Մարմնի աղոթքը. Մեծ Պահք

Մարմնի աղոթքը. Մեծ Պահք

Մարտի 3-ից մեկնարկել է Մեծ Պահքը: Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի հետ մեր զրույցը պահքի պարգևների, որկրամոլությունից հրաժարվելու և իրական երջանկության մասին է:

 

Պահքը մեզ սովորեցնում է

 

-Երբեմն մեզ թվում է, թե ինքներս մեզ լավ ենք ճանաչում, չունենք կախվածություններ… 

 

Պահքի ընթացքում բացահայտում ենք, որ լավ չենք ճանաչում, երբեմն տկար ենք, կարիք ունենք օգնության, շնորհի և Աստծո միջամտության: Պահքը մեզ սովորեցնում է զսպվածություն, չափավորություն, սնում է բոլոր առաքինությունները: Մարդը պահք պահելով դառնում է ավելի խոնարհ, եղբայրասեր, կարեկից, ողորմած, սովորում է զսպել ցանկությունները, պահանջմունքները: Պահքը յուրօրինակ հավասարակշռություն է ստեղծում հոգու և մարմնի միջև, մեզ պահում է մեղքերից, անօրինություններից, սխալ ճանապարհներից: 

 

Մենք միայնակ չենք պայքարում, ունենք Աստծո օգնությունը: Երբ մարդը հոժարություն է ցուցաբերում մեղքից ազատվելու, Աստված իրեն ուժ է տալիս: 

 

Աղոթքը, ողորմածությունը, պահքը

 

-Քրիստոնեական Եկեղեցու դարավոր փորձառությունը, սրբության հասնելու ճանապարհին, կարևորել է երեք բարեպաշտական ուղղություն՝ աղոթքը, ողորմությունը, պահքը: Աղոթելիս մարդն իր սրտի լավագույն խոսքն ու մաղթանքն է ուղղում Աստծուն, ողորմությունը մարդու ստացած բարիքներից այլոց բաշխելն է, պահքը կարծես լինի մարմնի աղոթքը, որով մարդն իր մարմնով փառաբանում է Աստծուն: Համեղ կերակուրներից մարմինը զրկելով, մարմինը ճնշելու ճանապարհով և զուգահեռ մտածելով Աստծո խոսքն ընթերցելու մասին, կարողանում ենք մեր հոգին զորացնել: Պահքը պետք է ուղեկցվի աղոթքով, սուրբգրային ընթերցումներով, ընդհանրական աղոթքներով, Սուրբ Պատարագներով, խոստովանությամբ, որ մեր հոգին զորանա: Միայն մարմինը ճնշելով չենք հասնի մեր գլխավոր նպատակին:

 

Որկրամոլության մասին

 

-«Բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք» (Ծնունդ 2:16-17):

 

Դրախտի պարտեզում ինչու՞ Աստված տվեց ուտելու վերաբերյալ զգուշացումը, երբ կան շատ ծանր մեղքեր: 

 

Երբ ընթերցում ենք 7 մահացու մեղքերը, նշված է նաև որկրամոլությունը: Ինչո՞վ է տարբերվում այս մեղքը, մնացածից: Երբ մարդուն մեղադրում ենք որևէ մեղքի համար, նա դրանից ամոթ է զգում, երբեմն փորձում է արդարանալ, փորձում է ապաշխարել, բայց որկրամոլության մեղքի մեջ գտնվողը հաճախ չի ամաչում և չի էլ գիտակցում, որ մեղք է գործում: Այս մեղքի վնասակար ազդեցությունը մարդը միանգամից չի զգում, բայց որկրամոլությունից են ծնվում պիղծ խորհուրդները, ագահությունը, ծուլությունը, բարկությունը, նախանձը և հետո հպարտությունը: Պահքը մեզ տալիս է հնարավորություն, որ կարողանանք հաղթահարել մարմնի ցանկությունները: 

 

Իրական երջանկության մասին

 

-Պահքը խախտելով մարդը կորցրեց Աստծո հետ ներդաշնակ ապրելու հնարավորությունը: Առաջին մարդկանց անհնազանդությունը խլեց մարդու երջանկությունը, որովհետև մինչև այդ պահեցողությունը հնարավորություն էր տալիս նրանց վայելել անանց երջանկությունը: Մենք երջանիկ պահեր շատ կարող ենք ունենալ, բայց այդ պահերն անցողիկ են, մնայուն է այն երջանկությունը, որը մարդը գտնում է անանց աղբյուրից՝ Աստծուց։ Տերն ուղարկեց Իր Միածին Որդուն, որ Քրիստոս վերստին բացի դրախտի, Աստծո հետ ներդաշնակ ապրելու ճանապարհը, որպեսզի մարդը հնարավորություն ունենա կրկին ճաշակելու Կենաց ծառի պտղից: Պահքի ընթացքը հուշում է, որ չարի և բարու գիտության ծառի փոխարեն ճաշակենք Կենաց ծառի պտուղները։ 

 

Պատրաստեց Անի Ավագյանը


 

  • 2025-03-11
×