Տերը գալիս է ծաղկազարդելու մեր հոգիները

Տերը գալիս է ծաղկազարդելու մեր հոգիները

Ապրիլի 13-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ծաղկազարդը: Սուրբ Պատարագից հետո կկատարվի Մանուկների օրհնության կարգ: Տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ, երբ Տերը մտնում է Երուսաղեմի տաճար, մանուկներն աղաղակում էին. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթեոս 21:15):

 

Պիտի մաքրվեն նաև մեր հոգիները

 

Աստծո Որդին մտավ Երուսաղեմ, փրկության ուղին ցույց տալու և մաքրեց տաճարը վաճառականներից: «Նույն կերպ Տերը գալիս է ծաղկազարդելու մեր հոգիները»,- հիշեցնում է Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանն ու հարցնում. «Պատրա՞ստ ենք ընդունելու Նրան»:



 

Տիրոջ մուտքը Երուսաղեմ նկարագրում են 4 ավետարանիչները: Քրիստոս առաքյալների ուղեկցությամբ էր, ավանակին նստած, ինչը խորհրդանշում է հեզությունն ու խոնարհությունը, իսկ քրիստոնեության մեջ խոնարհ լինելը ոչ թե թուլության, այլ հզոր լինելու նշան է, հիշեցնում է հոգևորականը.

 

«Քաղաքի բնակիչները Հիսուսի առաջ փռում էին ձիթենու ու արմավենու ճյուղեր, իրենց զգեստները, դիմավորում էին Քրիստոսին, ինչպես վայել է արքային, քանի որ ցանկանում էին առաջնորդ, որը կազատագրեր նրանց հռոմեացիների լծից: Տերը, սակայն, Երուսաղեմ մտավ ոչ թե այն նվաճելու, այլ աշխարհին խաղաղություն, փրկություն բերելու»:

 

Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշում է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ձիթենու ու արմավենու ճյուղերի շնորհումն առանձնակի պատիվ էր: Ձիթենին ընկալվել է՝ որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի ու փառքի խորհրդանիշ: Արմավենու ճյուղերը կարծես մեր ընծաներն են Տիրոջը: 

 

«Ինքներս մեզ հարց տանք̀ ո՞վ ենք մենք̀  մանուկները, որոնք փառաբանում են Հիսուսին և անկեղծ աղաղակում՝ գոչելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն», թե դպիրներն ու փարիսեցիներն ենք, որոնք ցանկանում էին լռեցնել ճշմարտության ձայնը»,- հարցնում է քահանան:

 

Ավետարանում նկարագրվում է, որ Հիսուս մաքրում է Երուսաղեմի տաճարը առևտրականներից, վաշխառուներից: 

 

«Գրված է. “Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի”, այնինչ դուք այն ավազակների որջերի եք վերածել» (Մատթեոս 21:13)։

 

Տեր Կարապետն ընդգծում է՝ նույն կերպ պիտի մաքրվեն նաև մեր հոգիները, պետք է ազատագրվենք մեղքերից.

 

«Խորհրդաբանորեն Երուսաղեմը մարդկային մարմինն է, և Տերը կարծես մուտք է գործում մեր ներքին տաճար և ինչպես տաճարից վտարեց առևտրականներին, այնպես էլ մեր հոգուց է փորձում վտարել մեղքը: Նա փորձում է մաքրել մեր հոգին, մեր սիրտը, մեր միտքը պղծությունից»:

 

Արարիչն օգնելու է մեզ, բայց շատ կարևոր է մեր կամքը: Մենք պետք է պատրաստ լինենք, ընդունելու Տիրոջը: Օրվա պատգամն է՝ թույլ տալ, որ Տերը մուտք գործի մեր հոգու տաճար, և մենք կլինենք այն երանելի վիճակում, ինչպես նախկինում էինք, մինչև մարդ մեղք գործեց: 

 

Անի Ավագյան

 
  • 2025-04-12
×