Պահեցողությունը մաքրում է հոգին, վեհացնում միտքը

Պահեցողությունը մաքրում է հոգին, վեհացնում միտքը

Պահքը հոգևոր մաքրագործման ճանապարհ է, ուղի դեպի Լույսը. ինչպե՞ս անցնել այդ ճանապարհն ու հաղթահարել ինքներս մեզ ու մեր տկարությունները. ներկայացնում են եկեղեցու հայրերը:

 

Խորհուրդներ պահք պահելիս

 

«Զղջումը, աղոթքը, ապաշխարությունն անբաժան պետք է լինեն պահեցողությունից, քանի որ սրանք են հիմնական պայմանները, որտեղ գործում է Աստծո բուժիչ ու քավիչ զորությունը». Շնորհք Պատրիարք

 

«Երբ պահեցողությունը լինում է նիհարելու և առողջությունը վերականգնելու նպատակով, որքան էլ որ օգտակար լինի, այն կրոնական արժեք չի ներկայացնում». Շնորհք Պատրիարք

 

«Եթե ուզում ես հաղթահարել որկրամոլությունը, սիրի՛ր չափավորություն, Աստծո վախն ունեցիր ու կհաղթես». Եփրեմ Ասորի

 

«Պահեցողության պատճառով մեծամտանալն անմտություն է, քանի որ կարո՞ղ է արդյոք վարպետը մեծամտանալ նրանով, որ ինքը շատ գործիքներ ունի, եթե նա դրանցով ոչ մի օգտակար բան չի անում: Այդպես էլ պահքը և մնացած բոլոր մարմնավոր ջանքերն առաքինություն ձեռք բերելու միջոց են, այլ ոչ թե իրենք են առաքինություններ հանդիսանում». Հայր Զոսիմոս

 

«Եթե մարդը չարհամարհի իր մարմինը, չի կարող աստվածային լույսը տեսնել». Աբբա Եսայի

 

Պահքի օգտակարության մասին

 

«Պահեցողությունը մաքրում է հոգին, վեհացնում միտքը, չափի ու հակակշռի տակ է պահում կրքերը, ցրում է ցանկության ամպերը, մարում է սեռական կրակը և վառում է ճշմարտության լույսը». Օգոստինոս Երանելի

 

«Քանի որ պահք չպահելով՝ վռնդվեցինք դրախտից, այդ պատճառով էլ պահեցողություն անենք, որ նորից դրախտ մտնենք». Բարսեղ Կեսարացի

 

«Մարմնի պահքը հոգու սնունդն է». Հովհան Ոսկեբերան

 

«Պահքը սանձ է մեղքի համար». Հայր Եպարքոս
 

«Առաջին պատվիրանը պահքն է, որ Աստված տվեց Ադամին՝ ասելով, որ. «Բոլոր պտուղներից կեր», սա ուտիքի համար էր: «Բայց միայն մեկ պտղից մի կեր», սա էլ պահքի համար էր: Ադամը, քանի որ պահեցողություն չարեց, զրկվեց Դրախտից և չարչարանքների այս աշխարհը ժառանգեց: Ուստի, եթե մենք սրբությամբ պահք պահենք, կվերադառնանք Դրախտ՝ մեր հայրենի տունը». Հովհաննես Երզնկացի



 

  • 2025-03-27
×