Պահքը մեզ տանում է դեպի կատարելագործում

Պահքը մեզ տանում է դեպի կատարելագործում

Մարտի 3-ից մեկնարկել է Մեծ Պահքը: Ինչպե՞ս անցնել հոգևոր, մաքրագործման ճանապարհը, ներկայացնում է Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը:

 

Խորհուրդներ առաջին անգամ պահք պահողներին

 

-Մի՛ վախեցեք: Պահքը ոչ թե սահմանափակումների, այլ զորացման շրջան է: Այն կարծես լինի մարտահրավեր, որը մեզ ուղղորդում է աշխատանք կատարել, ինչ-որ բան փոխել մեր մեջ: Այս շրջանն օգտակար է մեր հոգուն: Սխալ է, թե պահքին ուրախանալ չի կարելի, այն հենց հոգևոր ուրախության շրջան է: Այստեղ հարց է. մենք ինչի՞ն ենք կարևորություն տալիս՝ սեղանին մատուցվող մսի առատությա՞նը, թե՞ հոգևոր աճին:

 

Պահքը մեզ տանում է դեպի կատարելագործում, առաջնորդում է դեպի խաղաղություն և պետք է նպաստի մեր հոգևոր աճին: Եթե պահք պահենք և հոգևոր աճ չունենանք, այն կվերածվի դիետայի, որը ոչինչ չի փոխի մեր կյանքում:

 

Մեծ Պահքը՝ մեծ ճանապարհորդություն

 

-Մեծ Պահքի շրջանը հոգևոր ճանապարհորդություն է, որը մեզ առաջնորդում է վերափոխվել: Երբ գնում ենք ուղևորության, ունենում ենք քարտեզ, մեզ ուղեկցում են: Նույն կերպ պետք է այժմ առաջնորդվենք այս հոգևոր ճանապարհորդության կանոններով ու ընթանանք հոգևորականի ուղեկցությամբ, լինենք եկեղեցու մի մասնիկը: Այս ընթացքը պետք է դառնա ուղեցույց մեր կյանքի համար: Սխալ մոտեցում է 48 օր պահք պահել, իսկ հետո վերադառնալ նախկին վատ սովորություններին: 

 

Մեծ Պահքի ընթացքում ձեռք բերած հմտությունները պետք է կիրառել ողջ կյանքում: 

 

Պահքն ու մեր առօրյա տագնապները՝ օր-օրի ավելացող

 

-Մարտահրավերներ միշտ էլ լինելու են, պահքը մեզ սովորեցնում է, թե ինչպիսին պետք է լինի մեր վերաբերմունքը: Սխալ է մտածել, որ եթե պահք ենք պահում, մեզ չպետք է հետաքրքրի այս աշխարհում ոչինչ, չպետք է մտահոգվենք մեր շրջապատում տեղի ունեցածով: Պահքը պետք է մեզ օգնի, որ կարողանանք հանդարտ լինել, սթափ մտածել, չվախենանք, թերահավատ չլինենք ու կարողանանք համարժեք քայլ կատարել: Հիշենք Աստվածաշնչում, երբ Տերը խաղաղեցնում է փոթորիկն ու ասում. «Ո՞ւր է ձեր հավատը» (Ղուկաս 8:25): Երբ մենք հաստատակամ ենք, մարտահրավերները մեզ համար դառնում են միջոց՝ մեր հավատքը կայունացնելու:

 

Պատրաստեց Անի Ավագյանը

 
  • 2025-03-08
×