Հայ Եկեղեցին տոնում է քահանայից դասի տոնը, հիշատակում Սուրբ Ղևոնդյանց, որոնք այսօր ոգեշնչում են հայ հոգևորականներին և օրինակ են հայ քրիստոնյաների համար՝ հայրենասեր, քաջ ու համբերատար լինելու:
Վասն հավատոյ և վասն հայրենեաց…
Սուրբ Ղևոնդյանք. ովքե՞ր էին ու ի՞նչ դաս է նրանց միջոցով տալիս պատմությունը: Մեզ հասած տեղեկությունները պատմում են հավատքին ու հայրենիքին նվիրված սրբերի մասին, որոնք զոհեցին իրենց անձը: 451 թվականին՝ Ավարայրի ճակատամարտի ժամանակ, Ղևոնդյանց քահանաները քայլեցին հայոց բանակի առջևից՝ ոգի ու ուժ տալով մարտիկներին:
Տեր Նշան քահանա Ալավերդյանն ասում է՝ Սուրբ Ղևոնդյանք պայքարեցին՝ հանուն Քրիստոսի, հանուն այն ժողովրդի, որը Քրիստոսի սիրուն հավատացել է ու պատասխանել է սիրով:
«Սուրբ Ղևոնդյանց քահանաների կերպարի մեջ մենք փնտրել ենք և մշտապես ցույց տվել հետագա սերունդներին, թե ինչպիսին պետք է դառնան իրական հոգևորականները, որոնք նախ և առաջ պատրաստ են օրինակ դառնալ, առաջամարտիկ լինել և իրենց վրա կրել առաջին հարվածը: Մենք տեսնում ենք, որ այս հոգևորականները ստանձնեցին՝ իրենց օրինակով մարտի նետվելու, հոգևոր խոսքը գործի վերածելու մեծագույն առաքելությունը,- նշում է քահանան:
Տեր Նշանի խոսքով՝ Սուրբ Ղևոնդյանք ուսուցիչ են 1600 տարվա հեռավորությունից, տոնը պատգամում է, որ մեզ պետք են Ղևոնդներ, Հովսեփներ, որ հիշենք՝ դեպի ուր ենք քայլում:
«Մենք կարիք ունենք հոգևոր վերազարթոնքի՝ ցույց տալու, որ քայլում ենք այդ ճանապարհով և դառնալ ժողովրդին բոցավառող հոգևոր կրակ: Կարողանանք այն հսկա հոգևոր լույսի պատճառ դառնալ, որը կարող է բորբոքվել և ի վերջո պատասխանել Քրիստոսի սիրուն: Աստված առաջինը սիրեց մեզ, և մենք պետք է պատասխանենք նման վկայությամբ»,- նշում է Տեր Նշանը:
Նահատակների խումբը հիշատակվում է՝ որպես քահանաներ, սակայն պատմիչները նշում են նաև Հովսեփ կաթողիկոսի, Սահակ եպիսկոպոս Ռշտունյացի, Բասենյաց Թաթիկ եպիսկոպոսի, Մուշե կամ Մուշեղ քահանայի, Արշեն երեցի, Սամվել քահանայի, Աբրահամ և Քաջաջն սարկավագների անունները: Նրանք կոչվել են հոգևոր դիմադրության առաջնորդի՝ Ղևոնդ Երեցի անունով: Ըստ պատմական աղբյուրների՝ Պարսից դեմ պայքարում աչքի ընկած հոգևորականներին բանտարկել են, ենթարկել չարչարանքների, բայց նրանք չեն ուրացել իրենց հավատքն ու ինքնությունը:
Ըստ ավանդության՝ պարսից մոգպետը մի անգամ գիշերով գնացել է տեսնելու՝ ի՞նչ են անում հոգևորականները: Նայելով անցքից ներս` տեսել է նրանց քնած, այնուհետև բանտի ներսում ծագել է պայծառ լույս, և սրբերը սկսել են աղոթել: Հաջորդ գիշեր երևացել է նույն տեսիլքը: Սրբերը մոգպետին ցույց են տվել ճշմարիտ ուղին, և նա մկրտվել է: Լուրը հասել է Հազկերտին, և հայ քաջ հոգևորականները, ի վերջո, նահատակվել են:
Տեր Նշան քահանա Ալավերդյանը հիշեցնում է՝ Սուրբ Ղևոնդյանց տոնը քահանաներին տալիս է նոր լիցք՝ ուխտը վերանորոգելու և ասելու, որ հոգևորականի ճանապարհը, կյանքը գահ չէ, խաչ է: Հոգևորականները, կրելով այդ խաչը, ցույց են տալիս, որ հանձնառու են շարունակելու պայքարել: