Տոնական Ս. Պատարագ Ս. Սարգսի տոնի առթիվ

Տոնական Ս. Պատարագ Ս. Սարգսի տոնի առթիվ

Փետրվարի 15-ին Հայ Եկեղեցին նշում է Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: 

 

Վաղ առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի էր բերվել Ս. Սարգսի մասունքակիր աջը: Ավանդույթի համաձայն տոնի առթիվ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարանից էլ բերվել էր 17-րդ դարում այս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը:

 

Տոնի առթիվ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Ս. Պատարագ մատուցվեց: Պատարագիչը ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանն էր: 

 

Հընթացս Ս. Պատարագի Հայր Սուրբն իր քարոզում անդրադարձ կատարեց Ս. Սարգսի վարքին ու տոնի խորհրդին՝ ընդգծելով, որ սրբի վարքը սովորեցնում է հաստատուն մնալ մեր հավատքի մեջ, նվիրված լինել սիրո մեջ և վստահել Աստծո հավիտենական խոստումներին։

 

Դիմելով երիտասարդներին Հայր Մովսեսը նշեց․ «Ս․ Սարգիսը քաջության օրինակ է, նա չվախեցավ պաշտպանել իր համոզմունքները, նույնիսկ մահվան սպառնալիքի դեպքում։ Նմանապես, այսօրվա երիտասարդները կոչված են քաջություն դրսևորել ու հաստատուն մնալ իրենց ազգային ու եկեղեցական արժեքների մեջ։

 

Ս․ Սարգիսը սովորեցնում է հավատարիմ լինել սիրո մեջ, որովհետև ճշմարիտ սերը միայն զգացմունք չէ, այն հիմնված է հավատարմության վրա, որն ուղեկցվում է ազնվությամբ ու անձնվիրությամբ։ Մեր օրերում, որտեղ հարաբերությունները հաճախ հիմնված են մակերեսային գրավչության վրա, Ս․ Սարգիսը հիշեցնում է, որ սերը պետք է կառուցված լինի հավատքի, վստահության և զոհաբերության վրա»։

 

Հայր Սուրբն աղոթք բարձրացրեց առ Աստված, որ Տերը Ս․ Սարգսի բարեխոսությամբ հայ երիտասարդներին շնորհի ամուր կամք և գիտակցություն՝ հավատքի մեջ հաստատուն մնալու, Ամենակարող Աստծուն վստահելու և քաջությամբ ապրելու՝ Տիրոջ խոստացած փրկությունը վաստակելու համար։

 

Հավարտ Ս. Պատարագի՝ Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ Հայր Մովսեսը Երիտասարդների օրհնության կարգ կատարեց Սրբի մասունքակիր աջով, Աշոտ Երկաթի խաչով, որի մեջ ամփոփված է Քրիստոսի Խաչափայտի մասունքը, և 17-րդ դարի Ավետարանով: 

 

Տոնի առթիվ երիտասարդների օրհնություն է կատարվել թեմի բոլոր եկեղեցիներում: Ս. Սարգսի անունը կրող երկու եկեղեցիները բաց էին մինչև ուշ երեկո: 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2025-02-15
×