-Ինչի՞ մասին է Ձեր նոր ներկայացումը:
Մի անգամ թատրոնի ետնաբեմում անհամբերությամբ հարցրի բեմադրիչին:
-Ներկայացումները կա՛մ սիրո մասին են, կա՛մ դրա բացակայության,- հապճեպ պատասխանեց Դավիթ Հակոբյանը: Պարզվեց՝ ներկայացումը սիրո բացակայության մասին էր, ինչպես մեր այսօրվա իրականությունը՝ սիրո բացակայության ու անտարբերության: Իսկ ի՞նչ է նշանակում լինել անտարբեր, ստուգաբանորեն՝ «առանց տարբերության»…
***
Թերթում եմ արցախցի կանանց հուշերը գաղթի ճանապարհից (արցախյան օրագիր՝ «Վերջին կարմիր շրթներկը»): Տառապանքի, հույսի ու անտարբերության հետևանքների մասին են պատմում տողերը:
Յուրաքանչյուր էջ թերթելուց հետո գիրքը փակում, դնում եմ կողք. ամեն նոր էջ պատմում է մի ուրիշ ցավի, չիրականացած երազանքների ու չարդարացված սպասումների մասին: Չեմ ուզում պատկերացնել, թե ինչերի մասին են լռում հեղինակները: Նրանք ցավի մասին շատ զուսպ են գրում:
«Ի՞նչ անել, հեռանա՞լ, թե՞ մնալ: Դավաճանել կենսակերպի՞ն, թե՞ հայրենիքին»,- մտածում էր Ծովինար Բարխուդարյանը՝ Հակարիի կամուրջ չհասած:
Գիտեր, եթե մնար, կդավաճաներ ինքն իրեն, սկզբունքներին, ինքնությանը, կընտրեր մի բան, որն ազատության հետ աղերս չունի:
«Գնաս, դավաճանես հայրենիքիդ, նախնիների հիշատակը, փոշիացնես ծանր ու երկարատև պայքարում զոհվածների վաստակը, արժեզրկես մինչև այդ եղած բոլոր երազանքներն ու նպատակները: Իսկ ուր գնաս՝ ազա՞տ ես լինելու: Իսկ թողնելո՞ւ են, որ գնաս: Մեր դեպքում մահից փախածները գնում էին դեպի «ազատություն», դեպի մի կամուրջ, որտեղ կանգնած մահասփյուռների «կամեցողությամբ» կա՛մ կանցնեիր, կա՛մ ոչ, կա՛մ կմեռնեիր հայրենիքում, կա՛մ կմեռնեիր հայրենիքից դուրս»,- շարունակում է Ծովինարը:
Ինչի՞ մասին են մարդիկ մտածում գաղթելիս, ինչի՞ց վախենում կամ ուրախանում պատերազմների ժամանակ: Ի՞նչն է խավարում մարդկանց հույս տալիս: Մեր «զբաղված» կյանքը թույլ չի տալիս մտածել մեր կողքին ապրողների ցավերի մասին: Ինչքա՜ն ցավ ունեն մեզ շրջապատողները: Մենք չենք ճանաչում նրանց ու երևի հենց այդ պատճառով էլ իրար չենք հասկանում ու չենք կարողանում օգնել, բայց.
յուրաքանչյուրս ինչքա՜ն ունենք իրար մենակ չթողնելու, իրար օգնելու կարիքը:
Մենք ծանոթ չենք մեր կողքին ապրողների պատմություններին, չգիտենք, որ Արփինե Քամալյանի դուստրը ծնվել է Մարտունու հիվանդանոցի նկուղում՝ կեսարյան հատումով՝ կես դեղաչափ անզգայացմամբ: Ռայա Մուսայելյանը թոռների հետ թաքնվել է անտառում, ինչքան է սպասել ու ինչեր տեսել: Վեհանուշ Հովսեփյանի երեխան ծնվել է ռմբակոծությունների տակ, իսկ բժիշկները պատ են կազմել, որ ապակիները չթափվեն մոր ու երեխայի վրա: Չգիտենք՝ ինչպես է Գայանե Սարգսյանը լսել, որ գրեթե մոխրացած տղան կանչում է՝ «մամա»:
Պարզապես անցնել, խուսափել պատմություններից, որոնք մեզ ցավեցնում են. այդպես ապրելը հեշտ է: Ցավին հաղորդակից լինելը ճիգ է պահանջում, էներգիա, ժամանակ:
Ի՞նչ է անտարբերությունը՝ ոչ ստուգաբանորեն. «Տարօրինակ և անբնական մի վիճակ, որում լույսի և խավարի, արևածագի և արևամուտի, հանցանքի և պատժի, դաժանության և կարեկցանքի, բարու և չարի եզրագծերը աղավաղվում են». կարծում էր գրող Էլի Վիզելը: Նա հոլոքոսթը վերապրածներից է: «Մարդը կարող է ապրել Աստծուց հեռու, բայց ոչ՝ Աստծուց դուրս։ Աստված այնտեղ է, որտեղ մենք ենք։ Անգամ տառապանքի՞ մեջ։ Անգամ տառապանքի՛ մեջ։ Ինչ-որ առումով, այդ տառապանքի հանդեպ անտարբեր լինելն է մարդ արարածին դարձնում տմարդ»,- շարունակում է Վիզելը:
Գարեգին Ա Ամենայն Հայոց Հայրապետն ասում էր. «Իմ կարծիքով, ամենածանր մեղքը անտարբերությունն է, անփութությունը, անզգայությունը: Որովհետև դա մարդկային էակի ժխտումն իսկ է»:
Ի՞նչ է անտարբերությունը՝ ստուգաբանորեն կամ առանց ստուգաբանության: Տարօրինակ երևույթ է կամ մեղք, ամեն դեպքում դրա պատճառով մենք կորցնում ենք մեր ամենագեղեցիկ հատկանիշներից մեկը, հեռանում ենք մեր տեսակից, բնությունից, որովհետև ասում են՝ անգամ ծառը, ծաղիկը, բնության որևէ մասնիկ անտարբեր չէ մեկ այլ մասնիկի նկատմամբ, իսկ մենք մարդ ենք՝ Աստծո պատկերով ստեղծված էակներ՝ ընդունակ սիրելու: Երբ անտարբեր ենք, չենք կարող կատարել մեզ տրված պատվիրանը՝ մեր հոգիներին կյանք տվող պատգամը:
Մենք ունենք սիրո կարիք կամ մենք պարզապես ունենք իրար լսելու ու հասկանալու կարիք, որովհետև եթե լսենք, կհասկանանք, որ հազարավոր տարբերությունների հետ մեկտեղ, մենք իրար նման ենք:
Թող Մեծ Պահքի շրջանն առիթ դառնա, որ մեզնից շատերը դառնան դեղ մեր կողքին ապրողների ցավերի համար, թող սիրո ճառագայթը մեզ փրկի անտարբերությունից:
Հ.Գ Մեր պատմության շարունակությունը կլինի սիրո մասին:
Անի Ավագյան
Լուսանկարի հեղինակ՝ Դավիթ Ղահրամանյան