Նավասարդ Սրբազանն այցելեց ՀԱՊ` դիտելու Ս. Սարգսի 19-րդ դարի սրբապատկերը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Նավասարդ Սրբազանն այցելեց ՀԱՊ` դիտելու Ս. Սարգսի 19-րդ դարի սրբապատկերը

Նավասարդ Սրբազանն այցելեց ՀԱՊ` դիտելու Ս. Սարգսի 19-րդ դարի սրբապատկերը

Փետրվարի 14-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հոգեւորականների ու թեմական կառույցների անդամների հետ այցելեց Հայաստանի ազգային պատկերասրահ` դիտելու Ս. Սարգսի սրբապատկերը։ Ս. Սարգսի տոնի առթիվ արդեն երկրորդ անգամ Հայաստանի ազգային պատկերասրահը ցուցադրության է ներկայացրել 19-րդ դարի անհայտ հայ հեղինակի` Ս. Սարգսի սրբապատկերը։ Այն մինչեւ 1930-ականները գտնվել Է Աշտարակի Կարմրավոր եկեղեցում։



 

Սրբազան հորն ուղեկցում էին Տ. Շահե քահանա Հայրապետյանը, Տ. Անուշավան քահանա Կոշեցյանը, Տ. Արարատ քահանա Օրդոյանը, ԱՀԹ թեմական խորհրդի նախագահ Նարեկ Աշուղաթոյանը, առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խաչքավոր Հակոբ Մանուկյանը, թեմական խորհրդի անդամ Վահագն Առաքելյանը։ 

 

Սրբապատկերն աչքի Է ընկնում իր գեղագիտական հետաքրքիր լուծումներով` ամբողջությամբ կանոնիկ կառուցվածքով ու դետալներով։ 



 

Ուշագրավ է, որ սրբապատկերի դիմահայաց պատին ցուցադրվում է Իջեւանի Ս. Առաքելոց եկեղեցու որմնանկարի ընդօրինակումը։ 13-րդ դարի բացառիկ այս որմնանկարում ներկայացված է մի դրվագ Ս. Սարգսի կյանքից։ 

 

Սրբազան հայրը շրջեց նաեւ պատկերասրահի` հայկական գեղանկարչության վերաբացված մշտական ցուցադրության սրահներում։ Այստեղ ներկայացված են Հովնաթանյանների, Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադեւոսյանի, Գեւորգ Բաշինջաղյանի եւ հայտնի այլ նկարիչների աշխատանքները։ Գիդ Ավինե Դուզդաբանյանը հետաքրքիր ու արվեստագիտական ուրույն մեկնաբանություններով ներկայացրեց նկարիչների աշխատանքները, նրանց կյանքն ու ստեղծագործական ընթացքի փուլերը։ 

 

Շրջայցի ավարտին Նավասարդ  Սրբազանն իր բարձր գնահատանքը հայտնեց ՀԱՊ տնօրեն Մարինա Հակոբյանին, որ արդեն երկրորդ անգամ սիրո հայկական տոնի առթիվ ցուցադրության են ներկայացրել Սուրբ Սարգսի սրբապատկերը։ Տիկին Հակոբյանը նշեց, որ այս տարի տոնի առթիվ կազմակերպել են նաեւ հետաքրքիր դասախոսություն «Ս. Սարգսի կերպարը հայ պատկերագրության մեջ», որը կներկայացնի արվեստագիտության թեկնածու, դոցենտ Քնարիկ Ավետիսյանը։ 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2025-02-16
×