Փետրվարի 27-ին Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ: Հայ Եկեղեցին հիշատակում է 451 թվականին հայրենիքի, Եկեղեցու ու հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներին ու 1036 մարտիրոսներին:
Կյա՞նք, թե՞ մահ, հավատարմությո՞ւն, թե՞ ուրացում, պայքար
«Յուրաքանչյուր դարաշրջան ունի Վարդանանց իր տեսակը», համոզված է Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը: Հոգևորականի խոսքով՝ Վարդանանց պատերազմում հայորդիները տարան ոգու հաղթանակ: Նրանց պայքարը սիրո դրսևորում էր, որը ցույց տվեց՝ հայ ժողովուրդը կրոնափոխ չի լինելու, պայքարելու է, զոհաբերելու է իր անձը, բայց դեմ չի գնալու իր ինքնությանը:
Ավարայրի ճակատամարտում հայ քաջերի օրինակը դարեր շարունակ բոցավառել է հայոց ոգին, կարևոր դաս եղել սերունդների համար:
«Նրանք իրենց նահատակությամբ ապացուցեցին՝ չկա ավելի մեծ սեր, քան այն, որ կարող ես քո կյանքը տալ այլոց փրկության համար: Այդ սկզբունքը մեր հայորդիներին մարտի մղեց նաև արցախյան պատերազմների ժամանակ: Նրանք պայքարեցին, չհեռացան իրենց հավատքից, չուրացան Քրիստոսին»,- հավելում է հոգևորականը:
Ըստ պատմական աղբյուրների՝ 451 թվականի գարնանը զրադաշտականությունը պարտադրելու համար՝ պարսիկները մտան Հայաստան: Նրանց դեմ ելան զինվորը, իշխանը, գյուղացին ու հոգևորականը: Հայ քաջերը կռվեցին Հովսեփ կաթողիկոսի ու Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ: Հայերը կռվեցին ինքնությունը չկորցնելու համար՝ «Մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն» կարգախոսով:
«Սուրբ Վարդանն ասում էր՝ ոչ մի բան մեզ չի կարող հեռացնել Աստծո սիրուց՝ ոչ հուրը, ոչ սուրը: Եթե մարդու մեջ կա հավատը և սերը առ Աստված, նա անպարտելի է: Վարդանանց օրինակով մենք ոգեշնչվել ենք դարեր շարունակ: Թեև չեղավ ռազմական հաղթանակ, բայց հայերը չուրացան իրենց կրոնը, իրենց նահատակությամբ հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքն ու լինելիության իրավունքը, ցույց տվեցին, որ այս ազգին չի կարելի հեռացնել Քրիստոսից»,- նշում է Տեր Շմավոնը:
Հայ Եկեղեցին հետագայում սրբացրել է Ավարայրի 1036 նահատակներին` Վարդան զորավարի գլխավորությամբ:
Պայքարե՛նք մեր տեսակի համար
21-րդ դարում, թեև ոչ սրով, բայց այլ միջոցներով շարունակվում են քրիստոնյաների նկատմամբ հալածանքները: Ըստ Տեր Շմավոնի՝ յուրաքանչյուրիս առաջ դրված է ընտրություն՝ հարմարավետ կյանք՝ առանց Քրիստոսի, թե՞ դժվարություններ Քրիստոսով, իսկ Տիրոջ հետ ամեն դժվարություն հաղթահարելի է.
«Չարը մռնչացող առյուծի նման շրջում է մեր մեջ, որպեսզի հենց թուլանանք, կլանի մեզ: Քրիստոնյաներիս կյանքն առանց Քրիստոսի կենդանի ներկայության անհնար է: Եկեղեցի գնալ, մոմ վառելն անպտուղ է, եթե քո մեջ չկա իրական հավատքը Աստծո նկատմամբ և կենդանի շփումը Նրա հետ՝ Սուրբ Պատարագի, Սուրբ Հաղորդության, աղոթքի միջոցով»:
Վարդանանց պայքարը ոչ միայն պատմական դրվագ է, անցյալի պատմություն, այլև ներկայի ու ապագայի լույս: Դարեր առաջ Տղմուտ գետի ափին տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտը Արարչին հավատացող, սիրող ու հանուն մեծ սիրո պայքարողների մասին է, հանուն դիմացինի սեփական անձը զոհելու ու հանուն ինքնության, հավատքի կռիվ տալու մասին է:
Ժամանակակից աշխարհում ապրող մարդկանց համար 451 թվականին կռվողների օրինակն ու ոգին պատգամ է՝ հետևելու մեր նախնիների հավատքի ու գաղափարների ուժին, հավատարիմ մնալու մեր ինքնությանը:
Անի Ավագյան