Ավագ շաբաթ. դեպի լույս, կյանք, փրկություն

Ավագ շաբաթ. դեպի լույս, կյանք, փրկություն

Մեկնարկեց Ավագ շաբաթը՝ Տիրոջ չարչարանքների, խաչելության, թաղման, դժոխքի ավերման, հոգիների ազատման ու հրաշափառ Հարության շաբաթը: Յուրաքանչյուր օրը հիշեցնում է լռության, զոհաբերության, պայքարի, իրական քրիստոնյա լինելու և սիրո մեծագույն դրսևորման մասին:

 

Ավագ երկուշաբթի. «Նույնպես և հավատը. եթե գործեր չունի, ինքնին մեռած է»

 

Բարի գործերով զարդարենք մեր կյանքը. շաբաթը սկսվում է այս խորհրդով: 

 

Հիշատակվում է «Անիծված թզենու» պատմությունը: Ըստ Ավետարանի՝ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, քաղց է զգում, մոտենում է մի թզենու, որի վրա բացի տերևից ոչինչ չի գտնում ու ասում է. «Այսուհետև քեզնից հավիտյան թող պտուղ չլինի» (Մատթեոս 21:19 ), և թզենին չորանում է: 

 

Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանի խոսքով՝ առակը մեզ հիշեցնում է արտաքուստ գեղեցիկ, լուսավոր մարդկանց մասին, որոնց ներսում միայն գարշահոտություն է. «Օրվա խորհուրդն է՝ լուսավոր գործերով զարդարել մեր կյանքը և չլինել անպտուղ՝ առակում հիշատակվող թզենու նման։ Բարի գործերից ու առաքինություններից զուրկ մարդը կպատժվի»:

 

Մեզնից յուրաքանչյուրը ստանում է շնորհներ: Ավագ երկուշաբթին լավ առիթ է խորհելու՝ ինչպե՞ս ենք օգտագործում մեզ տրված շնորհները: 

 

Ավագ երեքշաբթի. Արթո՛ւն մնացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը

 

Ավագ երեքշաբթի՝ երեկոյան ժամերգության ընթացքում, եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգի ձեռքերին լինում են վառվող մոմեր, որոնք խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգի հանգած մոմերը խորհրդանշում են հիմար կույսերին: Օրվա խորհուրդը ներկայացնում է «Տասը կույսերի» առակը: Հինգ իմաստուն ու հինգ հիմար կույսեր դուրս են գալիս Փեսային դիմավորելու։ Իմաստուն կույսերն իրենց հետ լրացուցիչ ձեթ են վերցնում, իսկ հիմարները՝ ոչ: Երբ ձեթը վերջանում է, նրանք գնում են ձեթ գնելու։ Գալիս է Փեսան, հինգ իմաստուն կույսերը նրա հետ մտնում են հարսանիքի սրահ, իսկ մյուսներն ուշանում են, և Փեսան պատասխանում է, թե չի ճանաչում նրանց: 

 

Հիշատակվող տասը կույսերը խորհրդանշում են հավատացյալներին, լապտերները՝ մեր հավատքը, յուղը՝ մեր կյանքի բարի գործերը, իսկ փեսան Տերն է: Երկնքի Արքայության դուռը փակվում է նրանց առաջ, ովքեր բարի գործեր չեն կատարում, իսկ իմաստուններն իրենց գործերով արժանանում են Աստծո ողորմածությանը։ 

 

«Կան մարդիկ, որոնք շարունակ մեղքեր են գործում, բարիք չեն գործում, երբեմն գալիս են եկեղեցի, մոմ վառում կամ մատաղ անում ու մտածում, որ այդպես կփրկվեն: Այդպես են պատկերացնում Աստծո հետ շփումը: Առակը պատգամում է Տիրոջ հետ հանդիպմանը պատրաստ լինել ապաշխարությամբ, մաքրված, բարի գործերով»,- նշում է Տեր Զաքարիան:

 

Ավագ չորեքշաբթի. պատրա՞ստ ենք տալ մեր ունեցած ամենաթանկը 

 

Ավագ չորեքշաբթիի խորհուրդը ներկայացնում են ավետարանական երկու կարևոր դրվագներ: 2 օրինակները առիթ են մտածելու՝ ո՞վ ենք մենք, ի՞նչ ճանապարհով ենք ցանկանում գնալ՝ Տիրոջը դավաճանելո՞ւ, թե՞ պատրաստ ենք մեր ունեցած ամենաթանկը տալ Նրան: 

 

Բեթանիայում բորոտ Սիմոնի տանը մի կին թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Հովհաննես Ավետարանիչը նշում է, որ այդ կինը Ղազարոսի քույր Մարիամն էր, այն Ղազարոսի, որին Տերը հարություն տվեց: Երբ կինը թանկարժեք յուղով օծում է, Հուդա առաքյալը բողոքում է, որ ավելի լավ կլիներ, որ այդ յուղը վաճառվեր երեք հարյուր արծաթ դահեկանով ու տրվեր աղքատներին: Աստծո Որդին, ի պատասխան առաքյալի դժգոհությանը, ասում է. «Հանգի՛ստ թողեք նրան, ինչ որ անում է, իմ թաղման օրվա համար է։ Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք. ինձ միշտ չեք ունենա ձեզ հետ» (Հովհաննես 12:7-8)

 

Ավագ չորեքշաբթի հիշատակվում է նաև Տիրոջ մատնությունը առաքյալներից Հուդայի կողմից: Փարիսեցիներն ու օրենսգետները պլանավորել էին սպանել Հիսուսին և Հուդան Տիրոջը մատնում է չնչին գումարով՝ 30 արծաթով: 

 

Ավագ հինգշաբթի. պարտավոր ենք ծառայել մեկս մյուսին

 

Եկեղեցական արարողություններով ամենահագեցած օրը Ավագ հինգշաբթին է: Առավոտյան ժամերգության ավարտին իրականացվում է ապաշխարողների արձակման կարգ, այնուհետև Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ Հիսուս Քրիստոսի կողմից Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման: Կատարվում է Ոտնլվայի կարգ, ավարտին` յուղի օրհնություն: Ոտնլվայի արարողությանը եկեղեցականները լվանում են մարդկանց ոտքերը, քանի որ Քրիստոս վերջին ընթրիքից հետո լվաց աշակերտների ոտքերը: Տեր Զաքարիայի խոսքով՝ Ոտնլվայի արարողությունը պատգամում է խոնարհ լինել. 

 

«Աստված մարդացավ, ապրեց մարդկանց մեջ՝ կրելով շատ զրկանքներ, տառապանքներ, խոնարվեց ու աշակերտների ոտքերը լվաց: Այս օրինակը ցույց է տալիս, որ յուրաքանչյուրս պարտավոր ենք ծառայել մեկս մյուսին»:

 

Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը խորհրդանշում է Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը:

 

Խորանի վրա վառվող 13 մոմերը խորհրդանշում են Քրիստոսին ու առաքյալներին: Ավետարանական յուրաքանչյուր ընթերցանությունից հետո հերթով հանգցնում են երկուական մոմ վերջում թողնելով Քրիստոսին խորհրդանշող մոմը, ինչը հիշեցնում է, որ առաքյալները լքում են Նրան: Հուդային խորհրդանշող մոմը սև գույնի է լինում և չի վառվում:

 

Ավագ ուրբաթ. մեր փրկության ճանապարհը

 

Ավագ ուրբաթ. մեր փրկության ճանապարհը

 

Ըստ Ավետարանի՝ Վերջին ընթրիքից հետո Գեթսեմանի պարտեզում հռոմեացի զինվորները ձերբակալում են Հիսուսին և խաչում Տիրոջը: Խաչելության խորհուրդը չարի նկատմամբ հաղթանակն է՝ աստվածային սիրով: Քրիստոս մահացավ և հարություն առավ հանուն մեր փրկության, Սուրբ Հարությունը դարձավ մեր փրկության ուղին: 

 

Ավագ Ուրբաթ երեկոյան ժամերգությունից հետո, ի հիշատակ Քրիստոսի թաղման, եկեղեցուց դուրս է հանվում խորհրդանշական ծաղկահյուս գերեզմանը: Մահը այլևս սարսափելի չէ, որովհետև մենք գիտենք հարության մասին: Այդ պատճառով գերեզմանը լինում է ծաղիկներից, որն ավետում է կյանք, հավիտենություն ու երանություն:

 

Անի Ավագյան

 
  • 2025-04-13
×