«Քրիստոսի հետ խաչը ելա. Կենդանի եմ այսուհետև...» (Գաղատ. 2.20)
«Քրիստոսի հետ խաչը ելա. Կենդանի եմ այսուհետև...» (Գաղատ. 2.20)
Քրիստոնեության մեջ շատ վաղուց արդեն Խաչը խորագույն մեծարանքի առարկա է դարձել։ Խաչն այն օրվանից դադարեց գերիների տանջանքի համար նախատեսված գործիք լինելուց, երբ աշխարհին կտակեց իր վրա մարդկության փրկության համար Ինքն Իրեն Զոհողին՝ նույն Ինքը՝ Աստծուն։
…Առաքյալն աշխարհին հայտարարում է, որ իր մեկ ու միակ պարծանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչն է։ Ահա այդպես է Պողոս առաքյալը խոսում ու հռչակում Խաչի պարծանքը՝ հիմնվելով այն ըմբռնման վրա, որ աշխարհն իր համար խաչված է, և ինքն էլ խաչված է աշխարհի համար։ Ու այդ ամենի պատճառն այն է, որ հեթանոսների առաքյալը միայն Խաչի մեջ է տեսնում Աստծու վեհությունը՝ իր մեծավայելուչ բոլոր երանգներով զարդարված։ Դամասկոսի ճանապարհին հայտնված տեսիլքը Պողոսի հանդեպ վերջին հաղթանակն էր՝ նրանից Ավետարանի ընտիրագույն անոթ պատրաստելու համար։ Եվ ահա Պողոսը, իր իսկ եռանդից ու հույզերից գինովցած, ականատես եղավ, թե մի անմեղ նայվածքը, մի կաթիլ արյունն ինչպես կարող էին բավական լինել՝ փշրելու համար ա՛յն «պարծանքը», որը նա կարողացել էր իբրև «հաստատուն» և «հարատև» պարիսպ պատրաստել իր համար։
Պողոսը հասկացավ, որ ինքը պատրանքի մեջ էր, և մինչ այդ պահը խաբված ու սխալ ճանապարհի վրա եղած լինելու հոգեկան կսկիծը Պողոսի դարձի ու նոր պարծանքի նախաշավիղը եղավ։ …Պողոսն այդժամ միայն Խաչով էր խմորված, միայն Խաչի զորությունն էր նա զգում։ Եվ այդ պահից սկսած արդեն սխալ գաղափարներով որդեգրված Իսրայելն այլևս Պողոսինը չէր․ այժմ ավելի տևական ու ավելի լուսավոր մի Իսրայելի՛ էր Պողոսը պատկանում։ Առաքյալը զգում էր, որ ինքն այլևս երկրին չէր ծառայում, քանի որ ինչպես հենց ինքը՝ Պողոսն է ասում, «մեր քաղաքացիությունը երկնքում է» (Փիլիպ․ 3։20): Ուստի, Պողոս առաքյալի հույսն ու հավատն այլևս իր պարծանքի՝ Խաչի՛ վրա էր հաստատված։
…Աշխարհի մարդկանց համար կյանքը պատահականություն է, իսկ մահը՝ դիպված, ուստի և միայն մարմնի վայելքն է նրանց գոյության նպատակը։ Այդ մարդիկ պատահաբար ձեռք գցած դիրքով, հարստությամբ, ուժով, գեղեցկությամբ և շողշողուն անդամանդներո՛վ են ցանկանում գեղազարդել իրենց պարծանքի պսակը։ Օ՛, ինչպիսի՛ խեղճ պարծանք և ի՛նչ ողորմելի պսակ այդ պարծանքի համար։ Առաքյալի պարծանքը նրան պատրաստակամ է դարձնում մինչև իսկ մեռնելո՛ւ Հիսուսի հետ և Հիսուսի համար, որովհետև առաքյալը մի ներքին համոզում ունի, «թե մեռնելով Հիսուսի հետ, Նրա հետ էլ պիտի ապրի» (հմմտ․ Բ Տիմ․ 2։11):
…Խաչի պարծանքն է, որ Պողոսին թելադրում է ասել հետևյալը․ «Քրիստոսի հետ Խաչը ելա. կենդանի եմ այսուհետև, բայց ոչ թե ես, այլ իմ մեջ ապրում է Քրիստոս: Իսկ հիմա որ կենդանի եմ մարմնով, Աստծու Որդու հավատո՛վ եմ ապրում, որ սիրեց ինձ և Իրեն մահվան մատնեց ինձ համար» (Գաղ․ 2։20)։
Մինչդեռ աշխարհի պարծանքը մարդուն ցույց չի տալիս մեկին, որի անսահման սերն ու զոհաբերությունն իրեն զորացնում է փորձությունների ժամանակ, վհատումների և հանապազօրյա լքվածության մեջ։
Առաքյալի պարծանքը հավիտենական կյանքի պատկերով կենդանացնում ու դեպի Աստված է տանում մարդուն, մինչդեռ աշխարհի պարծանքը առաջնորդում է դեպի կորուստ, դեպի ոչնչացում․«Որովհետև չգիտե՞ք, որ սերը այս աշխարհի հանդեպ՝ թշնամություն է Աստծու դեմ, քանի որ ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կանի» (Հակ․ 4։4)։ Եվ մի՞թե Հիսուս Քրիստոս բուն իսկ քրիստոնեության իրական հանգամանքը չէ, որ բանաձևում էր անձնուրացության ոգին Խաչի գաղափարի մեջ խտացնելով և ասելով․ «Եթե մեկը կամենում է Իմ հետևից գալ, թող ուրանա իր անձը և իր Խաչը մշտապես վերցնի և գա Իմ հետևից» (Ղուկ․ 9։23)։
...Ցավալի է, որ մինչև այժմ մենք այնքա՛ն անարժան քրիստոնյա ենք եղել, որ կորցրել ենք մեր հոգեկան հավասարակշռությունը և, մի ձեռքով Խաչին հակվելով, մյուս ձեռքով մեր հաստությանը, մեր գեղեցկությանն ու մեր զորությանն ենք փարվել։ Խաչի պարծանքը որդեգրելու ընթացքում մենք ավելի շատ աշխարհո՛վ ենք հղփանում և, ձեռքներս մաճի վրա դրած, հայացքներս մշտապես դեպի հետ ենք հառում (տե՛ս Ղուկ․ 9։62)։ Մեկ խոսքով ասած՝ մենք նմանվում ենք «բարեպաշտ», բայց և միևնույն ժամանակ խորամանկ վաճառականի, որը կիրակի օրը փակում է իր վաճառատունը, սակայն գաղտնի դռնից հաճախորդ է ընդունում՝ Աստծուն հրապարակավ փառաբանում է, սակայն գաղտնապես ուրանում է Նրան։
Խաչի պարծանքի և աշխարհի պարծանքի միջև ընտրությունը կյանքի և մահվան ընտրությունն է։ Ահավասիկ, ընտրե՛ք, սիրելինե՛ր․ մեզնից յուրաքանչյուրն ունի այդ իրավունքը, որովհետև ընտրելու ազատությունից կախում ունի մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվությունը։
Խաչի ընտրությունը հավատք է, որը բնավ չի դրժվում, պարծանք է, որ սահմանված է անմահության համար․ «Սակայն քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչով»,- բացականչում է սուրբ Պողոսն այն ժամանակ, երբ իր շուրջը շարունակաբար, դարերի հոլովույթում տեսանելի է դառնում, թե ինչպես է աշխարհի պարծանքը կործանվում, գեղեցկությունները՝ եղծվում, ուժերը՝ սպառվում, և հարստությունները ոչնչանում՝ ճակատագրի կամ բնության մեկ ապտակով, մինչդեռ Խաչի պարծանքը շարունակ ապրում և ապրեցնում է յուրայիններին՝ նրանց ներշնչելով այն ամենը, ինչը հավիտենականություն է ապահովում։
Այո՛, աշխարհը շահագործում է մեզ, նա մեզ գործիքի է վերածում իր ծրագրերի հաջողությունն ապահովելու, մեզ իր ցանցի մեջ մեզ գցելու և իր հաճույքների մեջ խեղդելու համար, մինչդեռ Խաչի պարծանքը մեզ համար հաղթանակներ է պատրաստում։
Մենք պետք է հաղթանակենք Հիսուս Քրիստոսով, որովհետև ա՛յդ է քրիստոնյայի կոչումը (տե՛ս Հռոմ․ 8։37, 12։21)։ Մենք պետք է ասենք սուրբ Պողոսի հետ․ «Սակայն քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչով»։
Մենք պետք է աշխարհը գործածենք ու կիրառենք մեր շնորհների ու մեր հավիտենական հույսերի զորությամբ, պետք է այդ աշխարհը Խաչո՛վ ու հանուն Խաչի՛ արդյունավորենք և Աստծու՝ մեզ պարգևած շնորհներն ու կարողությունները մեր այդ հավիտենական պարծանքին ու մեր կյանքին ծառայեցնենք՝ սուրբ Պողոսի հետ բացականչելով․ «Սակայն քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար» (Գաղ․ 6։14)։
Ձեզ ամենքիդ հոգու այդ բարձունքը, հավատքի այդ համոզմունքը և պարծանքի այդ անթառամ պսակն եմ մաղթում։
Մուշեղ ծ․ վրդ․Սերոբյան (Կոստանդնուպոլսեցի), «Փոքր քարոզգիրք ժողովրդի համար», Կ․ Պոլիս, 1905 թ.