«Ձեր ամեն ինչը սիրով թող լինի» Ա Կորնթացիս ԺԶ 14

«Ձեր ամեն ինչը սիրով թող լինի» Ա Կորնթացիս ԺԶ 14

Սիրելինե՛ր,

Ջերմորեն ողջունում ենք ամենքիդ և սիրով փոխանցում Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական օրհնություններն ու բարեմաղթանքները՝ այս հոգենորոգ օրվա առիթով:

 

Աստված Իր պատկերով և նմանությամբ ստեղծեց մեզ և հորդորեց ավետարանական պատգամներով ապրել մեր երկրային կյանքը՝ թաթախուն սիրո և բարության գործերով: Քանզի բարիք գործելով, եղբայրասիրությամբ, մեկմեկու գթալով և աջակից լինելով միայն աներկբայորեն կկրենք մեզ վրա Տիրոջը նմանությունը՝ դառնալով Աստծո սիրելի որդիներ:

 

Տիրոջ համար թանկ ու սիրելի ենք ամենքս, առավելապես՝ երեխաները: Երբ Իր մոտ եկող մանուկներին հեռացնում էին, Հիսուս ասաց. «Թույլ տվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունը այդպիսիներինն է» (Մատթ. ԺԹ 14): Մանուկներին է խոստացված Երկնքի ժառանգորդները լինելու շնորհը նրանց անմիջականության, պարզության և անմեղության համար: Մանուկներին է տրված երկրի վրա առավել սիրված լինելու պատիվը. նրանք մեր կյանքի հրաշալիքներն են, քնքուշ ծաղիկները, որ հանապազ հոգածության և սիրո կարիք ունեն: Մենք ամեն օր անձանձիր աղոթում ենք  նրանց պահպանության, երջանիկ ու անհոգ մանկության և խանդավառ օրերի համար:

 

Այսօր Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց միջազգային օրն է: Մեր օրհնությունն ենք բերում «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն»-ի ղեկավար Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին, աշխատակիցներին և բարերարներին, ովքեր անաչառապես հանձնառու եղան արևամանուկների հոգածության սուրբ առաքելությանը: Նրանք Սիրո և Գթասրտության որդեգիրներն են: Օրհնյալ զավակներն են Հայոց Սուրբ Եկեղեցու: «Կառչած մնանք մեր հավատքի նավին: Կայմը՝ Հավատքը, պինդ բռնենք, Հույսը՝ որպես առագաստ պարզենք, Սերը՝ որպես ղեկ շարժենք և այսպես քայլենք առաջ, կողք կողքի, սիրտ սրտի, որպես մեկ ազգ, մեկ եկեղեցի» (Գարեգին Ա):

 

Թող մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Ամենախնամ Աջը զորավիգ լինի մեզ, որպեսզի հաղթանակած դուրս գանք բազում փորձությունների միջից ու փառավորենք Բարեսեր Աստծուն այժմ և հավիտյաններում: Ամեն:

 

Ջերմագին սիրով և օրհնությամբ՝

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

  • 2025-03-21
×