հաստատվում է կանանց վկայությամբ, ովքեր միաբան հարության լուրը տվեցին առաքյալներին:
Վեցերորդ՝ հաստատվում է գերեզմանը պահպանող զինվորների վկայությամբ: Քահանաները զինվորներին արծաթ տալով՝ իրենք էլ հաստատեցին հարությունը:
Յոթերորդ՝ հաստատվում է այն սուրբ մեռելների կողմից, ովքեր Քրիստոսի հետ հարություն առան գերեզմաններից և մտան սուրբ քաղաքը (Մատթ. ԻԷ 52-53):
Ութերորդ՝ հաստատվում է կնքված գերեզմանով և պատանքներով:
Իններորդ՝ հաստատվում է ականատեսների վկայությամբ, ովքեր տեսան հարուցյալ Քրիստոսին մարմնավոր աչքերով:
Տասներորդ՝ հաստատում է հենց Ինքը՝ Քրիստոս, քանի որ հարությունից հետո Նա կերավ ու խմեց աշակերտների հետ, խոսեց նրանց հետ, առաքեց նրանց մկրտելու, օրհնեց նրանց ու նրանց առջև երկինք համբարձվեց:
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն: Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան:
Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:
Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:
ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ:
×