Աստծո ձայնը լսելու համար՝ լռեցնենք մեր միջի աղմուկը
Աստծո ձայնը լսելու համար՝ լռեցնենք մեր միջի աղմուկը
Ինչպե՞ս հասկանալ Աստծո կամքը. մեկնաբանում է Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը:
Մեր սխալներն ու մեր պատասխանատվությունը
-Հաճախ մարդիկ արդարանում են, թե մեղավոր չեն: Կա՛մ չարն է իրենց դրդել՝ սխալ քայլեր կատարելու, կա՛մ Աստծո կամքն է, ոչինչ անել չէին կարող: Ես ասում եմ՝ ո՛չ կարող էիք, որովհետև ունեք ազատ կամք: Մարդիկ պարզապես փորձում են հրաժարվել պատասխանատվությունից, բայց պետք է հիշեն՝ կարող են փոխվել այն ժամանակ, երբ գիտակցում են, որ տվյալ արարքն իրենք են կատարել, պատասխանատվություն են վերցնում սեփական քայլերի համար:
Ազատությունը և մենք
-Ինչո՞ւ են տեղի ունենում դժբախտություններ, ինչո՞ւ առհասարակ գոյություն ունի չարը, եթե Տերը կարող է այն կործանել, և մարդիկ մեղք չեն գործի. հարցնում ենք մենք: Այդ դեպքում մարդը չի ունենա ազատ ընտրելու հնարավորություն: Մեզ տրված է ազատություն, մենք կարող ենք զարգանալ: Անգամ դժվար իրավիճակները կարող են մեզ օգնել, որ փոխվենք, սթափվենք, թրծվենք:
Աստծո կամքը՝ թույլտվությունն ու ցանկությունը
-Այս աշխարհում որևիցե բան չի կարող տեղի ունենալ առանց Աստծո գիտության: Մեր կյանքում տեղի են ունենում շատ պատահարներ, դժբախտություններ: Արդյո՞ք դրանք ևս Աստծո ցանկությունն են, իհարկե ոչ: Տիրոջ ցանկությունն է, որ մարդու հոգին փրկվի, ինչպե՞ս, պետք է դառնա քրիստոնյա, ինչպե՞ս դառնալ քրիստոնյա, պետք է սովորել սիրել, ներել…
Ինչպե՞ս լսել Արարչի ձայնը
-Աստծո ձայնը լսելու համար պետք է Սուրբ Գիրքը ընթերցենք, որտեղ Աստծո խոսքն է ամփոփված, շարունակենք ապրել քրիստոնեական արժեքներով, աղոթենք, մասնակցենք Սուրբ Պատարագի։ Աստծո ձայնը լսելու համար՝ պետք է նաև լռել սովորենք․ լռեցնենք մեր միջի աղմուկը: