Միջինք է. Մեծ Պահքը կիսվեց։ Մինչև Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը մնացել է ապաշխարության քսանչորս օր։
Միջինքին Պահքը չի լուծվում։ Միջինքն ապաշխարության ընթացքի կարևոր հանգրվանն է, հասկանալու, որ մենք դեռ ժամանակ ունենք ապաշխարելու:
Ազգային ավանդույթների հետքերով
Երգով ու պարով, ավանդույթները պահպանելով Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդներն ամեն տարի պատրաստում են գաթան` Միջինքի գլխավոր կերակրատեսակը։ Պասային թխվածքի մեջ մետաղադրամի կամ հատիկեղենի փոխարեն դրվում է օրհնված խաչ: Գաթան համտեսում են Միջինքին և օրը տոն դարձնում ազգային երգ ու պարով:
Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի խոսքով՝ տասը տարուց ավելի է՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունները, կազմակերպելով միջոցառումներ, փորձում են տարածել ազգայինը:
«Ազգային տոները, ավանդույթները, սովորույթները մեր ինքնության հիմքերն են, երբ դրանք մոռանանք, կկտրվենք մեր արմատներից, չենք կարող գոյություն ունենալ, ինչպես ծառն է չորանում, երբ կտրվում է»,- նշում է Տեր Պետրոսը:
Միջինքը հայ ժողովրդի կենցաղում ընդունված ու սիրված օրերից է: Հայաստանի տարբեր շրջաններում այն նշել են յուրատեսակ:
Քահանան հիշեցնում է՝ այս օրը ժամանակին տոն էր նաև նոր նշանվածների համար: Փեսացուի ընտանիքն այցելում էր հարսնացուին ու նվեր տանում նրան: Մեկ այլ սովորության համաձայն՝ այն ընտանիքներում, որտեղ սուգ էր, նրանց համար գաթա էին պատրաստում հարազատները:
Հարուստ է Միջինքի խոհանոցը։ Հայաստանի որոշ շրջաններում պատրաստում էին կուտապ. ալյուրը շաղում էին ձեթով, խմորի գնդերի մեջ դնում խաշած լոբի, սիսեռ, սոխ կամ այլ բանջարեղեն ու թխում թոնիրի մեջ: Հարսներն ու աղջիկները հավաքվում էին առանց տարիքավոր կնոջ ընկերակցության, խոսում իրենց կյանքի լավ ու վատ կողմերի մասին, շուրջպար էին բռնում ու համտեսում կուտապը:
Անդրադառնալով Միջինքին կազմակերպվող միջոցառումներին, Տեր Պետրոսը նշում է՝ պահք պահել, չի նշանակում լինել տխուր, տրտմերես.
«Պահքն աղոթքի, զղջման, ապաշխարության շրջան է: Մենք պետք է հիշենք, թե դեպի ուր ենք գնում, դեպի հաղթանակ՝ Սուրբ Հարության տոնը»։
Սուրբ Հարության տոնն այս տարի կնշվի ապրիլի 20-ին։
Անի Ավագյան