Սիրո տոնին սեր ու երախտագիտություն բանակի գնդերեցներին

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Սիրո տոնին սեր ու երախտագիտություն բանակի գնդերեցներին

Սիրո տոնին սեր ու երախտագիտություն բանակի գնդերեցներին

Փետրվարի 15-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ թեմի առաջնորդարանում 10-րդ անգամ տեղի ունեցավ լավագույն զինծառայողների պարգևատրման արարողությունը` նվիրված Ս. Սարգիս զորավարի տոնին։ Նավասարդ Սրբազանը պարգևատրեց ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդության 22 գնդերեցներին։ 

 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Նարեկ Աշուղաթոյանը, առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խաչքավոր Հակոբ Մանուկյանը, թեմական կառույցների անդամներ, գնդերեցներ,  երիտասարդներ։ 

 

Նավասարդ Սրբազանի նախագահությամբ միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը։

 

Սուրբ Սարգսի տոնի առիթով Հայոց բանակի գնդերեցների ու զինվորների պարգևատրման արարողությունը Նավասարդ Սրբազանի նախաձեռնությունն է, որն Արարատյան Հայրապետական թեմում իրականացվում է 2016 թ․-ից:

 

Դիմելով ներկաներին՝ Նավասարդ Սրբազանը մասնավորաբար ասաց. «Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է «երագահաս բարեխօս, սուրբ զօրապետ եւ մենամարտիկ» Սուրբ Սարգիս զորավարի հիշատակը: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի բարձր տնօրինությամբ այս օրը հռչակվել է երիտասարդների օրհնության օր:

 

Սիրելինե՛ր, րոպեներ առաջ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մեր խոնարհումն ու հաղորդակցությունը բերեցինք Սուրբ Զորավարի մասունքին, սիրո և միաբանության աղոթք առաքեցինք առ Հիսուս՝ հայցելով Քրիստոսի երանելի վկա սրբի բարեխոսությունը:

 

Սուրբ Սարգիսը, իր Մարտիրոս որդին և նրա 14 զինակից ընկերներն իրենց  նահատակությամբ հաստատեցին, որ Քրիստոսի սերն ու հավատքն առավել են, քան երկրային կյանքը: Նրանք իրենց անձնուրացությամբ և մահվամբ նո՛ր՝ հավիտենական կյանքի սկիզբը դրեցին: Սուրբ Զորավարն իր վարքով և նահատակությամբ դարձավ քրիստոնեական հավատքի և սիրո քարոզիչը: Սրբի կյանքն անանձնական սիրո, առաքելաջանք նվիրումի և սրբագործման օրինակ է Քրիստոսի սիրով տոգորվածների համար: «Զինաւորն Քրիստոսի ի Հօրէ առեալ պարգեւս, յաստուածատունկ ի դրախտէն ծագեցաւ մեզ շառաւիղ, որ է զէն յուսոյ վահան հաւատոյ» (հատված «Զինաւորն Քրիստոսի» շարականից):

 

Ուրախություն է մեզ համար արձանագրել, որ այսօր մեր կողքին են քսաներկու գնդերեցներ, ովքեր իրենց հոգևոր ծառայությունն են բերում հայոց բանակում:

 

Սիրելի՛ք, ձեր առաքելությունն այս պահին զինվորությունն է, Պողոս առաքյալի խոսքով՝ զինվորություն՝ «Աստծո սպառազինությամբ»: Դուք ճշմարտության Ավետարանի փրկարար հունդերն եք ցանում հայոց բանակում՝ ձեր ծառայակից եղբայրներին օրինակ լինելով ձեր իսկ հայրենասիրությամբ, արիությամբ, եղբայրասիրությամբ և անկոտրուն հավատքով: Սիրեցե՛ք Աստծուն, սիրեցե՛ք հայրենին, սիրեցե՛ք միմյանց, քանզի՝ «Սիրո՛ ուժն է անհաղթ»:

 

Մեր սիրառատ հոգու մաղթանք է, որ Բարեգութ Աստված խաղաղ և անխախտ պահի հայոց սահմանները, և Տիրոջ քաջ վկա Սուրբ Սարգիսը զորակից ու մարտակից լինի ձեզ՝ աստվածահաճո գործերով ձեր առաքելությունն իրագործելու և սիրո, հավատքի ու հայրենասիրության հաղթական ոգին Հայոց բանակում մշտանորոգ պահելու օրհնաբեր գործում:

 

«Ամենասուրբ Երրորդութեանն ընտրեալ ծառայ եւ հաւատարիմ. յաղթող սպառազէն եւ քաջ նահատակ. երագահաս սուրբըդ Սարգիս շնորհաց օթեւան. բարեխօ՛ս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց» (Շարական): Ամեն»:

 

Պարգևատրվող գնդերեցների անունից շնորհակալության խոսք ասաց ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեց բարեշնորհ Հովհաննես սարկավագ Ավետիսյանը։ 

 

Հանդիսության ընթացքում գեղարվեստական կատարումներով ելույթ ունեցան Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբը (գեղ. ղեկավար՝ Մարիամ Հովհաննիսյան), առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու սպասավոր Հովհաննես սարկավագ Ներսեսյանը և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի երգչախումբը (գեղ. ղեկավար՝ Գրիգոր Հարությունյան): Վերջինս հոբելյանական` 10-րդ պարգևաբաշխման ընթացքում հնչեցրեց նաև Գրիգոր Հարությունյանի «Սուրբ Սարգիս» նոր երգը։ 

 

Միջոցառման ավարտին Նավասարդ Սրբազանը Պահպանիչ աղոթքով արձակեց ներկաներին՝ բարի ու խաղաղ ծառայություն մաղթելով գնդերեցներին ու զինծառայողներին։ 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2025-02-15
×