Չհուսահատվենք, այլ անտրտունջ աղոթենք. Դատավորի կիրակի
Չհուսահատվենք, այլ անտրտունջ աղոթենք. Դատավորի կիրակի
Մեծ Պահքի հինգերորդ կիրակին է, որը հիշեցնում է՝ անկեղծ աղոթքը պիտի դառնա մեր կյանքի անբաժան մասը:
Դատավորի կիրակիին հիշատակվում է աստվածաշնչյան առակն անիրավ դատավորի ու այրի կնոջ մասին (Ղուկաս 18:1-8): Առակը պատգամում է աղոթքի մեջ լինել հաստատակամ, հավատքի մեջ՝ ամուր:
Հարատև աղոթք հուսահատության փոխարեն
Ըստ առակի՝ մի այրի կին դիմում է դատավորին, որ իր խնդրին լուծում տա: Անխիղճ դատավորն անտեսում է կնոջ աղաչանքները, սակայն կինը չի հուսահատվում. ամեն օր այցելում է նրան: Դատավորը, ձանձրացած կնոջ այցերից, որոշում է խնդրին լուծում տալ:
Այրի կնոջ վարքը մեզ համար օրինակ է, նշում է Սրբոց Առաքելոց եկեղեցու հոգևար հովիվ Տեր Հովհաննես քահանա Մարուքյանը.
«Որքան էլ դժվար և անելանելի թվա դրությունը, չպետք է հուսահատվել, այլ անդադար, անտրտունջ, հարատև աղոթել և վստահ լինել, որ Տերը կլսի մեր աղոթքը: Աստված այն մարդկանց պաշտպանն է, որոնք զոր ու գիշեր աղոթքով դիմում են Նրան, ապավինում Նրան, ապրում Աստծո պատվիրանների համաձայն, ունեն խոնարհ սիրտ»:
Մենք Տիրոջը դիմում ենք բազմաթիվ խնդրանքներով: Ոմանք երբեմն հուսահատվում են, բայց աղոթքը պիտի լինի մշտական ու անկեղծ, նույնիսկ, երբ թվում է, թե չենք լսում Տիրոջ ձայնը։
«Եկեղեցու հայրերն ասում են, որ աղոթքը մեր երկրային կյանքի ճանապարհորդության ընթացքում մեր ձեռքում եղած գավազան է: Երբ մարդը ծանրաբեռնված է մեղքերի մեջ, այդ գավազանն օգնում է մեղավոր մարդուն բարձրանալ փրկության լեռը»,- նշում է Տեր Հովհաննեսը:
Աստված ե՞րբ է լսում մեզ, երբ մեր աղոթքն ընդունելի ու հաճելի է Տիրոջը, նշում է քահանան: Երբ ներում ենք խնդրում, երբ փորձում ենք ընթանալ ապաշխարության ճանապարհով:
«Եկեղեցու հայրերն ասում են, ինչպես չի կարելի բուժել վերքը այնքան ժամանակ, մինչև այդ վերքի մեջ փուշ կա, այնպես էլ Աստված չի լսի մեր խնդրանքները մինչև մեր հոգուց չհանենք մեղքը, ախտը»,- հավելում է Տեր Հովհաննեսը:
Քահանան հիշեցնում է առակի վերջում ասված խոսքերը. «Լսե՛ք, թե ի՛նչ էր ասում անիրավ դատավորը։ Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են, և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի։ Այո՛, ասում եմ ձեզ, նրանց հանդեպ իսկույն արդարություն կանի» (Ղուկաս 18:6-8):
Առակում չի արդարացվում անիրավ դատավորը: Պատմությունը ցույց է տալիս, եթե անիրավ մարդն ի վերջո լսեց կնոջը, Տերը, որ ամբողջությամբ սեր է, առավել ևս կկատարի բոլոր նրանց խնդրանքները, ովքեր հավատքով ու անտրտունջ աղոթքով խնդրում են:
«Աստծու արքայությո՛ւնը փնտրեք, և մնացածը ավելիով կտրվի ձեզ» (Ղուկաս 12:31):