Բնական աղետները, մեր կյանքում տեղի ունեցած դժբախտություններն Աստծո պատի՞ժն են, թե՞ մեր սխալների հետևանքը. մեկնաբանում է Տեր Մովսես քահանա Սահակյանը:
Աղետներ. պատի՞ժ, թե՞ հետևանք
Աստված չի ստեղծել այս աշխարհը, որ կործանի, այլ այն պարգև է՝ տրված մարդկանց: Այս աշխարհն այսպիսին է դարձրել ոչ թե Արարիչը, այլ մենք՝ մեր սխալների պատճառով:
Որքանո՞վ է բնական աղետը Աստծո պատիժ, այնքանով, որ տեղի է ունենում Աստծո ստեղծած աշխարհում, Նրա ստեղծած բնական օրենքների սահմաններում, բայց մենք ազատ ենք արարելու: Տերը չի ուղարկում բնական աղետներ՝ մարդկանց պատժելու համար, պատիժը մեր սխալ քայլերի բնական հետևանքն է: Եթե չենք կարողանում կանխել բնական աղետը, դա պատճառն է մեր թուլության, իսկ թույլ լինելը քրիստոնյայի համար նույնն է, ինչ լինել մեղավոր: Դու չես կարող թույլ լինել, եթե Աստված, Ուժը քո մեջ է:
Բնության օրենքներն ու մեր ընտրությունը
Տերը կրակը չի ստեղծել, որ այրվենք, բնությունն իր բոլոր օրենքներով տրվել է մեզ, որպեսզի բարիք ստեղծենք: Բնությունը մեզ հուշում է, եթե կատարում ենք որևէ գործողություն, կստանանք համապատասխան արդյունք: Մեր քայլերով են պայմանավորված բոլոր հատուցումները: Աստված միշտ արարում է բարիք, մարդը՝ հաճախ չարիք, որից առաջանում են դժբախտությունները, մահերը: Մենք ենք ծնում մեղքը և պատիժը:
Չկա մեկը, որը արժանի չէ պատժի: Եթե մեկը տուժում է աղետից, չի նշանակում, թե նա ավելի մեղավոր էր, քան մնացածը: Նշանակում է, որ աղետը հետևանք էր որոշակի սխալ քայլերի:
Մեր պապերի մեղքերն ու դրանց հետևանքները
Երեմիայի մարգարեության մեջ ասվում է՝ չի լինի այնպես, որ հայրը ազոխ ուտի և որդու ատամները բռնվեն դրանից: Այսինքն՝ մենք այլոց գործած մեղքերի համար Աստծուն պատասխան չենք տալու, բայց մեր ծնողների մեղքը կարող է ազդել մեզ վրա, որովհետև ապրում ենք այդ միջավայրում:
Մարդկանց սխալ պատկերացումները
Մարդիկ ոչ ամբողջական պատկերացում ունեն Տիրոջ մասին, խոսում են Սուրբ Գրքի մասին՝ թերի գիտելիքներով: Աստված կյանքն է ու երջանկությունը: Մեր Եկեղեցու հայրերն ասում են՝ չարը չարարվածն է, այն, ինչ գոյություն չունի, Աստծո բացակայությունը: Մեղքն ի՞նչ է, եթե ոչ հեռացում Աստծուց: Եթե ընտրում ենք խավարը, պետք է քաղենք դրա պտուղները: Եթե ընտրում ենք լույսը, կքաղենք լույսի պտուղները:
Ամեն անգամ, երբ ընտրում ենք խավարը, այնտեղ ևս Տերը մեզ հետ է, և խավարում լույս է վառվում: Բոլոր չարիքները Աստված օգտագործում է ի բարին և երբեք չի հանդիսանում չարիքի պատճառ:
Դատաստան, դրախտ ու դժոխք. կյանք Աստծո հետ ու առանց Նրա
Եկեղեցու հայրերն ասում են՝ բոլորս արժանի ենք դժոխքի, բայց ապրում ենք դրախտի հույսով: Ի՞նչ է դատաստանը՝ անցում ժամանակավորից դեպի հավիտենականություն: Դրախտը կյանքն է Աստծո հետ, դժոխքը՝ կյանքն առանց Նրա: Եթե մենք հրաժարվում ենք Աստծուց, մուտք ենք գործելու հավիտենականություն՝ այդպիսին՝ հրաժարվելով հույսից, լույսից, երջանկությունից, իսկ անհուսությունը վատագույն պատիժն է:
Դատաստանի ժամանակ պետք է ստանանք այն, ինչ վաստակել ենք, եթե Տերը չմիջամտի Իր ողորմությամբ:
Պե՞տք է վախենալ
Կա մեղք չգործելու երկու շարժառիթ՝ վախ և երկյուղ: Համեմատենք, ես մեղք չեմ գործում, որպեսզի չպատժվե՞մ, թե՞ չեմ ցանկանում իմ ծնողին վշտացնել, ինձ՝ որպես Աստծո զավակի, այդ արարքը վայել չէ: Քրիստոնյան չպետք է վախենա, որովհետև Աստծուն է կրում իր մեջ, բայց պետք է զգուշություն դրսևորի, երկյուղ ունենա իր ծնողի՝ Տիրոջ հանդեպ:
Պատիժը, ազատությունը, սերը
Աստված, երբ ստեղծեց Ադամին և Եվային, նրանց տվեց ամեն ինչ և մեկ պատվիրան: Ինչո՞ւ Աստված զգուշացրեց, որ եթե ուտեն արգելված պտուղը, կմահանան, ու ծառը դրեց դրախտում: Մեծագույն սիրո դրսևորումներից է այն ազատությունն ու ինքնուրույնությունը, որ Տերը տվեց մարդկանց: Երբ մենք պատժվում ենք, նշանակում է՝ ազատ ենք, արել ենք ընտրություն, արժանացել ենք այդ պատժին: