Ավագ Շաբաթ

Ավագ Շաբաթ

Սուրբ Հարության հրաշափառ օրվան հասնելու համար յուրաքանչյուր քրիստոնյա անցնում է Մեծ պահքի փորձություններով լի երկարատև ճանապարհը, որի հանգրվանը Հիսուս Քրիստոսի մատնության, չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև Նրա կողմից դժոխքի ավերման և հոգիների ազատման օրերն են: Այս ամենի  պսակը Սուրբ Հարության շաբաթն է, որը կոչվում է «Ավագ» կամ «Մեծ», որովհետև իր մեջ պարունակում է չորս մեծ խորհուրդ. աշխարհի արարման առաջին շաբաթվա խորհուրդը, այնուհետև այս կյանքի յոթ ժամանակաշրջանների խորհուրդը (ըստ եկեղեցու հայրերի՝ արարչությունից մինչև Տիրոջ երկրորդ գալուստը յոթ շրջան է), ապա Քրիստոսի չարչարանքների խորհուրդը և աշխարհի վախճանի խորհուրդը: Այն մեզ ամբողջությամբ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը: Ավագ շաբաթը հաջորդում է Ծաղկազարդին և ավարտվում Տիրոջ հրաշափառ Հարությամբ:  

 

 

Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օր նույնպես կոչվում է Ավագ, և շաբաթվա յուրաքանչյուր օր ունի իր առանձին խորհուրդը:

 

 

Ավագ երկուշաբթին, բացի այն, որ արարչագործության առաջին օրվա խորհրդանիշն է, եկեղեցական ավանդության մեջ հայտնի է նաև «անիծված թզենու» կամ «թզենու երկուշաբթի» անուններով: Այս անվանումը կապված է Ավետարանական այն դրվագի հետ, երբ Հիսուս Քրիստոս մոտենալով մի թզենու, որը հեռվից շատ փարթամ ու գեղեցիկ էր երևում, ցանկանում է մեկ թուզ պոկել և ճաշակել, տեսնում է, որ թզենին անպտուղ է, ինչի պատճառով էլ անիծում է նրան. «Այսուհետև քեզնից հավիտյան պտուղ թող չլինի» (Մատթեոս 21.18-22): Այս անելով, Քրիստոս կամենում էր ցույց տալ, որ Երուսաղեմ մտնելու ճանապարհին հանդիպել էր բազմաթիվ մարդկանց, որոնց արտաքին կյանքը թվում էր, թե լի էր օրհնությամբ, բայց դատարկ էր և անպտուղ, քանզի ամեն ինչ ավելի շատ ցուցադրության և մարդահաճության համար էր արվում, քան ի փառս Աստծո: Իսկ «Ինչո՞ւ Քրիստոս հենց թզենին ընտրեց» հարցին մեկնիչները պատասխանում են` փաստելով այն հանգամանքը, որ թզենին մյուս ծառերի համեմատ ավելի ուշ է չորանում, քանզի կաթի նման հոսող նյութ ունի և ավելի մածուցիկ է, ինչն էլ աստվածային զորությունն ավելի շեշտեց, քանզի եթե ծառը նույնիսկ արմատահան անեին և կտրեին, մի որոշ ժամանակ անց նոր ամբողջովին կչորանար, սակայն Քրիստոսի խոսքերից չորացավ նույն րոպեին:

 

 

Ավագ երեքշաբթին, պատկերում է արարչության երրորդ օրը, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Օրվա ամբողջ խորհուրդն ամփոփվում է «Տասը կույսերի» առակում (Մատթեոս 25.1-13) և իր պատգամով անմիջականորեն կապված է նախորդ օրվա խորհրդի հետ, քանզի եթե մարդը հայտնվի հինգ հիմար կույսերի իրավիճակում, ապա թզենու պես կլինի անպտուղ ու կչորանա: Այս օրը գալիս է մեզ ևս մեկ անգամ հիշեցնելու, թե ինչպես պետք է ապրի ճշմարիտ քրիստոնյան, որպեսզի վերջում չարժանանա Քրիստոսի «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում» դառը և կործանարար խոսքերին, այլ միշտ արթուն լինի, որովհետև հայտնի չէ Մարդու Որդու գալստյան ո՛չ օրը և ո՛չ ժամը (հմմտ. Մատթեոս 25.13):

 

 

Ավագ չորեքշաբթի օրը հիշատակում են այն կնոջը, ով թանկարժեք յուղով օծեց Քրիստոսի գլուխը, ինչը խորհրդանշեց Տիրոջ մոտալուտ մահը (Մատթեոս 26.6-13): Այդ դեպքին հաջորդում է Հուդայի՝ Հիսուսին մատնելու վճիռը. «Այն ժամանակ տասներկուսից մեկը՝ Հուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետի մոտ ու ասաց. «Ի՞նչ կկամենայիք ինձ տալ, որ ես Նրան ձեզ մատնեմ»: Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան» (Մատթեոս 26.14-15): Այս ամենն էլ պատճառ դարձավ առաքյալների այն որոշման համար, որի համաձայն ամեն չորեքշաբթի պետք է պահք պահել և ապաշխարել` հիշելով, թե ինչպես մատնվեց մեր Փրկիչը:

 

 

Ավագ հինգշաբթին բացի այն, որ հիշատակն է Խորհրդավոր ընթրիքի, նաև ներկայացնում է հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդը, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին աղբյուրից (Ելք 12, 14, 16, 17): Ավագ հինգշաբթի օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում ոտնլվայի արարողություն` համաձայն ավետարանական այն դրվագի, որտեղ հստակ ասված է. «Եթե Ես` Տերս և Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետև մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք» (Հովհաննես 13.14-15):

 

 

Ավագ ուրբաթը հիշատակում է Տիրոջ չարչարանքները, խաչելությունը և մահը, երբ «…եղան երկու արդարակշիռ ընտրությունները սասանած բոլոր արարածների` վերածելու նրանց անփոփոխելի ու երկնակենցաղ մի այլ էության, բարձրացածներին խոնարհեցնելով ու վեր հանելով ընկածներին» (Գրիգոր Նարեկացի, «Մատյան ողբերգության»): Հիսուսի խաչելությամբ ու մահվամբ իրականացան հինկտակարանյան բոլոր մարգարեությունները Մեսիայի գալստյան և փրկագործության վերաբերյալ: Արևն ու լուսինը խավարեցին, Երուսաղեմի տաճարի վարագույրը պատռվեց, երկիրը շարժվեց, ժայռերը ճեղքվեցին, գերեզմանները բացվեցին և հին աշխարհի ու դժոխքի մոտալուտ կործանումն ազդարարեցին: Բոլոր եկեղեցիներում, ի հիշատակ այս ամենի, կատարվում է խավարման և թաղման կարգ:

 

 

Այս ողբալի օրվան հաջորդում է վեհասքանչ և քրիստոնայների թերևս ամենաերջանիկ օրը` Ավագ շաբաթը` Քրիստոսի փառահեղ Հարության օրը, քանզի արժանանում ենք լսելու հրեշտակաբարբառ ավետիսը. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Այս խորհուրդը մեծապատիվ է ու հրաշալի, քանզի գլուխն է բոլոր տնօրինական խորհուրդների: Քրիստոս հարություն առնելով մեռելներից՝ Իր հետ հարություն տվեց նաև մեզ` մեղավորներիս ու ապականվածներիս: Նա որպես Քաջ Հովիվ Իր մոլորված ոչխարների համար Իր անձը տվեց: Սուրբ Հարության օրը ոչ մի կերպ չի զիջում այն օրվան, երբ երկիրն արարվեց, որովհետև Տերն Իր հրաշափառ Հարությամբ նոր արարչագործություն կատարեց` ազատելով մարդկանց իրենց հին մեղքերից և տալով դեպի Աստված դարձի ճշմարիտ ու միակ ճանապարհը:

 

 

Պատրաստեց՝ Լաուրա ԱՂԱՋԱՆՅԱՆԸ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան

Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

  • 2021-08-09
×