Երևանում՝ Ռուսական արվեստի թանգարանի դիմաց, նշվեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու ազգային տոներից Բարեկենդանը (Масленица):
Միջոցառման կազմակերպիչներն էին Երևանում Ռուսական տունը՝ Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնը և Երևանի Ռուսական արվեստի թանգարանը:
Ներկաները մասնակցեցին մրցույթների, խաղարկությունների և համտեսեցին ռուսական նրբաբլիթներ:
Տոնին մասնակցեց նաև Արարատյան Հայրապետական թեմը՝ ներկայացնելով հայկական Բարեկենդանի տոնը: Հատկացված տաղավարում թեմի Երիտասարդաց միության անդամները, Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի առաջնորդությամբ, ներկայացրին ազգային ուտեստներ: Տեր Պետրոսի խոսքով՝ միջոցառմանը մասնակցում են երկրորդ տարին և շարունակում գործակցությունը:
Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանն իր ելույթում ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը: Հոգևորականը խոսեց Բարեկենդանի ավանդույթների մասին՝ հիշեցնելով, որ այն հոգևոր ուրախության ու բերկրանքի օր է, որից հետո մարդիկ անցնում են պահեցողության շրջան:
Հայաստանում Բուն Բարեկենդանը կնշվի մարտի 2-ին: Մարտի 3-ից մեկնարկում է Մեծ Պահքը: