Երանի և երիցս երանի նրան, ով ժուժկալ է, քանզի ժուժկալությունն էապես մեծ առաքինություն է: Սակայն լսեք, թե այն ինչի վրա է տարածվում, ինչի մեջ է գնահատվում, ինչի մեջ է պահանջվում:
Այսպես՝ կա լեզվի ժուժկալություն, այսինքն՝ շատ չխոսել և դատարկ բաներ չխոսել, տիրապետել լեզվին, խոսքով չվիրավորել, չերդվել, չդատարկաբանել ինչի մասին որ հարկ չէ, միմյանց չզրպարտել, չբամբասել եղբորը, գաղտնիքներ չբանալ, չզբաղվել այն բանով, ինչը մերը չէ:
Կա նաև լսողության ժուժկալություն, այն է՝ տիրապետել լսողությանը և դատարկ ասեկոսեներին ուշք չդարձնել:
Կա տեսողության ժուժկալություն, այսինքն՝ տիրապետել տեսողությանը, հայացքը չուղղել կամ ուշադիր չնայել բոլոր հաճելի բաներին կամ որևէ անպարկեշտ բանի:
Կա դյուրագրգռության ժուժկալություն, այն է՝ տիրապետել բարկությանը և ակնթարթորեն չբորբոքվել:
Կա փառքի ժուժկալություն՝ տիրապետել սեփական ոգուն, չտենչալ փառաբանություն, փառք չփնտրել, չմեծամտանալ, պատվավոր կոչումներ չփնտրել, չգոռոզամտել, չերազել գովեստների մասին:
Կա խորհուրդների ժուժկալություն՝ դրանք արմատախիլ անել Աստծո երկյուղով, չտարվել գայթակղություն և հրայրք հարուցող խորհրդով և հաճույք չստանալ դրանից:
Կա ուտելու ժուժկալություն՝ տիրապետել ինքն իրեն և չփնտրել առատորեն մատուցվող կերակուրներ կամ թանկ ուտելիքներ, չուտել անժամանակ կամ որ ժամին պատահի, չտարվել որկրամոլության ոգով, ագահորեն չտարվել ուտելիքների համ ու հոտով և չկամենալ մեկ այս, մեկ այն ուտելիքը:
Հաճույք չստանալ այն բաներից, որոնք հետո ատելություն են ծնում իրենց հանդեպ, չկատարել մարմնի կամքը, այլ կրքերը սանձել Աստծո երկյուղով:
Ով ճշմարտապես արի ու ժուժկալ է և իրեն պահպանում է անպարագրելի երանության համար, նա ժուժկալ է իր բոլոր խորհուրդների մեջ և հաղթահարում է ամենայն ցանկություն՝ ավելի լավը փափագելով և գալիքի երկյուղով:
Անժուժկալը հաճույք է ստանում շատախոսությունից և դատարկաբանությունից: Նրան դուր են գալիս դատարկախոսությունն ու սրախոսությունը, նրան հաճելի է ուտելիքների քաղցրությունը, նա իր խիզախությունը ցուցաբերում է շատակերության և շատ խմելու մեջ, հրապուրվում է ունայն հաճույքներով, հակվում է դեպի անմաքուր խորհուրդները, հաճույքներ սիրելու պատճառով անխոհեմության է տրվում, փառքի հետևից է ընկնում, երազում է մեծարանքի մասին՝ որպես մի բանի, որն արդեն իր ձեռքում է:
Մարմնի գույնի պայծառությունը, ճոխությունը նրան խելքահան են անում, դեմքի բարետեսությունը հիացնում է, մարմնի վայելչակազմությունը հմայում է նրան, կանանց և ծաղրաբանների հետ զրուցելիս հաճույքից հալվում է:
Տեսածը վերհիշելիս երազում է, նրա մեջ հուշերը գերակայում են, նա մտքում հստակ պատկերացնում է կանանց դեմքերը, ձեռքերի շփումը, մարմինների գրկախառնումները, դյութիչ ժպիտները, աչքերի խաղը, հագուստների շքեղությունը, մարմնի գեղեցիկ գույնը, շողոմ խոսքերը, շուրթերի սեղմումը, մարմնի հաճելիությունը, շարժումների արտահայտչականությունը, հանդիպումների ժամանակն ու տեղը և այն ամենը, ինչը ծառայում է հաճույքներին: Ահա թե ինչ են տռփասերն ու անժուժկալը վառ գույներով պատկերացնում իենց մտքում՝ հակվելով դեպի այդ խորհուրդները:
Քանզի մեծ է ժուժկալության վարձքը, և չիք սահման նրա մեծությանը: Այդ պատճառով երանի՛ նրան, ով իսկապես ժուժկալություն է ձեռք բերել: Երանի՛ նրան, ով հաստատվել է ամենայն առաքինության մեջ և ջանացել է փայլել բարի գործերով: Երանի՛ նրան, ով Աստծուն թաքուն անհաճո բաներ չի արել, այլ ծառայել է Նրան ամենայն ճշմարտությամբ:Ուրեմն ջանացե՛ք, որպեսզի այդ մեղքերի պատճառով որս չդառնաք, այլ ընդհակառակը, ամենայն զգուշությամբ հետևե՛ք ինքներդ ձեզ, որպեսզի փառավորվեք Քրիստոսի հետ. Նրան փա՛ռք հավիտյանս հավիտենից: Ամեն: