Լուսավորիչը՝ Վիրապի անլույս խավարի լույսը

Լուսավորիչը՝ Վիրապի անլույս խավարի լույսը

Հավատքով, լույսով լցված հաղթահարենք բոլոր փորձությունները

 

Ապրիլի 5-ին Հայ Առաքելական Եկեղեցին Մեծ Պահքի հոգևոր ճանապարհորդության ընթացքում հայ քրիստոնյաներին տեղափոխում է դարերի խորքը, դեպի Խոր Վիրապ, որտեղ, ըստ պատմական ու վարքագրական հիշատակությունների, հայոց առաջին հայրապետը մնացել է 13 տարի: 

 

Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու հիշատակության օրը Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում կմատուցվի բաց Խորանով Սուրբ Պատարագ, ավարտին կբաշխվի Սուրբ Հաղորդություն:

 

Լուսավորչի անցած ճանապարհը՝ վկայություն առ Աստված ունեցած հավատքից բխող հրաշքների

 

Մութ զնդանում, թունավոր սողունների, ցրտի ու խոնավության մեջ նա չի կորցրել հավատն ու դարձել է Վիրապի անլույս խավարի լույսը: 

 

«Գրիգոր Լուսավորիչը կոչված էր լինելու այն հունդը, ցորենի հատիկը, որը ծլարձակեց, տվեց իր հասկերը, պտուղները, հայոց աշխարհում տարածվեց Ավետարանի լույսը: Նա լուսակիրն էր, լուսավորիչը, լույսը բերողը»,- նշում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու խորհրդակատար Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը:



 

Հոգևորականը հավելում է՝ հայոց առաջին հայրապետի անցած ճանապարհը վկայություն է առ Աստված ունեցած հավատքից բխող հրաշքների: Լուսավորիչը դիմանում է չարչարանքներին, որովհետև Լույսը նրա հետ էր: Աստված չլքեց ու միայնակ չթողեց Իր փրկիչ ներկայությամբ: 

 

Ըստ պատմական աղբյուրների` Սուրբ Գրիգորը՝ Տրդատ թագավորի արքունի դիվանապետը, քրիստոնյա էր և հեթանոս աստվածներին չերկրպագելու համար է ենթարկվում չարչարանքների: Նշվում է, որ Անակ Պարթևը, սպանելով հայոց Արշակունի Խոսրով թագավորին, սպանվում է հայ իշխանների կողմից: Անակ իշխանի որդին՝ Գրիգորը, Կեսարիայում դաստիարակվում է որպես բարեպաշտ քրիստոնյա: Տրդատը չէր ընդունում քրիստոնեությունը: Նա հրամայում է դիվանապետին երկրպագել Անահիտ աստվածուհուն, բայց մերժում է ստանում: Արքան, իմանալով, որ նա քրիստոնյա է և իր հորը սպանած Անակի որդին, նրան չարչարանքների է ենթարկում ու նետում Խոր Վիրապի զնդանը: 

 

Ընթացք դեպի փրկություն 

 

Մեր հավատքի հայրը կարողացավ հեթանոս մի ժողովրդի առաջնորդել դեպի փրկություն, հային տանել անմահության ճանապարհով:   

 

«Հույսը նրան սիրով առաջնորդում էր դեպի Տերը: Յուրաքանչյուր մարդ պետք է իր խաչը վերցնի ու գնա Տիրոջ հետևից: Մեր սիրտը բաց պետք է լինի լույսի համար: Այն մեզ պետք է օգնի մեր փրկության համար: Գրիգոր Լուսավորիչը դարձավ օրինակ հայ ժողովրդի համար: Մենք պետք է հավատարիմ լինենք մեր հայրերի ուխտին: Պետք է տարածենք Տիրոջ լույսը»,- նշում է Տեր Բաբկենը:

 

Հիշատակության օրը առիթ է ևս մեկ անգամ հիշելու, որ մեր հավատքի հայրը համբերությամբ ու հաստատակամությամբ տարավ բոլոր չարչարանքները: Դարերի ընթացքում մեր ազգը հաղթահարել է բազմաթիվ փորձություններ: Հոգևորականի հորդորն է՝ լինել համբերատար, հավատքով, լույսով լցված հաղթահարել փորձությունները, որովհետև դրանք ժամանակավոր են: Ընթանա՛նք այն ճանապարհով, որը տանում է դեպի Լույս, դեպի փրկություն: 

 

Անի Ավագյան

 
  • 2025-04-04
×