Պահքը վերահաստատում է մեր կապն Աստծո հետ, նշում է Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանը: Հոգևորականի հետ մեր զրույցը պահքի, ծոմապահության պատմական ընթացքի մասին է:
Պահեցողությունը՝ Հին Կտակարանում
-Դրախտի պարտեզում Աստված տվեց ուտելու վերաբերյալ զգուշացումը. «Բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք»: Հին Կտակարանում բազմաթիվ են հիշատակությունները պահեցողության հետ կապված: Մարդիկ պահք էին պահում ոչ միայն մեղքերի ներման համար, այլև որպեսզի հաղորդակցվեին Տիրոջ հետ: Մովսես մարգարեն Սինա լեռան վրա 40 օր ծոմ պահեց: Հին Կտակարանը վկայում է նաև Նոյի, Մովսեսի, Եղիայի, Դանիելի, Եղիսեի, Դավթի պահեցողության մասին:
Պահքը, ծոմապահությունը՝ Նոր Ուխտում
-Նոր Ուխտի պահեցողության առաջին դրվագը տեսնում ենք, երբ Աստծո Որդին անապատում 40 օր ծոմ պահեց: Աստծո Որդին Իր օրինակով ցույց տվեց, թե ինչպես է պետք հաղթահարել պահքի ընթացքում առաջ եկած գայթակղությունները. «Ոչ միայն հացով է ապրում մարդ, այլև այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից»: Աստծո Որդին կատարյալ Մարդ էր և կատարյալ Աստված, և անապատում Նրա ծոմապահությունը մարդկանց փրկության համար էր: Այն օրինակ պետք է լիներ․ Քրիստոս եկավ մեզ ցույց տալու փրկության ճանապարհը:
Մատթեոսի Ավետարանում կարդում ենք, որ երբ Հիսուսին հարցնում են, թե Իր աշակերտներն ինչո՞ւ ծոմ չեն պահում, Հիսուսը պատասխանում է. «Մի՞թե կարելի է հարսանիք հրավիրվածներին սուգ անել, քանի դեռ փեսան նրանց հետ է։ Բայց օրեր կգան, երբ փեսան նրանցից կվերցվի, և ապա իրենք էլ ծոմ կպահեն»։
Հոգին զորացնե՛նք աղոթքով
-Մեծ Պահքը կամքի ուժի դրսևորման, բացասական սովորություններից հրաժարվելու և կյանքը սչբագրելու շրջան է: Պահքը վերահաստատում է մեր կապն Աստծո հետ:
Հիշենք, որ Աստված կանչում և սպասում է մեզ: Հպարտությամբ մի՛ պարուրվեք, թե ամեն ինչ գիտեք: Առանց փրկության տապանի չեք կարող արժանանալ փրկության: Եկեղեցին փրկության նավն է, տապանը: Հոգին զորացնե՛նք աղոթքով և Աստծո հետ կապի միջոցով: