Արև երեխաներին նվիրված հոլովակների պրեմիերան

Արև երեխաներին նվիրված հոլովակների պրեմիերան

Մարտի 21-ը Դաունի համախտանիշի միջազգային օրն է։ 

 

Արդեն ավանդույթ է դարձել, որ Դաունի համախտանիշի միջազգային օրվա առթիվ կազմակերպվում է միջոցառում՝ մեկ հարկի տակ հավաքելով արևներին ու նրանց բարեկամներին։  

 

Այս տարի ևս մարտի 21-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում արև երեխաներին նվիրված միջոցառում էր կազմակերպվել։

 

Երեկոն մեկնարկեց Նավասարդ Սրբազանի հայրական օրհնությամբ ու ուղերձով, որն ընթերցեց թեմի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տ. Վահան քահանա Առաքելյանը։ 
 

Ուղերձում մասնավորաբար ասվում է.
 

«Ձեր ամեն ինչը սիրով թող լինի (Ա Կորնթ. 16:14)։ 
 

Սիրելինե՛ր, ջերմորեն ողջունում ենք ամենքիդ և սիրով փոխանցում Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական օրհնություններն ու բարեմաղթանքները՝ այս հոգենորոգ օրվա առիթով:

 

Աստված Իր պատկերով և նմանությամբ ստեղծեց մեզ և հորդորեց ավետարանական պատգամներով ապրել մեր երկրային կյանքը՝ թաթախուն սիրո և բարության գործերով: Քանզի բարիք գործելով, եղբայրասիրությամբ, մեկմեկու գթալով և աջակից լինելով միայն աներկբայորեն կկրենք մեզ վրա Տիրոջը նմանությունը՝ դառնալով Աստծո սիրելի որդիներ:

 

Տիրոջ համար թանկ ու սիրելի ենք ամենքս, առավելապես՝ երեխաները: Երբ Իր մոտ եկող մանուկներին հեռացնում էին, Հիսուս ասաց. «Թույլ տվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունը այդպիսիներինն է» (Մատթ. ԺԹ 14): Մանուկներին է խոստացված Երկնքի ժառանգորդները լինելու շնորհը նրանց անմիջականության, պարզության և անմեղության համար: Մանուկներին է տրված երկրի վրա առավել սիրված լինելու պատիվը. նրանք մեր կյանքի հրաշալիքներն են, քնքուշ ծաղիկները, որ հանապազ հոգածության և սիրո կարիք ունեն: Մենք ամեն օր անձանձիր աղոթում ենք նրանց պահպանության, երջանիկ ու անհոգ մանկության և խանդավառ օրերի համար:

 

Այսօր Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց միջազգային օրն է: Մեր օրհնությունն ենք բերում «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն»-ի ղեկավար Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին, աշխատակիցներին և բարերարներին, ովքեր անաչառապես հանձնառու եղան արևամանուկների հոգածության սուրբ առաքելությանը: Նրանք Սիրո և Գթասրտության որդեգիրներն են: Օրհնյալ զավակներն են Հայոց Սուրբ Եկեղեցու: «Կառչած մնանք մեր հավատքի նավին: Կայմը՝ Հավատքը, պինդ բռնենք, Հույսը՝ որպես առագաստ պարզենք, Սերը՝որպես ղեկ շարժենք և այսպես քայլենք առաջ, կողք կողքի, սիրտ սրտի, որպես մեկ ազգ, մեկ եկեղեցի» (Գարեգին Ա):

 

Թող մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Ամենախնամ Աջը զորավիգ լինի մեզ, որպեսզի հաղթանակած դուրս գանք բազում փորձությունների միջից ու փառավորենք Բարեսեր Աստծուն այժմ և հավիտյաններում: Ամեն»:

 

Երեկոն վարում էր Նազենի Հովհաննիսյանը, ով  ներկայացրեց «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն» ՀԿ-ի աշխատանքներն ու ձեռքբերումները։ 

 

Միջոցառման ընթացքում տեղի ունեցան տեսահոլովակի ու սոցիալական հովովակի պրեմիերաները։ Ներկայացվեց «Արևի աշխարհ» տեսահոլովակը, որը նկարահանվել է նույնանուն երգով։ Խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտությանը` Սուսաննա Հովհաննիսյանը, ռեժիսորը Վահե Յանն է։ 
 

Տեսահոլովակում նկարահանվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նոր Նորքի Հայորդյաց տան «Շողակաթ» երգչախումբը (գեղ. ղեկավար` Կարինե Եզեկյան), Սոֆի Մխեյանը, Սոնա Ռուբենյանը, Հասմիկ Բաղդասարյանը, Էրիկը, Արամ MP3-ը, Արսեն Գրիգորյանը` Մրոն։

 

Միջոցառման ընթացքում հանդիսատեսի առաջնադիտմանը հանձնվեց նաեւ ռեժիսոր Արամ Շահբազյանի «Տես աշխարհը՝ բոլորի աչքերով» սոցիալական հոլովակը։ 

 

Միջոցառումը ոչ միայն տարեկան հաշվետվություն էր մեկ տարվա ընթացքում արված աշխատանքների, այլ նաև աջակիցներին ու հովանավորներին 

երախտիք հայտնելու հնարավորություն։ 

 

«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամն առաջին է, որ կանգնել Է արևների կողքին և աջակցում է մինչ այսօր։  2 տարի արև երեխաներին աջակցում է «Ամարյան» բարեգործական հիմնադրամը՝ ի գլուխ ունենալով Դավիթ և Վարդան Ամարյանների։ Նրանք այսօր արև երեխաների գլխավոր ու հիմնական հովանավորներն են։
 

Արդեն չորս տարի արևներին աջակցում է Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմը՝ Գերաշնորհ  Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորությամբ։

Հովնան Սրբազանը ևս Դաունի համախտանիշի միջազգային օրվա առթիվ ուղերձ էր հղել արևներին, որն ընթերցեց Տեր Եղիշե քահանա Քսաչիկյանը։ 

 

Ուղերձում մասնավորապես ասվում էր. «․․․Այսօր մեր բոլորի մտածման սլաքը կ՛ուղղենք դէպի մեր ժողովուրդի կեանքին մաս կազմող ու յատուկ խնամքի կարօտ հայորդիներուն, որոնք կ՛արժանան Արեւ Երեխաներ կեդրոնի բացառիկ խնամքին ու բոլորիս անվերապահ զօրակցութեան: Մեր կեանքը դիմագրաւող տնտեսական, ընկերային, առողջապահական եւ այլ պատճառներու ու ազդակներու իբրեւ հետեւանք, Արեւ Երեխաներ կեդրոնի առաքելութիւնը փրկարար ու եզակի դեր կը խաղայ՝ նպատակ ունենալով նպաստել Դաունի համախտանիշ ունեցող երեխաներուն կեանքի որակի բարելաւմանը։ Ուրախ ենք վկայելու, թէ Դաունի համախտանիշը թէեւ մեծ ցաւ կը պատճառէ ծնողներուն ու անմիջական հարազատներուն, սակայն շնորհիւ Արժանապատիւ Տէր Գրիգոր Քահանայ Գրիգորեանի ջանքերուն եւ բոլորի հաւաքական նուիրումին,  այդ ցաւը չափով մը վերածուած է  երջանկութեան եւ օրհնութեան»:

 

Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ և «Արև-երեխաներ» ՀԿ-ի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը երախտագիտություն հայտնեց արև երեխաների բոլոր աջակիցներին ու բարեկամներին և նրանց հանձնեց  շնորհակալագրեր և նվերներ։ 

 

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Սոֆի Մխեյանը, Սոնա Ռուբենյանն ու Մրոն։ Նրանց հետ բեմ բարձրացան նաև արև երեխաները։ 

 

Հայաստանում արևներն իրենց հասցեն ունեն` «Արև- երեխաներ» հասարակական կազմակերպությունը, որն արդեն 8 տարի փորձում է լսելի դարձնել Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ձայնը և օգնել հանրությանը հասկանալ նրանց։ 

 

Կենտրոնը գործում է անվճար։ Ներկայումս կենտրոնում գրանցված է  Դաունի համախտանիշ ունեցող 220 երեխա, որոնցից 180-ն այս տարիների ընթացքում օգտվել է անհրաժեշտ մասնագիտական ծառայություններից։

 

Աջակիցների շնորհիվ կենտրոնում գործում են «Արևային զանգակներ» և «Արև» թատրոնի խմբակները։ 


 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին 

 
  • 2025-03-24
×