Պահեցողության սկզբնական շրջանում պահքից անբաժան էին լացն ու կոծը և սրանց արտահայտման արտաքին ձևերը՝ հագուստ պատռելը, քուրձ հագնելը, մոխրի վրա նստելը և այլն։ Օրինակ, երբ Դավիթը և յուրայիններն իմացան Սավուղի ու Հովնաթանի եղերական մահը և Իսրայելի ժողովրդի չարաչար պարտությունը, «իրենց հագուստները պատառոտեցին… ողբացին, լաց եղան ու մինչև երեկո ծոմ պահեցին» (Բ Թագ. 11-12)։ Պահքից անբաժան էր նաև աղոթքը։ Սուրբ Գրքում ասված է. «Բարի են աղոթքները պահեցողություններով, ողորմություններով և արդարությամբ» (Տոբիթ ԺԲ 8), «Բայց այս տեսակ դևը այլ կերպ դուրս չի ելնում, եթե ոչ աղոթքով ու ծոմապահությամբ» (Մատթ. ԺԷ 20)։
Պահեցողություն էին անում նաև որևէ կարևոր նպատակի համար. երբ Եսթեր թագուհին որոշեց կյանքը վտանգի ենթարկելով՝ ներկայանալ թագավորին՝ իր ժողովրդի փրկությունը հայցելու համար, իր ազգական Մուրթքեի միջոցով ասելով. «Ինձ համար ծոմ պահեցեք և երեք օր՝ ոչ ցերեկը, ոչ գիշերը չուտեք ու չխմեք, իսկ ես և իմ նաժիշտները նույնպես ծոմ կպահենք։ Ապա ես կմտնեմ արքայի մոտ…» (Եսթեր Դ 16)։
Պահքը, սակայն, հետզհետե ավելի կիրարկելի դարձավ իբրև ապաշխարանքի նշան և արտահայտություն։ Նինվեացիները Հովնան մարգարեից իմացան, թե քաղաքն իրենց ամբարշտության պատճառով պիտի կործանվի, լուրը հասավ թագավորին։ Սա ելավ իր գահից, հանեց իր պատմուճանը, քուրձ հագավ ու նստեց մոխրի վրա։ Հայտարարվեց, թե մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն և ի սրտե աղոթեցին Աստծուն, բոլորը հետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից ու անօրենություններից, նրանք ասացին. «Ով գիտե, թերևս Աստված միտքը փոխի և հետ կանգնի Իր խիստ բարկությունից և կորստի չմատնվենք (Հովնան Գ 5-9)։
Պահքի ներկա ձևին, այսինքն՝ համադամ կերակուրներից և մսեղենից հրաժարվելու սովորությունը առաջին անգամ հանդիպում ենք Դանիելի մարգարեական գրքում. «Այդ օրերին ես՝ Դանիելս, երեք շաբաթ սուգի մեջ էի։ Լավ հաց չկերա, միս և գինի չմտավ իմ բերանը, յուղով չօծվեցի, մինչև որ վերջացան երեք շաբաթները» (Դան. Ժ 2-3)։
Հին Կտակարանի մեծ պահեցողներից առաջինը ներկայանում է Հին Ուխտի մեծագույն մարգարեն Սինա լեռան վրա. «Մովսեսը Տիրոջ հետ էր քառասուն օր և քառասուն գիշեր։ Նա հաց չկերավ, ջուր չխմեց» (Ելք ԼԴ 28)։ Եղիա մարգարեն քառասուն օր պահեցողություն էր արել (Գ Թագ. Ժ 8)։
Երբ մտնում ենք Նոր Կտակարանի ավելի լուսավոր շրջան, տեսնում ենք, որ պահքի սովորությունը շարունակվում է նաև այնտեղ։ Իր մկրտությունից հետո Հիսուս «Հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից։ Չկերավ և չխմեց այն օրերին» (Ղուկ. Դ 1-2)։ Հիսուս մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանա շնորհիվ Իր ծոմապահության։
Հիսուս ծոմ պահեց նաև որպես օրինակ Իրեն հետևողների։ Ինչպես մկրտվել էր, որպեսզի ոչ միայն քավեր Իրեն հավատացողների մեղքերը, այլ նաև Իր հետևորդներն էլ անպատճառ ենթարկվեն այդ խորհրդին։ Հիսուսի հիմնական ուսուցումները համադրված են «Լեռան քարոզ»-ում, ուր կարևոր տեղ է տրված նաև պահքին։ Այնտեղ Հիսուս ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում» (Մատթ. Զ 16-18)։
Ուրիշ առիթով փարիսեցիները Հիսուսին քննադատեցին, թե Նա և Իր աշակերտները պահք չեն պահում, ինչպես իրենք և Հովհաննես Մկրտչի աշակերտները։ Հիսուս նրանց հարցերին հետևյալ ձևով պատասխանեց. «Մի՞թե կարող եք հարսանքավորներին հրամայել, որ ծոմ պահեն, որքան ժամանակ, որ փեսան նրանց հետ է։ Կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցվի, ապա այդ օրերին ծոմ կպահեն» (Ղուկ. Ե 34-35)։
Պահքն Աստծուն սիրողների համար մեծ շնորհ է ու զարդ։ Սուրբ Բարսեղն ասում է. «Պահքը դրախտում օրինադրվեց և այն հասակակից է մարդկությանը, և Աստված պահքը տվեց առաջին մարդուն՝ որպես դաստիարակ, և քանի դեռ մարդն այն պահում էր, հրեշտակներին հավասար էր, ինչպես Դավիթն է ասում. «Քո հրեշտակներից փոքր-ինչ ցածր դրիր նրան և փառք ու պատվով պսակեցիր» (Սաղմ. Ը)։ Սակայն երբ նախաստեղծները՝ Ադամն ու Եվան, մահաբեր ճաշակմամբ խաբվեցին սատանայից և դուրս ելան պահքից, զրկվեցին շնորհներից, լույսից մերկանալով՝ արտաքսվեցին դրախտից և դրվեցին նզովքի ու մահվան տակ։ Աստված ասաց Ադամին. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին և կերար այն ծառի պտղից, որից միայն քեզ պատվիրեցի չուտել, բայց կերար դրանից, թող անիծյալ լինի երկիրը քո արածի պատճառով։ Տանջանքներով հայթայթես քո սնունդը քո կյանքի բոլոր օրերին, փուշ ու տատասկ թող աճեցնի երկիրը քեզ համար, և դու դաշտային բույսով սնվես։ Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչև հող դառնալդ, որից ստեղծվեցիր, որովհետև հող էիր և հող էլ կդառնաս» (Ծննդ. Գ 17-19)։
Հոգևոր կյանքի առանցքը հարատև մերձեցում է Երկնքի արքայությանն ու Սուրբ Երրորդությունը փառաբանող հրեղենների կաճառին։ Սակայն այս ճանապարհն ընթանում է չարի հետ մշտական պայքարով։ Սա մարտնչող Եկեղեցու Խաչն է, որի մասին է Բարձրյալի Խոսքը. «Ով հաղթի, ես նրան թույլ կտամ ուտելու Կենաց Ծառից, որ գտնվում է Աստծո դրախտի մեջ» (Հայտն. Բ 7)։
Աղոթքներում սրբերի բարեխոսությունը խնդրելով՝ ավելանում է փրկության հույսը. «Բազում աղոթքներով մարտնչիր ընդդեմ սովորական դարձած քո մեղքերի և կանչիր բարեխոսության սուրբ հրեշտակների դասերը, բոլոր սուրբերին և արդարներին, մանավանդ՝ Սուրբ Աստվածածնին…» (սուրբ Եփրեմ Ասորի)։ Ճշմարիտ քրիստոնյայի ողջ կյանքը ներծծված է աղոթքով, և աղոթքի մեջ սթափ և ուշիմ միտք ունենալը մեծագույն առաքինություն է։ Սուրբ Գիրքը պատվիրում է հաճախակի աղոթել. «Արթուն կացեք, այսուհետև ամեն ժամ աղոթեցեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, և կանգնել մարդու Որդու առաջ» (Ղուկ. ԻԱ 36)։
Ծաղկանուշ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
մանկավարժ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան