Դաշնակահար Վահե Մկոյանի գործը մարդկանց հոգիների հետ է: Փորձում է իր հոգուց բխած կատարումներով մարդկանց սեր փոխանցել: Վստահ է՝ երաժշտությունը կօգնի գտնել խաղաղություն ու սովորել սիրել:
«Հոգուց պետք է դուրս գա երաժշտությունը: Հոգևոր երաժշտությունը մարդուն կարող է ազատել դժվար ապրումներից: Կարող է օգնել, որ մարդն ապրի հոգևոր զարթոնք, փոխվի: Մեր հոգևոր հայրերի հոգուց բխած ստեղծագործությունները, այդ մեծ ժառանգությունը պետք է փայփայենք, սիրենք ու կատարենք»,- նշում է երաժիշտը:
Ես գտա իմ խաղաղությունը…
Վահեն Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլից է: Ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, բայց երաժշտության աշխարհը սկսել է բացահայտել վաղ տարիքից: Իր կյանքում մեծ դեր է ունեցել Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որտեղ մկրտվել է:
«Եկեղեցում հաճախեցի ճամբար և սովորեցի շարականներ, հոգևոր թեմաներով զրույցներ ունեցա հոգևորականի հետ: Միջավայրը մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա, փոքր տարիքում սկսեցի ուսումնասիրել շարականներն ու երգել: Երաժշտությունն ինձ տարավ եկեղեցի: Եկեղեցու պատերի ներսում ես գտա իմ խաղաղությունը: Երբ հնչում էր «Սուրբ, Սուրբ» շարականը, փակում էի աչքերս ու վայելում: Ամբողջ ընթացքում այդ շարականն ինձ հետ էր, իմ մեջ»,- պատմում է դաշնակահարը:
Վահեի՝ դաշնակահարի ու անհատի ձևավորման հարցում օգնել է եկեղեցին: Սկսել է ուսումնասիրել Սուրբ Պատարագի ողջ երաժշտությունը: Իր օրինակով է համոզվել՝ Պատարագին մասնակցելը փոխում է մարդուն, նա սկսում է սիրել մարդկանց ու աշխարհը, հաշտ լինել սեփական անձի ու աշխարհի հետ:
«Եկեղեցում ես գտնում եմ հանգստություն՝ շաբաթվա թոհուբոհից հետո: Այդ երկու ժամվա ընթացքում մուտք եմ գործում այլ աշխարհ, մոռանում բոլոր հոգսերը: Սուրբ Պատարագին դու ինքդ քո և Աստծո հետ ես, առաջին հերթին գոհունակության զգացում է: Ամեն շաբաթ սպասում եմ կիրակի օրվան, որ մասնակցեմ Սուրբ Պատարագին, որ զգամ: Առհասարակ հոգևոր ու դասական երաժշտությունից ես ստանում եմ մեծ էներգիա»,- հավելում է Վահեն:
Երաժիշտը խորհուրդ է տալիս ուսումնասիրել մեր հոգևոր ժառանգությունը, Սուրբ Պատարագի երաժշտությունն ու մասնակիցը դառնալ եկեղեցու գլխավոր ծիսական արարողությանը՝ աղոթքով, գոհաբանությամբ: Սրբազան արարողությանը մասնակցությունը մեծ ազդեցություն կունենա մարդու հոգեկան աշխարհի վրա:
Լսելով այդ շքեղ շարականները՝ խնկաբույր միջավայրում, աղոթքն առավել սրտաբուխ, անկեղծ կլինի: