Վերադարձի միակ ճանապարհը զղջումն է, ապաշխարությունը. Անառակի կիրակի

Վերադարձի միակ ճանապարհը զղջումն է, ապաշխարությունը. Անառակի կիրակի

Մեծ Պահքի երրորդ կիրակիին հիշատակվում է ավետարանական «Անառակ որդու առակ»-ը: 

 

Օրվա խորհուրդը ցույց է տալիս ճանապարհը՝ ինչպես վերանորոգել մարդ-Աստված հարաբերությունները, նշում է Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանն ու հավելում. «Միակ ճանապարհը դեպի Աստված վերադարձի՝ զղջումն է, ապաշխարությունը»:

 

«Անառակ որդու առակ»-ը պատմում է ընտանիքի կրտսեր զավակի մասին, որը, հորից ստանալով ունեցվածքի իր բաժինը, հեռանում է օտար աշխարհ, ապրում անառակ կյանքով, վատնում ունեցվածքը, սաստիկ սովի ժամանակ ստիպված խոզեր արածեցնում և ի վերջո վերադառնում հոր մոտ, ասելով. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու» (Ղուկաս 15:21):

 

Առակում հայրն Աստված է, իսկ որդիները՝ նրա զավակները: Հայրական տունը խորհրդանշում է եկեղեցին, օտար աշխարհ գնալը՝ Տիրոջից հեռանալը, ստացած հայրական ժառանգությունը վատնելը՝ աստվածային շնորհից զրկվելը, սաստիկ սովը՝ ոգու սովը, աստվածային խոսքին ու շնորհին ձգտելը՝ զղջմամբ ու դեպի Տերը դառնալը: 

 

Նշվում է. «Հայրը տեսավ նրան և գթաց. վեր կացավ և վազեց ընդառաջ, ընկավ նրա պարանոցով և համբուրեց նրան» (Ղուկաս 15:20):

 

Ինչպես առակում, մեր Երկնավոր Հայրը ևս գրկաբաց է ընդունում տուն եկող իր զավակներին: Այստեղ ներկայացվում է Նրա անսահման սերը:

 

«Անառակի կիրակին հիշեցնում է, թե ինչպես մարդը կարող է հրաժարվել իր սխալներից և դառնալ դեպի Աստված: Քրիստոս առակի միջոցով ցույց է տալիս, որ Աստված սպասում է մեզ, երկնքում մեծ ուրախություն է, երբ մենք վերադառնում ենք»,- նշում է Տեր Բարդուղիմեոսը:

 

Քահանայի խոսքով՝ առակում կարևորվում է զղջումը, խոստովանությունը և պատրաստակամությունը հատուցելու: Պատկերավոր ցույց է տրվում, որ երբ որդին զղջում է ու խոստովանում մեղքը, պատրաստակամություն հայտնում հատուցելու, մեր Հայրն ընդառաջ է գալիս՝ Իր շնորհներով զարդարելով մեզ: 

 

Առակում հայրը, ընդունելով տուն դարձած որդուն, ասում է. «Անմիջապես հանեցե՛ք նրա նախկին պատմուճանը և հագցրե՛ք նրան, մատանին նրա մատը դրեք և նրա ոտքերին՝ կոշիկնե՛ր, բերե՛ք պարարտ եզը, մորթեցե՛ք, ուտենք և ուրախ լինենք» (Ղուկաս 15:22-23):

 

Նախկին պատմուճանը հագցնելը խորհրդանշում է, որ ապաշխարությամբ որդին արժանի դարձավ լուսեղեն պատմուճանին, որն առաջին մարդիկ կրում էին դրախտում: Կոշիկները խորհրդանշում են հավատի ամրությունը, քանի որ օձը գայթակղիչ է ու խայթում է մարդու գարշապարը: Որքան ամուր լինի կոշիկը, մարդն ավելի հաստատուն հավատով կդիմակայի գայթակղության խայթոցին: Քանի որ ժամանակին ստրուկներն իրավունք չունեին կոշիկ հագնելու և մատանի կրելու, դրանք տրամադրելը խորհրդանշում է նաև մեղքի ստրկությունից ազատագրումը: Մատանին խորհրդանշում է նաև թագավորական իշխանությունը, աստվածային պատկերի վերականգնումը, որը խաթարվել էր Ադամի պատվիրանազանցությամբ:

 

«…Բերեք պարարտ եզը, մորթեցեք» խոսքերը խորհրդանշում են Աստծո՝ Իր միածին Որդուն որպես բանական զոհ երկիր ուղարկելը: Առակի վերջում ուրախանալու հրավեր է ուղղվում. «Հիմա պիտի ուրախանանք և ցնծանք, որովհետև քո այս եղբայրը մեռած էր՝ կենդանացավ, կորած էր՝ գտնվեց» (Ղուկաս 15:32):

 

Արդյո՞ք ամեն մեկս մի անառակ որդի չէ, որ պետք է վերադառնա Տիրոջ մոտ: Տեր Բարդուղիմեոսը հիշեցնում է օրվա խորհուրդը՝ մեզնից յուրաքանչյուրը պետք է զղջա, խոստովանի մեղքերն ու պատրաստակամություն հայտնի հատուցելու: Մեզնից յուրաքանչյուրը պետք է խնդրի մեր երկնային Հորը, որ մեզ էլ ընդունի, իսկ Տերը կընդունի, եթե վերադառնանք անկեղծ զղջմամբ:

 

Անի Ավագյան


 

  • 2025-03-16
×