Ապրիլի 13-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշեց Ծաղկազարդի տոնը: Եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին կատարվեց Մանուկների օրհնության կարգ:
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի մի շարք եկեղեցիներում Օրհնության կարգից հետո կազմակերպվեցին միջոցառումներ:
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում տիկնանց և «Զորավոր» արանց միությունների ջանքերով ներկայացվել էր Նոյյան տապանի մանրակերտը, որի շուրջ երեխաները զրուցեցին Նոյի և ներկա ժամանակաշրջանի մասին՝ ընդգծելով, որ Նոյյան տապանը եկեղեցին է, որտեղ մարդիկ, Աստծո օգնությամբ, հաղթահարում են բոլոր դժվարությունները: Տոնին երեխաները առանձնացված տաղավարներում կարողացան նկարել, գունազարդել և պատրաստել շարժապատկերներ: Երեխաների օրը տոն դարձրին մուլտհերոսները և «Նանե» պարային համույթը:
Վերին Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցում ևս Օրհնության կարգից հետո երեխաների օրը տոն դարձրին խաղավարները: Եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները մասնակցեցին տարատեսակ խաղերի:
Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները Ծաղկազարդին իրականացրին ցուցահանդես-վաճառք՝ ներկայացնելով իրենց ձեռքի աշխատանքները, որոնք պատրաստել էին կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Անուշ Նավասարդյանի օգնությամբ։
Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները Ծաղկազարդին նվիրված միջոցառմանը ներկայացրին Ծաղկազարդի խորհուրդը և եկեղեցու բակում հանդես եկան պարային համարներով:
Ներքին Չարբախ Սուրբ Խաչ եկեղեցում մանուկների օրհնության կարգից հետո տեղի ունեցավ տոնական միջոցառում «Ծիծեռնակ» պարային համույթի սաների մասնակցությամբ:
Ապրիլի 13-ին Սուրբ Պատարագից և Օրհնության կարգից հետո Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքում հնչում էր ազգային երաժշտությունը: Ներկաները տոնը շարունակեցին երգ ու շուրջպարով:
Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում ևս տոնն իր շարունակությունն ու գունեղ շունչը ստացավ ազգային երգով ու պարով, ավանդական խաղերով և տոնին բնորոշ ծեսերով՝ «Վարը Վարենկ» կրթամշակութային ՀԿ-ի մասնակցությամբ: