Սիրո ու գրքի տոն

Սիրո ու գրքի տոն

Սիրո տոնը դարձավ նաև գրքի տոն. Սուրբ Սարգսի տոնին «Բուկինիստ» գրախանութում էին հավաքվել գիրք-խոստովանություն ստացողներն ու գրքի միջոցով սեր խոստովանողները: «Իմ գաղտնի գրքաՍԵՐ» գրքառատ ու սիրառատ նախաձեռնությունն իրականացվեց 9-րդ անգամ: Ծրագիրն իրականացնում են «Բուկինիստ» գրախանութների ցանցը և Արարատյան Հայրապետական թեմը:

 

Միջոցառումը մեկնարկեց աղոթքով: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունները ներկաներին փոխանցեց Նորք - Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Թովմա քահանա Անդրեասյանը: Տեր Հայրը ներկայացրեց Սուրբ Սարգիս զորավարի վարքը և տոնի խորհուրդը: Ընդգծեց, թե որքան կարևոր է՝ լինել հայրենասեր, եկեղեցասեր ու գրքասեր:  

 

Միջոցառմանը մի քանի տասնյակ գրքասերներ ստացան սիրելիների կողմից պատրաստված նվերները: Ոմանք էլ սեր խոստովանեցին գրքի միջոցով:

 

Միջոցառումն իր կատարումներով գեղեցկացրեց երաժիշտ Վահագ Ռաշը:

 

Անակնկալներն այսքանով չավարտվեցին: Ներկաները մասնակցեցին խաղարկությունների, ստացան նվերներ միջոցառման կազմակերպիչների ու ծրագրի գործընկերների կողմից: Նախաձեռնության գործընկերներն են Հայաստանի Ազգային պատկերասրահը, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, Գրականության ու արվեստի թանգարանը, «Միհր Վոյաժ» տուրիստական ընկերությունը, «Կոնվերս բանկ»-ը, «ԿինոՊարկ»-ը:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2025-02-16
×