Ծնունդ, մեղսագործություն, զղջում, ապաշխարություն. Մեծ Պահքի կիրակիները ներկայացնում են Եդեմական պարտեզից մինչև Գողգոթա տանող ճանապարհը՝ մարդկության կյանքի ու փրկագործության ուղին:
Մենք կարիք ունենք նորոգելու մեր ուխտը
Մեծ Պահքի երկրորդ կիրակիի շարականը նկարագրում է Ադամի դրախտից արտաքսվելը: Ադամն ու Եվան դրախտում էին, սակայն չհնազանդվեցին Երկնավոր Հոր պատգամին. «Դրախտում եղած ամեն մի ծառից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք» (Ծնունդ 2:16-17):
Ինչպես նկարագրում է Սուրբ Գիրքը, առաջին մարդիկ զրկվեցին ու արտաքսվեցին:
«Մեղքը մեզ հեռացնում է դրախտից, Աստծուց: Դրախտն Աստծո հետ կենդանի կապի հոգեվիճակն է, երբ մարդը երջանիկ է, դրախտը մարդու բնական վիճակն է: Մեղքը մարդուն հեռացրեց իր բնական վիճակից»,- նշում է Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը:
Տեր Հուսիկը, որը Արցախի թեմից է եկել և այսօր Արարատյան Հայրապետական թեմում է կոչված ծառայության, հիշեցնում է՝ Արտաքսման կիրակին մեծ դաս է մեզ համար: Ադամն ու Եվան դրախտից զրկվեցին, որովհետև չգնահատեցին, այն, ինչ ունեին, մենք ̀ նույնպես: Արցախն այսօր թշնամու տիրապետության տակ է, հայկական հողից բռնի տեղահանվել է 100.000-ից ավելի բնակչություն:
«Հայաստանի ու Արցախի յուրաքանչյուր քաղաքում, գյուղում կան վանքեր, ուխտատեղիներ, եկեղեցիներ, որոշները խոնարված: Մենք եղել ենք յուրահատուկ քրիստոնյա ժողովուրդ: Չէր կարող մի ժողովուրդ ունենալ այսպիսի հոգևոր մշակույթ, նման վանքեր ու չունենալ հավատ»,- նկատում է հոգևորականը:
Ի՞նչ անել հարցին քահանայի պատասխանը հստակ է. «Մենք կարիք ունենք նորոգելու Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի, Գրիգոր Լուսավորչի ուխտը: Վերադառնա՛նք մեր ինքնությանը, վերածնվե՛նք»:
Հնարավորություն վերադառնալու, կորցրածը վերագտնելու
Արտաքսման կիրակիի ընթերցվածքներն աղերսական են. «Տե՜ր, ողորմի՛ր մեզ, քանզի մենք մեր հույսը դրել ենք քեզ վրա» (Եսայի 33:2):
Մեծ Պահքի երկրորդ կիրակին հիշատակում է ոչ միայն արտաքսումը նաև հուշում, որ բաղձանք ունենանք Տիրոջը մոտենալու, կորցրածը վերագտնելու և մեր արարքներն ու դրա հետևանքները գնահատելու: Աստված տվել է հնարավորություն, որ վերադառնանք ու վերագտնենք:
Ադամը, դրախտից արտաքսվելուց հետո, ապաշխարում էր, պահք էր պահում: Պահքն անհրաժեշտ է ̀ ճիշտ ճանապարհը գտնելու համար:
«Որքան էլ սխալվենք, փրկություն կա, Աստված ցույց տվեց, թե որքան է սիրում Ադամին ու նրա սերնդին: Մարդը, ինչ իրավիճակում էլ հայտնվի, պետք է իմանա ̀ մեր երկնային Հայրը սպասում է մեզ»,- նշում է Տեր Հուսիկը:
Երբ Աստված ստեղծեց մարդուն, նրան տվեց ազատ կամք ու հնարավորություն ընտրելու ̀ ընթանա՞լ աստվածահաճո ճանապարհով, թե՞ շեղվել ընթացքից:
Ադամի ու Եվայի պատմությունը կրկնվում է յուրաքանչյուրիս կյանքում: Փորձություններով լի աշխարհում մարդիկ հրապուրվում են «արգելված պտղով», մեղք գործում, հետո սթափվում, տեսնում իրենց «մերկացած» ու «դրախտից արտաքսված»: Կյանքի դժվարությունների, տառապանքների ու խավարի մեջ կարևոր է գտնել դեպի Լույս տանող ճանապարհը: