Ճանապարհ՝ քայլ առ քայլ մոտենալու Արարչին

Ճանապարհ՝ քայլ առ քայլ մոտենալու Արարչին

Մարտի 3-ից մեկնարկել է Մեծ Պահքը: Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանի խոսքով՝ պահքը բժշկություն է մեր հոգու ու սրտի համար: Ստորև ներկայացնում ենք հոգևորականի հետ զրույցից հատված:

 

Պահքի նպատակի մասին

 

-Պահեցողությունը ճանապարհ է՝ վերադարձ դեպի այն երանական վիճակը, որից զրկվեցինք մեր մեղքերի պատճառով: Ադամն ու Եվան դարձան մեղավոր՝ հակառակվելով Տիրոջ խոսքին և վտարվեցին դրախտից: Մարդիկ մեղքեր գործեցին ու հեռացան Տիրոջից: Պահքի նպատակն է վերադառնալ այն վայրը, որտեղից վտարվեցին մեր նախահայրն ու նախամայրը: Պահեցողությունը կօգնի ունենալ հոգևոր աճ, դառնալ այնպիսին, ինչպիսին մարդն ի սկզբանե էր, մինչև մեղավոր դառնալը:

 

Ազատ կամքի ու մեր ընտրության մասին

 

-Եթե Տերը կարող էր թույլ չտալ, որ ուտեն արգելված պտուղը, ինչո՞ւ ոչինչ չարեց, որովհետև Աստված մարդուն տվել է ազատ կամք: Տերը մեզ ոչինչ չի պարտադրում, այլ ցույց է տալիս փրկության ճանապարհը: Արգելված պտուղը ճաշակելուց հետո, երբ Աստված հարցրեց Ադամին՝ արդյո՞ք կերել է այն ծառից, Ադամն ասաց. «Կինը, որին ինձ ընկեր տվեցիր, նա՛ տվեց ինձ այդ ծառից, և կերա», մինչդեռ Արարիչը ցանկանում էր տեսնել մարդու ապաշխարությունը: Առաջին մարդիկ մեղք գործեցին, չապաշխարեցին ու վտարվեցին դրախտից: Տերը մեզ տվել է միտք, մտածելու ունակություն: Ընտրողը մենք ենք: Ինչպես ավետարանական առակում անառակ որդին, այնպես էլ մենք պետք է վերադառնանք մեր Հոր մոտ: Մեծ Պահքը քրիստոնյայի համար երկրավոր կյանքի ճանապարհներից է՝ քայլ առ քայլ մոտենալու Աստծուն: Տերը սպասում է մեզ:

 

Մեղքի մասին

 

-Մեր հայրերն ասում են, որ Ադամը մեղք գործեց հինգ զգայարաններով. տեսավ, ցանկացավ, լսեց Եվայի գայթակղիչ խոսքերը, քայլեց դեպի իր կինը, վերցրեց արգելված պտուղն ու ճաշակեց այն: Զգայարանների միջոցով է մեղքը մտնում մարդու մեջ ու աղտոտում մարդու հոգին: Պահքի միջոցով մենք զսպում ենք մեր զգայարանները, որպեսզի զորացնենք հոգին և փորձենք հեռու մնալ մեղքից: Երբ մեր մարմինը տկար է, մենք այցելում ենք բժշկի, ընդունում դեղամիջոցներ: Նույն կերպ, երբ մեր հոգին հիվանդանում է մեղքերից, Աստծո կամքին հակառակ գործելուց, մենք պետք է հոգ տանենք մեր հոգու մասին: Պահքը շատ լավ դեղամիջոց է: 

 

Պատրաստեց Անի Ավագյանը

 
  • 2025-04-08
×