Երանի նրանց, որոնք չեն տեսել և սակայն կհավատան (Հովհաննես 20:28)
Հինանց շրջանի երկրորդ կիրակին կոչվում է Նոր կիրակի կամ Կրկնազատիկ: Այսօր հիշատակում ենք Թովմա առաքյալի օրինակը և հարուցյալ Քրիստոսի` իր աշակերտներին երկրորդ անգամ հայտնվելու փաստը: Հարության կիրակի, երբ Քրիստոս հայտնվեց Վերնատան մեջ հավաքված իր աշակերտներին, Թովմա առաքյալը ներկա չէր: Եվ երբ իրեն փոխանցեցին հարության ավետիսը, կասկածեց ու հայտարարեց. «Եթե չտեսնեմ Նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատներս չդնեմ մեխերի տեղը, և իմ ձեռքը Նրա կողին չդիպչի, չեմ հավատա»: Ուստի հաջորդ կիրակի օրը, երբ առաքյալները կրկին հավաքվել էին Վերնատան մեջ, Տերը հայտնվեց ու դիմելով Թովմային` ասաց. «Բե´ր քո մատները և դի´ր այստեղ ու տե´ս իմ ձեռքերը և բե´ր քո ձեռքն ու մտցրու իմ կողի մեջ, մի´ եղիր անհավատ, այլ հավատացյալ»: Թովմա առաքյալն, ի պատասխան Քրիստոսի այս հրավերի, բացականչեց. «Տե´ր իմ և Աստված իմ»:
Թովմա առաքյալը նախ հանդես է գալիս Ղազարոսի հարության պատմության մեջ, երբ Քրիստոսին հայտնում են Ղազարոսի մահվան լուրը, և Նա որոշում է, որ պիտի այցելի Ղազարոսի ընտանիքին: Առաքյալները փորձում էին կանխել Քրիստոսի այս որոշումը` հայտարարելով, որ հրեաները Նրան փնտրում են, որպեսզի սպանեն, ինչպե՞ս կարող է գնալ Բեթանիա և այցելել Ղազարոսի ընտանիքին: Եվ հենց այստեղ է, որ Թովմա առաքյալն համարձակ կերպով հայտարարում է. «Եկեք մե´նք էլ գնանք Նրա հետ, և եթե հարկ է, մեր կյանքը տանք հանուն Քրիստոսի»: Այսպիսի քաջություն հաճախ չենք տեսնի մեր օրերում, ուստի՝ նման օրինակները երբեք չեն մոռացվում թե´ մարդկանց, թե´ Աստծո կողմից:
Իսկ այսօրվա խորհուրդը Թովմա առաքյալի մեկ այլ օրինակն է ներկայացնում. «Եթե չտեսնեմ, չեմ հավատա»: Այսպիսի կեցվածք մենք այսօր հաճախ կտեսնենք:
Որպես կանոն, այս կերպ մտածում են մարդիկ, ովքեր Աստծուն չեն փնտրում, մարդիկ, ովքեր չեն փնտրում ճշմարտություն և չեն պատրաստվում իրենց կյանքը զոհել հանուն ինչ-որ մեկի: Իսկ նման անհավատ մարդկանց Աստված երբեք չի հայտնվի:
Իսկ Թովման անհավատ չէր. նա գիտակցում էր, որ հարուցյալ Քրիստոսին տեսնող մարդու կյանքը պետք է արմատապես փոխված լինի: Նա պարզապես չտեսավ հարության լույսն իր ընկերների մեջ: Տեսավ միայն ոգևորություն:
Ինչպես մեր օրերում է: Մենք ոգևորված և ուրախությամբ միմյանց փոխանցում ենք հարության ավետիսը, բայց դրանից մեր կյանքը չի փոխվում, միայն ոգևորությունն է: Ուստի ո՞վ կհավատա մեր ավետիսին:
Աստված հայտնվեց Թովմային, որովհետև նա պատրաստ էր դեռ մինչև Աստծո Որդու փառավորվելը կյանքը տալ հանուն Քրիստոսի: Թովման դեռ այն ժամանակ համոզված էր, որ եթե Քրիստոս իր հետ չէ, ուրեմն անիմաստ է ապրել, և ահա հարուցյալ Քրիստոս կրկին հայտնվեց ու ասաց. «Խաղաղություն ձեզ»: Վերնատան մեջ հայտնվելով իր առաքյալներին` ի դեմս Թովմա առաքյալի` փորձեց ամրապնդել նրանց հավատքը: Արդյունքում Թովման բացականչեց. «Տե´ր իմ և Աստված իմ»: Ուրեմն՝ երանելի են ոչ թե նրանք, ում համար Հիսուսին տեսնելու և հանդիպելու փափագը հարության ճշմարտացիությունը փաստելն է, այլ երանելի են նրանք, ովքեր ցանկանում են տեսնել և հանդիպել Տիրոջը` որպես Փրկիչ, սպասված Հյուր, որին ձգտում է մեր սիրտը, և առանց որի չենք կարող պատկերացնել մեր կյանքը:
Մենք էլ շատ հաճախ հավատքի մեջ կասկածում ենք, թերանում, սակայն վախենալ կամ հուսահատվել պետք չէ: Հարության ավետիսը կարող է փոխել մեր կյանքը, եթե պատրաստ ենք Տիրոջ հետ ապրելու և զոհաբերվելու: Ահա այստեղ է, որ հնչում է աստվածային պատգամը. «Երանի՜ նրանց, որոնք չեն տեսել և հավատում են»: Կարիք չկա Տիրոջ ներկայության ապացույցներ փնտրելու: Աստված միշտ մեզ հետ է, օրհնում և լսում է մեր աղոթքները: Պարզապես մեր հոգու կասկածները, թերահավատությունը, սարսափը փարատելու համար Թովմա առաքյալի հետ միասին ծնկի իջնենք Տիրոջ առաջ և աղոթենք. «Աստվա´ծ իմ և Տեր իմ»:
Եսայի քհն. Արթենյան