«Ահավասիկ Տիրոջ աղախինն եմ, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկաս 1:38):
Այսպես է պատասխանում Սուրբ Կույսը, երբ Գաբրիել հրեշտակապետը նրան հայտնում է, որ զավակ է ունենալու, և Նա կկոչվի Բարձրյալի Որդի: Ավետարանական այս դրվագում Մարիամը տալիս է իր համաձայնությունը, և սկսվում է մեր փրկության պատմությունը:
Սուրբ Կույսի միջոցով աշխարհ եկավ Լույսը և Փրկությունը, ու պատահական չէ, որ ընտրվեց հենց Մարիամը:
«Աստվածածինը կատարյալ օրինակ է մեզ համար, որ մենք, որպես քրիստոնյաներ, ձգտենք Սուրբ Կույսի խոնարհությանը և այդ ճանապարհով Աստծո կամքի կատարմանը: Աստվածամոր պատասխանը պատմում է Աստծո խոսքի հանդեպ կատարյալ հավատքի, անսակարգ սիրո մասին: Իր սիրո դրսևորումը նա արտահայտում է խոնարհության և հավատարմության միջոցով»,- նշում է Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների խորհրդակատար Տեր Արսեն քահանա Սարոյանը:
Եկեղեցական ավանդության համաձայն՝ Սուրբ Կույսի ծնողները բարեպաշտ ու աստվածավախ էին և նախքան իրենց դստեր ծնունդն ուխտել էին աղջկան ընծայել Տաճարին: Աստվածամայրը մինչև 14 տարեկան ծառայել է Տաճարում և կարողացել է հասնել այն սրբությանը, մաքրությանը, որ արժանանա Աստծուն իր մեջ կրելու մեծագույն պատվին, հավելում է Տեր Արսենը:
Մայրերի ու մայրության բերկրանքին սպասող կանանց օրը
Ավետման տոնին եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ: Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը ապրիլի 7-ը հռչակել է մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:
Քահանան հիշեցնում է, որ Աստվածամոր կերպարը, իր հավատարմությունը, հնազանդությունը, հավատքը կատարյալ օրինակ է յուրաքանչյուր քրիստոնյայի, բայց հատկապես կանանց ու մայրերի համար:
«Եթե կինը կրում է մայրության բերկրանքը, Աստծո կողմից արժանացել է որդեծնության մեծագույն պատվին, պետք է ձգտի՝ հասնելու Սուրբ Կույսի կատարելությանը, մաքրությանը, Աստվածամոր օրինակով կյանքում գտնի հոգևոր խաղաղություն, ներդաշնակություն: Այդ ձգտման ճանապարհին պետք է կարողանա մայրական կաթի հետ իր զավակներին փոխանցել Աստծո խոսքն ու սերը, իր ընտանիքին փոխանցի Տիրոջից ստացած շնորհներն ու խաղաղությունը»,- հավելում է հոգևորականը:
Տոնը ևս մեկ առիթ է կանանց ու մայրերի համար՝ խորհելու իրենց դերի, վստահված մեծ առաքելության մասին: Պատահական չէ, որ Մարիամ թարգմանաբար նշանակում է լուսավորյալ, իսկ առաջին կնոջ անունը Եվա էր, ինչը նշանակում է կյանք: